Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատում տապալվել է անվտանգության վերաբերյալ 118 միլիարդանոց երկկուսակցական նախագծի վավերացումը


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

60 միլիարդ դոլար Ուկրաինայի, ավելի քան 14 միլիարդ Իսրայելի համար նախատեսող և ԱՄՆ սահմանային անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկուսակացական՝ դեմոկրատների ու հանրապետականների հայտնի օրինագիծը, որով նախատեսված ընդհանուր գումարը կազմում էր 118 միլիարդ դոլար, Սենատում տապալվեց։

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի հավանությունը ստանալու համար այն պետք է հավաքեր առնվազն 60 սենատորների ձայներ, սակայն կողմ էին միայն 49-ը, դեմ՝ 50:

Քվեարկությունից առաջ հարցի վերաբերյալ խոսել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը․ «Ամերիկյան ժողովուրդը ցանկանում է լուծում, որը վերջ կդնի դատարկ քաղաքական հռետորաբանությանը, որն այսքան ժամանակ ապարդյուն է անցել: Պետք է տեղ հասցնենք ռեսուրսները, որպեսզի գործն ավարտվի»:

Բայդենն, ինչպես հայտնի է, կողմ էր օրինագծին, որի շուրջ բանակցություններն ԱՄՆ Սենատում չորս ամիս տևեցին, քանի որ Կիևին ցուցաբերվող օգնության դիմաց հանրապետականները պահաջում էին խստացնել ԱՄՆ ներգաղթի համակարգը:

«Կոնգրեսի այն հանրապետականները, ովքեր կարծում են, որ կարող են դեմ լինել Ուկրաինայի ֆինանսավորմանը և պատասխանատվության չենթարկվել, կմնան պատմության մեջ»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը:

Մինչ քվեարկությունը Սենատի հանրապետականներից շատերն պնդում էին, որ սեղանին դրված օրինագիծը ևս չի լուծում երկրի սահմանների հետ կապված իրենց մտահոգությունները:

Ահա, թե ինչ էր ասում հանրապետական սենատոր Մայք Լին. «[Օրինագծի մեջ] պետք է ներառեինք սահմանային անվտանգության վիճակը որոշող չափանիշներ, որպեսզի Ուկրաինային օգնության տրամադրումը կապված լիներ այդ չափանիշների հետ»:

Անգամ եթե օրինագիծը անցներ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, փաստաթղթին անորոշ ապագա էր սպասվում օրենսդիր մարմնի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը, որի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել էր․ «Մեզ ուղարկել են լրացուցիչ ֆինանսավորման առաջարկ, ուր կան ներգաղթի հետ կապված բարեփոխումներ, բայց բացակայում է սահմանի անվտանգությանը վերաբերող իրական բարեփոխումը: Նրանք չեն կատարել երկրի պահանջները»։

Այս ամենի ֆոնին դեմոկրատ սեմտարոները կարծիք էին հայտնում, որ հանրապետականների նման դիրքորոշումը պայմանավորված է նախընըտրական գործընթացով։

«Նախագահ Թրամփը հստակ հասկացրեց, որ չի ցանկանում սահմանի հետ կապված որևէ երկկուսակցական լուծում։ Նա ցանկանում է, որ սահմանին իրավիճակը մնա քաոսային, քանի որ կարծում է, որ նման վիճակը օգնում է իրեն քաղաքական առումով»,- ասել էր դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին:

Մյուս կողմից, Ներկայացուցիչների տանն է տապալվել է Իսրայելին օգնություն ցուցաբերող առանձին օրինագծի ընդունումը, քանի որ ստորին պալատի դեմոկրատների համաձայն, Թել Ավիվին ցուցաբերվող աջակցությունը պետք է կապվի Ուկրաինայի օգնության և ԱՄՆ սահմանային անվտանգության ֆինանսավորման հետ:

XS
SM
MD
LG