Բեռլինը հանդես է գալու Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկով՝ ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով։ Նման հայտարարութամբ է հանդես եկել Գերմանիայի արտործնախարար Անալենա Բերբոքը՝ Եվրամիության անդամ-երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից առաջ, որին, ի դեպ, մասնակցել է հանգուցյալ գործչի կինը՝ Յուլիա Նավալնայան։
Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիոջեցների ընդունման դեպքում, այն կդառանա թվով 13-րդը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական օկուպացիոն ուժերի լայնածավալ ներխուժումից ի վեր։
Հայտնի է դարձել, որ Հունգարիան Եվրամիության միակ պետությունն է, որը դեռ հավանություն չի տվել մոտ ռուսաստանյան 200 ընկերությունների և անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը:
Բերբոքը հույս է հայտնել, որ եվրոպական 27 երկրներից բաղկացած դաշինքը շուտով ընդհանուր հայտարարի կգա Պուտինի ղեկավարած Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հարցում:
«Այն դաժանությամբ, որով Ռուսաստանի նախագահը գործում է Ուկրաինայի դեմ, գործում է իր երկրի ազատության դեմ․․․, և Ալեքսեյ Նավալնիի մահը, իհարկե, ոչ միայն շարունակում է մեզ անհանգստացնել, այլև կնախաձեռնենք նոր պատժամիջոցներ»,- հայտարարել է Բերբոքը։
47-ամյա Ալեքսեկ Նավալնին մահացավ փետրվարի 16-ին Ռուսաստանի հյուսիսում գտնվող քրեակատարողական հիմնարկներից մեկում՝ ըստ պաշտոնական տեղեկության, զբոսանքից հետո։ Նվալանին դատապարտված էր մոտ 20 տարվա ազատազրկման:
Մահվան ստույգ պատճառների մասին տակավին հայտնի չէ: «BBC»-ի փոխանցմամբ, Նավալանիի կողմնակիցների ներկայացմամբ, Ռուսաստանի իշխանություններն այսօր տեղեկացրել են Ալեքսեյի Նավալանիի ընտանիքին ու փաստաբաններին, որ գործչի դիակը դեռ երկու շաբաթ էլ չեն փոխանցելու հարազատներին՝ «քիմիական փորձաքննություն անցկացնելու պատճառով»։
Նավալնիի մահից երեք օր անց նրա կինը՝ Յուլիա Նավալնայան, հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, որ շարունակելու է ամուսնու պայքարը հանուն ազատ Ռուսաստանի։
«Ես չպետք է հայտնվեի այս տեսանյութում։ Իմ փոխարեն մեկ այլ անձ պետք է լիներ այստեղ։ Բայց Վլադիմիր Պուտինը սպանել է նրան՝ [այդ մարդուն]»,- ասել է Նավալնիի այրին։
Յուլիա Նավալնայայի խոսքով, Պուտինը ոչ միայն սպանել է Ալեքսեյ Նավալնիին, այլև նպատակ ունի սպանել իրենց հույսը, ազատությունը և ապագան։
Ռուսաստանցի ընդդիմադիր գործչի կինը կոչ է արել չվախենալ և գործել. «Ողջ ընթացքում ես Ալեքսեյի կողքին էի, աջակցում էի նրան և երջանիկ էի։ Բայց այսօր ցանկանում եմ լինել ձեր կողքին։ Պայքարելու եմ մեր երկրի համար։ Կոչ եմ անում կանգնել իմ կողքին»։
Պուտինին դիմադրելու Յուլիա Նավալնայայի կոչը հնչել է Ռուսաստնում կայանալիք նախագահական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, որոնց արդյունքում, քչերն են կասկածում, որ գրեթե քառորդ դար Ռուսաստանը ղեկավարող Պուտինը «իրավունք» կստանա Կրեմում մնալ ևս վեց տարի:
Այս ամենին ֆոնին՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում ոստիկանությունը շարունակում է ջանքեր գործադրել կանխելու մարդկանց բողոքի ակցիաները՝ բերման ենթարկելով տասնյակների։ Սակայն ռուսաստանցիները շարունակում են ծաղիկներ խոնարհել ու մոմեր վառել Ալեքսեյ Նավալնիի հիշատակին։
Միացյալ Նահանգները, Կանադան, Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցներ Նավալնիի մահվան պատասխանատու են հայտարարել Ռուսաստանի իշխանություններին և անձամբ՝ նախագահ Վլադիմիր Պուտինին։