Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը «ABC»-ի եթերում զգուշացրել է՝ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի կողմից անցած շաբաթ օրը Եմենում հութիներին պատկանող 36 օբյեկտները խոցելուց հետո էլ, չի կարելի բացառել հութիների կամ Իրանի աջակցությունը վայելող այլ խմբավորումների նոր հարձակումները Մերձավոր Արևելքում:
«Հարվածների թիրախում էին Իրաքում և Սիրիայում գործող իրանամետ խմբավորումները, որոնք գրոհում են մեր ուժերը, և հութիները, որոնք շարունակում են սպառնալ Կարմիր ծովով անցնող նավագնացությանը։ [Մեր նպատակն է] նրանց կարողությունները թուլացնել, և կարծում ենք, որ [մեր գործողությունները] լուրջ ազդեցություն են ունեցել: Կշարունակենք գործել՝ ըստ անհրաժեշտության»,- հավելել է Սալիվանը:
Սակայն հութիները խոստացել են շարունակել իրենց գրոհները՝ իբրև պատասխան Գազայում իսրայելական ռազմուժի գործողություններին:
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, շրջանում զոհված պաղեստինցիների թիվը անցել է 27 հազարը, վիրավորվել են՝ 66 հազար հոգի:
«Ագրեսիայի, շրջափակման, ցեղասպանության և Գազայի մեր եղբայրներին դեղորայք հասցնելու արգելքի ականտեսն ենք: Եմենի քաղաքացիները, ցեղերը, մարդիկ պատրաստ են դիմակայել այդ ագրեսիային և անել հնարավորն [այդ ուղղությամբ]»,- ասել է Եմենի պետնախարար Նաբիլ Մոհսեն Աբու Նաշտանը:
Ի պատասխան անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» ձեռնարկած հարձակման, ինչի հետևանքով սպանվեցին մոտ 1 200 իսրայելցիներ, ևս 240-ը պատանդառվեցին՝ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում։ Կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, թե «Համասի» 24 գումարտակներից ցայսօր ոչնչացվել է 17-ը։
«Մնացած գումարտակների մեծ մասը հարավային Գազայի հատվածում են և Ռաֆահում։ Մենք «հոգ կտանենք» նաև նրանց մասին»,- ասել է Նեթանյահուն:
Զուգահեռաբար՝ ԱՄՆ-ն շարունակում է հակամարտության հանգուցալուծմանն ուղղված իր դիվանագիտական ջանքերը: Մշակվում է Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման դիմաց երկարատև զինադադարի և պատանդներին ազատ արձակելու մի գործարք:
«[ԱՄՆ] նախագահը զրուցել է Կատարի ու Եգիպտոսի առաջնորդների հետ։ [Այդ] երկու երկրները ներգրավված են այս գործարքի շուրջ տարվող աշխատանքներում: Մշտական կապի մեջ ենք իսրայելցի մեր գործընկերների հետ։ «Համասը» պետք է պատրաստ լինի «այո» ասել այն պայմանավորվածությանը, որը պատանդներին տուն կբերի»,- ասել է Սալիվանը:
Ջեյք Սալիվանը նաև ընդգծել է, որ գործարքը մոտ ապագայի հարց չէ, և չի կարող ասել, թե երբ այն կկայացվի:
Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի այս հայտարարությունը հնչել է անցած ուրբաթ ՄԱԿ-ի կողմից արված նախազգուշացումից հետո, թե Ռաֆահի սահմանային շրջանը վերածվում է տեղահանված պաղեստինցիներով լի «ճնշման ներքո գտնվող կաթսայի»: