Սիրիայից գաղթած Նիդալ Խալիլը մոտ 30 տարի վիճակախաղի տոմս է վաճառում Կալիֆորնիայում գտնվող սննդամթերքի իր խանութում: Ինքն երբեք չի շահել, բայց մի օր իր հաճախորդներից մեկի գնած տոմսը տիրոջը պարգևեց 1,75 միլիարդ դոլար:
«[Խանութի] աշխատակիցը զանգահարեց և ասաց. «Մենք վաճառել ենք ջեքփոթը»: Սկզբում չէի հավատում։ Հետո՝ մտա «Facebook»․․․ բոլորը խոսում էին այդ մասին: Մենք, իրոք, վաճառել էինք շահող տոմսը՝ ջեքփոթը»,- ասում է Խալիլը։
Թեև հանրությունը տակավին անտեղյակ է, թե ով է հոկտեմբեր ամսվա հաղթողը, սակայն հայտնի է, որ Խալիլն ու նրա եղբայրը «California Lottery»-ից որպես պարգևավճար կստանան մեկ միլիոն դոլար՝ շահած տոմսը վաճառելու համար։
Խալիլը հուսով է, որ «Powerball»-ի հաղթողը Լոս Անջելեսից 120 կիլոմետր հյուսիս գտնվող Ֆրեյզեր Փարք համայնքի բնակիչներից է՝ իրենց մշտական հաճախորդներից։ Գրեթե երեսուն տարի՝ 1994 թվականից սիրիացի եղբայրները այդ համայնքում խանութ ունեն՝ «Midway Market & Liquor»-ը:
Հաճախորդներից Վալ Էվանսն ասում է, որ հաղթողը ինքը չէ․ «Այդ օրը չկանգնեցի խանութի մոտ ու վիճակախաղի տոմս չգնեցի։ Կանգնեցինք բենզին լցնելու համար, և չկարողացա տոմս գնել։ Լավ բան չեղավ»:
Ներգաղթյալ եղբայների մեկ այլ հաճախորդ Ալան Ուորենը չի բացառում, որ «Midway Market»-ից օգտվողների բախտը կարող է ևս մեկ անգամ բերել․ «Հույս ունեմ։ Հուսամ՝ տոմսերը, որոնք նոր գնեցի, կշահեն»։
Խալիլն պատմում է, որ ինքն ու եղբայրը շատ են աշխատել փոքր բիզնեսի տեր դառնալու համար․ «Վիճակախաղի հարցում պետք է բախտ ունենալ, որ վաճառես նման տոմս կամ շահես: Բայց կյանքում, հենց այնպես չեք կարող հաջողել։ Պետք է շատ աշխատել»։
Մտադիր է ստացած գումարով օգնել որդիներին․ «Հարկեր պետք է վճարենք։ Սկզբում կառավարությունը վերցնում է իր բաժինը։ Մնացած գումարը կուղղեմ քոլեջի ֆոնդ՝ իմ երկու երեխաների կրթության համար»։
Նիդալ Խալիլի խանութից գնված տոմսի շահույթը իր մեծությամբ երկրորդն է «Powerball» վիճակախաղի պատմության ընթացքում: Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ 2022 թվականի շահույթը՝ երկու միլիարդ դոլար, որի տոմսը գնել էին Կալիֆորնիայի Ալտադենա շրջանի բենզալցակայաններից մեկում, որն, ի դեպ, նույնպես պատկանում էր սիրիացի ներգաղթյալի։