Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին այժմ պահվում է հեռավոր հյուսիսում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին հարող Յամալո-Նենեցական ինքնավար շրջանի Խառպ բնակավայրում գտնվող «Բևեռային գայլ» անվամբ ուղղիչ-աշխատանքային գաղութում։
Հիշեցնենք, Նավալնիի հետ կապը կորսված էր ավելի քան երկու շաբաթ։
Ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի խոսքով, գաղութը Մոսկվայից մոտ 1 900 կիլոմետր հեռավորության վրա է։
Յարմիշը հավելել է, Նավալնիի փաստաբանը երկուշաբթի կարողացել է տեսնել նրան։
«Ալեքսեյը լավ է»,- ընդգծել է խոսնակը։
Նախորդ օրերին Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները, համակիրները անհանգիստ էին՝ դեկտեմբերի 6-ից ի վեր չէին կարողացել տեսնել նրան, լուր ստանալ նրա մասին, թեև նախապես գիտեին, որ ընդդիմադիր գործչին պատրաստում են տեղափոխել «հատուկ ռեժիմի» գաղութ։ Նավալնիի ճակատագրի մասին ահազանգը ստացել էր միջազգային բնույթ։
«Շնորհակալ ենք մեր աջակիցներին, ակտիվիստներին, լրագրողներին և լրատվամիջոցներին, ովքեր մտահոգ են Ալեքսեյի ճակատագրով և չեն դադարում գրել այս մասին գրել», - ասել է Նավալնիի փաստաբան Իվան Ժդանովը։
«Բևեռային գայլը» համարվում է Ռուսաստանի ամենախիստ ռեժիմն ունեցող անազատության վայրերից մեկը։ Տեղի բանտարկյալների մեծ մասը դատապարտված է ծանր հանցագործությունների համար։ Այդ հատվածում ձմեռները խստաշունչ են․ օրինակ, սպասվում է, որ գալիք շաբաթ օդի ջերմաստիճանը կիջնի մինչև մինուս 28 աստիճան ըստ Ցելսիուսի: