Մատչելի հղումներ

Իսրայելական ռազմուժը Սիրիայում չեզոքացրել է իրանցի բարձրաստիճան զինվորականի


Սայեդ Ռազի Մուսավի
Սայեդ Ռազի Մուսավի

Իսրայելի ավիահարվածի հետևանքով Դամասկոսի մերձակայքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ խորհրդականը:

Երկուշաբթի Դամասկոսի մերձակայքում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ խորհրդականը՝ հայտնել են Իսրայելի անվտանգության մարմինների երեք աղբյուրներ, նաև՝ իրանական պետական լրատվամիջոցները:

Սայեդ Ռազի Մուսավի անունով հայտնի բրիգադի գեներալը պատասխանատու էր Սիրիայի և Իրանի միջև ռազմական դաշինքի համակարգման համար:

Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել է մեկնաբանել գործողությունը՝ փոխանցելով, որ «իսրայելցի զինվորականների խնդիրն է պաշտպանել Իսրայելի անվտանգության շահերը»:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Մուսավիի սպանությունը ցույց է տալիս Իսրայելի թուլությունը․ «Այս արարքը ցույց է տալիս սիոնիստական ռեժիմի թուլությունը, և տեղի ունեցածի համար նա անպայման կհատուցի»։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին պետական լրատվամիջոցներին ասել է, որ ի պատասխան այդ գործողության՝ Իրանն իրեն «իրավունք է վերապահում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ճիշտ ժամանակին և վայրում»։

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը նույնպես արձագանքել է Մուսավիի սպանությանը` այն անվանելով «վախկոտ արարք»:

Տարիներ է, ինչ իսրայելական ուժերը թիրախավորում են Սիրիայում իրանական օբյեկտները, Թեհրանի ներկայացուցիչներին։ Հատկապես 2011 թվականից՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր, արաբական այդ երկրում աճել է Թեհրանի ազդեցությունը, երբ Իրանը, որոշեց աջակցել նախագահ Բաշար ալ-Ասադին:

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին Իրանը հայտարարել էր, որ իսրայելական հարվածների հետևանքով Սիրիայում սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու ներկայացուցիչներ, ովքեր Դամասկոսում էին որպես ռազմական խորհրդատուներ:

Հայտնի է, որ Իրանը հարյուրավոր զինվորականներ է ուղարկել Սիրիա՝ որպես «խորհրդականներ», որոնք տեղում մարզում են Իրաքից, Աֆղանստանից և Պակիստանից ժամանած հազարավոր շիա զինյալների՝ ի աջակցություն Ալ-Ասադի կառավարության:

Իրանցի ռազմական խորհրդատռուների հետ սերտորեն համագործակցում են նաև հարևան Լիբանանի «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները:

XS
SM
MD
LG