Մինչ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում են ներգաղթին վերաբերող օրենսդրությունը խստացնելու տարբերակները՝ Նյու Յորքի իշխանությունները ձգտում են թեթևացնել 2022 թվականի գարնանից քաղաքում ապաստանած շուրջ 175 հազար միգրանտների հոգսը:
Չնայած մի կողմից տեղի իշխանությունները ձենամուխ են եղել միգրանտների համար սահմանված պայմանների խստացմանը, օրինակ՝ հատուկ կացարաններում ապաստանելու ժամանակի կրճատմանը և ավտոբուսներից օգտվելու սահմանափակմանը, սակայն վերջերս քաղաքապետարանը հայտարարեց, թե ներգաղթյալներին կտրամադրվեն հազար ԱՄՆ դոլարին համարժեք քարտեր՝ սննդամթերք գնելու համար, և կբացվեն շուրջ 4 հազար լրացուցիչ աշխատատեղեր՝ նոր ժամանած միգրանտների համար:
«Նրանք մեզ մեծապես օգնում են: Ուտելիք են տալիս, ձմռան հագուստ։ Հնարավորություն են տալիս, որ մեր երեխաները սովորեն դպրոցում։ Մեզ մեծ օգնություն են ցուցաբերում Նյու Յորքում»,- ասում է Վենեսուելայից ներգաղթած Անխել Տորեսը։
«Այստեղ շատ լավ մարդիկ կան։ Մարդիկ, ովքեր մեզ օգնում են։ Նույնիսկ ցուցաբերում են այնպիսի օգնություն, որը մեր երկրում չկա»,- պատմում է Էկվադորից եկած Էվելինը։
Սակայն այս ամենի արդյունքում միգրանտների դրական փորձն է, որ ստացել են ԱՄՆ-ում և կիսվում են հայրենաիցների հետ՝ խրախուսելով նրանց գալ Նյու Յորք։ Այնինչ, քաղաքապետը լուծումներ է պահանջում ԱՄՆ Կոնգրեսից՝ պնդելով, թե խնդիրն այլևս վեր է քաղաքի ուժերից ու լիազորություններից:
«Սա համապետական խնդիր է։ Չիկագո, Բոստոն, Հյուսթոն, Վաշինգտոն: Դաշնային իշխանությունը պետք է լուծում տա մեր առջև ծառացած մարտահրավերներին։ Տեսնում ենք, թե ինչի է հանգեցնում այս հարցում ձախողված պետական քաղաքականությունը։ Երբ խոսում եմ այլ քաղաքների իմ գործընկերների հետ, նույնն են ասում»,- նշում է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը:
Չնայած Կոնգրեսում դեմոկրատների ու հանրապետականների ջանքերին, տեսակետ կա, որ հանրապետականներն, այուամենայնիվ, խոչընդոտում են ներգաղթի մասին օրինագծի ընդունմանը:
«[Նախկին նախագահ] Դոնալդ Թրամփը հանրապետականներին կարգադրել է լուծումներ չփնտրել սահմանին առկա մարտահրավերներին, այլ՝ շարունակել քաղաքական խաղերը, քանի որ նրանք ցանկանում են սահմանին տիրող իրավիճակը օգտագործել նոյեմբերին։ Բայց այն կունենա հակառակ արդյունք»,- վստահեցնում է դեմոկրատ կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիսը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան փոքրամասնության ղեկավարը:
Հանրապետականները հակադարձում են՝ մեղադրելով ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին, թե նա ուներ գրեթե չորս տարի՝ լուծումներ գտնելու համար:
«Ջո Բայդենը լիովին ձախողել է նախագահի ամենից կարևոր պարտականություններից մեկը՝ չի կարողացել պաշտպանել մեր սահմանները և պաշտպանել մեր ժողովրդին։ Նրա անհաջողությունների պատճառով երկրի նահանգապետները ստիպված են քայլեր ձեռնարկել և կատարել դաշնային իշխանության աշխատանքը, քանի որ վերջիններս այն պարզապես չեն անում»,- նշում է Արկանզասի նահանգապետ, հանրապետական Սառա Հաքաբին:
Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Էրին Կորկորանի խոսքով, ակնհայտ է, որ ներգաղթի մասին օրենսդրության ընդունումը Կոնգրեսում ձգձգվում է քաղաքական պատճառներով:
«Կարծում եմ, այն լուրջ խնդիր է լինելու նախընտրական փուլում, այդ իսկ պատճառով կան դրդապատճառներ՝ փոխզիջման չգնալու համար, քանի որ եթե օրինագիծն ընդունվի ու օրենքն ինչ-որ կերպ ուժի մեջ մտնի, ապա այս հարցերից մի քանիսը դուրս կգան օրակարգից»,- ասում է Կորկորան։
Մինչ օրենսդիրները փորձում են ներգաղթի խնդիրը հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին՝ միլիոնավոր միգրանտների ճակատագիրը մնում է անորոշ՝ առնվազն մինչև նոյեմբեր: