Սպիտակ տունը ճնշման ներքո է այն բանից հետո, երբ կիրակի Հորդանանում անօդաչուի հարձակումը պատճառ հանդիսացավ ամերիկացի երեք զինվորականների զոհվելուն: Վաշինգտոնը մեղադրում է Իրանի աջակցությունը վայելող խմբերին, որոնք գործում են Սիրիայում և Իրաքում:
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների փոխանցմամբ, հարձակման հետևում Իրանն է, սակայն նույն անձինք հրաժարվում են մանրամասներ ներկայացնել։ Հայտնի չէ նաև, թե ինչ է ձեռնարկելու Վաշինգտոնը:
«Ինչպես երեկ ասացինք, կարձագանքենք: Այդ կանենք մեր նախընտրած ժամանակ, և [ԱՄՆ] նախագահի նախընտրած ձևով: Կանենք այն գիտակցությամբ, որ Թեհրանի աջակցությունը վայելող խմբերը վերջերս խլել են ամերիկացի զինվորականների կյանքեր»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Սակայն, Քիրբին ընդգծել է՝ Վաշինգտոնը դեմ է Իրանի հետ ուղղակի առճակատմանը:
«Իրանի հետ պատերազմ չենք փնտրում: Չենք ձգտում ռազմական բախման [իրանական] ռեժիմի հետ»,- ընդգծել է Քիրբին։
Պաշտոնական Թեհրանը երկուշաբթի հերքել է իր առնչությունը տեղի ունեցածին:
«Չենք ձգտում լարվածության, նույնիսկ՝ Ամերիկայի հետ, տարածաշրջանում կամ դրա սահմաններից դուրս: Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատում է, որ միջազգային և տարածաշրջանային վեճերը [հնարավոր է կարգավորել] քաղաքական ճանապարհով»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին:
Իր մտահոգությունն է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․ «Տեսնում ենք, որ Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը: Իրանը պատասխանատվություն է կրում նաև Կարմիր ծովում նավերը գրոհող ահաբեկիչներին աջակցելու համար: Թեհրանի վարքագիծը ի ցույց է դնում, թե ինչ տեսք ունի աշխարհն առանց կանոնների՝ անկանխատեսելի ու վտանգավոր։ Աշխարհ, որտեղ մեր անվտանգության համար բարձր գին ենք վճարելու»:
Դիտորդները կասկածից վեր են համարում, որ Հորդանանում ամերիկյան ուժերին հասցված հարվածը հարկ է դիտարկել Գազայում շարունակվող ռազմական գործողությունների ներքո:
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը՝ կանխել տարածաշրջանում լարվածության աճը, ձախողվել է»,- կարծիք է հայտնում ԿՀՎ-ի նախկին ներկայացուցիչ Բեռնարդ Հադսոնը:
Հորդանանի մայրաքաղաքում այն մտքին են, թե ամերիկյան ուժերի դեմ նման գրոհը նոր փուլ է մերձավորարևելյան հակամարտությունում:
«Այս հարձակումը [մերձավորարևելյան] հակամարտությունը նոր հարթություն է տեղափոխում։ Հորդանանում ամերիկյան զորքերին թիրախավորելը նշանակում է, որ [հակամարտությունը] Սիրիայից ընդլայնվել է Իրաք, իսկ այժմ՝ Հորդանան»,- նշում է քաղաքական վերլուծաբան Ամեր Սաբաիլեն:
Ինչրևէ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն, ինչպես հայտնի է, ընդգծել է պատասխան հարված հասցելու Վաշինգտոնի վճռանակությունը․ «Մեր հենակետերից մեկի վրա հարձակման հետևանքով կորցրել ենք երեք քաջարի զինվորականների։ Խնդրում եմ, մեկ րոպե լռությամբ հարգենք մեր երեք զոհված զինծառայողների հիշատակը: Մենք կպատասխանենք»: