Մատչելի հղումներ

Իսրայելը մեղադրել է պաղեստինցիներին օգնություն ցուցաբերող ՄԱԿ-ի գործակալության աշխատակիցներին «Համասին» աջակցելու մեջ


Պաղեստինում գործող ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալություն (UNRWA)
Պաղեստինում գործող ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալություն (UNRWA)

Երեքշաբթի իսրայելական ուժերը պաղեստինցի երեք զինյալների են սպանել Հորդանան գետի՝ օկուպացված Արևմտյան ափի հիվանդանոցներից մեկում՝ Ջենինի «Իբն Սինա» բուժհաստատությունում: Իսրայելական կողմի ներկայացմամբ, սպանվածերից մեկը «Համասի» անդամներից էր, ով նոր գրոհ էր ծրագրում հրեական պետության դեմ

Պաղեստինցի առողջապահության նախարարությունը տեղի ունեցածն անվանել է մարդկանց գնդակահարություն։ Հիվանդանոցի տեսախցիկների նկարահանածը ցույց է տալիս, թե քաղաքացիական, բժշկական հագուստ և զինված մոտ մեկ տասնյակ անձինք ինչպես են տեղաշարժվում բուժհաստատության միջանցքներով:

«Reuters»-ի ներկայացմամբ, տեսանյութում պատկերված հիվանդանոցի ցուցանակները, դռները, պատերի գույնն ու դիզայնը վկայում են, որ նկարահանումը կատարվել է «Իբն Սինայում»:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային կառույցներին ճնշում գործադրել Իսրայելի նկատմաբ՝ վերջ տալու բուժհաստատությունների թիրախավորումը: Իր հերթին, Թել Ավիվը մեղադրում է «Համասին»՝ հիվանդանոցներում և դրանց ներքո գտնվող թունելներում զենք-զինամթերք թաքցնելու և քաղաքացիական անձանց որպես վահան օգտագործելու մեջ:

Իսրայելական կողմի փոխանցմամբ, սպանվածներից մեկը՝ Մուհամմեդ Ջալամնեն կապեր ուներ «Համասի» հետ և նոր գրոհ էր ծրագրում հրեական պետության դեմ:

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակեպություն:

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի Արևմտյան ափին մոտ 370 մարդ է սպանվել իսրայելական ուժերի կրակի պատճառով, իսկ Գազայի հատվածում, ըստ տեղի առողջապահության նախարարության, զոհված պաղեստինցիների թիվը անցել է 26․700-ը։ Ավերակների վերածված Գազայի հատվածում նաև տեղահանվել է բնակչության գրեթե 85%-ը:

Երեքշաբթի իսրայելական տազմուժը շարունակել է իր գրոհները Գազայում, թիրախավորելով նաև Խան Յունիսի շրջանը: Ավիահարվածներ են հասցվել Գազայի կենտրոնական հատվածին, որտեղից երկուշաբթի հրթիռակոծվել էր Իսրայելի կենտրոնական շրջանը:

«Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիյան երեքշաբթի հայտարարել է, որ խմբավորումը ստացել է հրադադար հաստատելու առաջարկ, ըստ որի պետք է վեց շաբաթ դադարեցվեն մարտերը և ազատ արձակվեն «Համասի» մոտ պահվող պատանդները՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատության դիմաց:

Հանիյայի խոսքով, «Համասը» կուսումնասիրի առաջարկը, նաև՝ ինքը կայցելի Կահիրե՝ քննարկելու այն: Իսմայիլ Հանիյան, սակայն, վերահաստատել է խմբավորման պահանջը՝ հաստատել մշտական հրադադար և Գազայից դուրս բերել իսրայելական զորքերը:

«Առաջնահերթությունը Գազայի նկատմամբ ագրեսիայի դադարեցումն է և օկուպացիոն ուժերի ամբողջական դուրսբերումը»,- հայտարարել է Հանիյան՝ շարունակելով, թե «Համասը» ձգտում է վերականգնել Գազայի հատվածը, որի մեծ մասը, ինչպես հայտնի է, ավերվել է անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած իսրայելական հակահարձակման ժամանակ: «Համասի» նպատակներից է նաև վերացնել Գազայի հատվածի երկարամյա իսրայելական շրջափակումը և հասնել Իսրայելում՝ ճաղերի հետևում գտնվող բազմաթիվ պաղեստինցիների ազատ արձակմանը:

Զուգահեռաբար, դիտորդների խոսքով, Փարիզում՝ ԱՄՆ, Իսրայելի, Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում, կարծես, ուրվագծվում է մերձավորարևելյան հակամարտությունը կարգավորող նոր համաձայնագիրը:

Անդրադառնալով պատանդների հարցին՝ հիշեցնենք, որ ավելի քան 100 հոգի ազատ են արձակվել անցած տարվա նոյեմբերի վերջին հաստատված մեկշաբաթյա հրադադարի և Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների ազատության դիմաց: Ենթադրվում է, որ «Համասի» ձեռքին են ևս մոտ 100 պատանդներ:

Շուրջ երկու տսնյակ մարդասիրական միջազգային կազմակերպություններ իրենց աջակցություն են հայտնել Պաղեստինում գործող ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալությանը (UNRWA), քանի որ մի քանի խոշոր դոնոր-երկրներ դադարեցրել են վերջինիս ֆինանսավորումը Իսրայելի մեղադրանքներից հետո, թե գործակալության տասնյակ աշխատակիցներ ներգրավված են եղել հրեական պետության դեմ հոկտեմբերի 7-ին «Համասի» իրականացրած գրոհին:

«Բնակչությունը կանգնած է սովի և համաճարակի բռնկման շեմին՝ Իսրայելի շարունակվող ռմբակոծությունների և Գազան օգնությունից կանխամտածված զրկելու պատճառով»,- ասված է նրանց հայտարարությունում:

Հայտարարությունը ստորագրել են այդ թվում «Save the Children», «ActionAid» «Oxfam»-ը և «American Friends Service Committee» կազմակերպությունները ու Նորվեգիայի փախստականների խորհուրդը:

Մի քանի երկրներ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, որն, օրինակ, ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալության գլխավոր ֆինասավորողն է, հայտարարել են, թե դադարեցնում են գործակալության ֆինանսավորումը՝ մինչ հետաքննության ավարտը:

«Այս որոշումները սպառնում են ողջ տարածաշրջանում, հատկապես՝ Գազայի հատվածում [իրականացվող] մեր շարունակական մարդասիրական աշխատանքին», - նշված է ՄԱԿ-ի այդ գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինիի հայտարարությունում:

ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալության միայն Գազայի գրասենյակում աշխատում է շուրջ 13 հազար մարդ, հիմնականում՝ պաղեստինցիներ: Նրանք շարունակում են աշխատել հոկտեմբերի 7-ից հետո՝ օգնություն հացնելով մոտ 2 միլիոն տեղահանված պաղեստինցիների: Գործակալության ավելի քան 150 աշխատակիցներ զոհվել են ռազմական գործողությունների ժամանակ:

Ի պատասխան Իսրայելի մեղադրանքներին՝ գործակալությունը աշխատանքից ազատել է հոկտեմբերի 7-ի հարձակման մեջ կասկածվող ինը աշխատակցի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է՝ Պաղեստինում գործող ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալության ֆինանսավորման դադարեցման դեպքում՝ նկատելիորեն կկրճատվի Գազայում գտնվող ավելի քան 2 միլիոն պաղեստինցիներին ցուցաբերվող օգնությունը:

Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նախատեսում է երեքշաբթի հանդիպել խոշոր դոնորներին: Մինչ այդ՝ երկուշաբթի Գուտերեշը զրուցել է Հորդանանի թագավոր Աբդալահի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ: Նաև հանդիպել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին և զրուցել ՄԱԿ-ի ներքին վերահսկողության ծառայության գրասենյակի ղեկավարի հետ:

Իսրայելը քննադատել է Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալության ֆինանսավորումը վերականգնելու նրա կոչերի համար։ ՄԱԿ-ում հրեական պետության դեսպան Գիլադ Էրդանի խոսքով, Գուտերեշը «ևս մեկ անգամ ապացուցեց, որ Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն իր համար, իրոք, կարևոր չէ»:

Իսրայելի կողմից գործակալության քննադատությունը տարիների պատմություն ունի, այն հիմնավորմամբ, թե ՄԱԿ-ի այդ կառույցի աջակցությունը վայելող պաղեստինյան դպրոցներն օգտագործվել են «Համասի» կողմից՝ ահաբեկչական գործողությունների իրականացման համար, և որ այդտեղ դասավանդում են հակաիսրայելական ուսումնական ծրագրեր: 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո, իսրայելցի պաշտոնյաները մեղադրել են գործակալության որոշ աշխատակիցների սոցցանցերում հարձակումները գովերգելու մեջ:

ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալությունը տարաբնույթ օժանդակություն, այդ թվում՝ բժշկական օգնություն, կրթություն է ապահովում պաղեստինցի բազմաթիվ ընտանիքներին, ովքեր փախել կամ վտարվել են ներկայիս Իսրայելի տարածքից 1948 թվականից ի վեր: Այդ պաղեստինցիներն ու նրանց ժառանգներն այժմ բնակվում են Գազայում, Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափին, Հորդանանում, Լիբանանում և Սիրիայում գործող ճամբարներում:

Սույն հրապարակման պատրաստման գործում իր մասնակցությոնն ունի ՄԱԿ-ում «Ամերիկայի ձայնի» թղթակից Մարգարեթ Բեշերը։ Օգտագործվել են նաև «Associated Press»-ի, «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի հրապարակումները

XS
SM
MD
LG