Մատչելի հղումներ

Իշխանություններն անբավարար են արձագանքում Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված ռուսական հեռուստաալիքների գործունեությանը․ Նավասարդյան


Ռուսաստանյան հեռուստաալիք
Ռուսաստանյան հեռուստաալիք

Հայ-ռուսական սրված հարաբերություններում առանձին խնդիր է Հայաստանում ռուսաստանյան հեռուիստաալիքների գործունեության հարցը, որոնք տևական ժամանակ է կեղծիք, վիրավորանք ու սպառնալիք են սփռում հանրապետության դեմ՝ հեռարձակվելով հայաստանյան հանրային մուլտիպլեքսով՝ հայաստանցի հարկատուների հաշվին։

Հայաստանի իշխանություններն անբավարար քայլեր են ձեռնարկում՝ արձագանքելու երկրի տեղեկատվական անվտանգության ու ինքնիշխանության դեմ ուղղված ռուսաստանյան հեռուստաալիքների հայտնի գործունեությանը։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը` ընդգծելով` հանրահայտ է, թե ինչ վնաս են հասցնում Հայաստանի հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսաստանյան հեռուստաալիքները` հատկապես վերջին շրջանում շարունակաբար սփռելով սպառնալից, վիրավորական և հայաստանյան օրենսդրությունը կոպիտ կերպով խախտող բովանդակություն հանրապետության, երկրի ինստիտուտների և հայաստանցիների հասցեին։

«Նվազագույն և անմիջական քայլը, որ պետք է լինի՝ ելնելով այն իրողությունից, որ ամեն դեպքում գոյություն ունի միջկառավարական համաձայնագիր, դա այն է, որ հայաստանյան հանրային մուլտիպլեքսում հեռարձկվող ռուսական հեռուստաալքիներում չլինի այն բովանդակությունը, որը անթույլատրելի է մեր տեղեկատվական ինքնիշխանության տեսակետից։ Այսինքն, նույն հեռուստաալքիները, որոնք հեռարձակվում են, պետք է չպարունակեն՝ Հայաստանում տարածվող փաթեթում, այնպիսի հաղորդումներ, որտեղ կան այն խախտումները, որոնց մասին ես խոսում եմ։ Բայց սկզբունքային լուծումը պետք է լինի այն, որ, ընդհանրապես, եթե խոսքը գնում է Հայաստանի հանրային մուլտիպլեքսի մասին, ապա այնտեղ որևէ օտարերկրյա հեռուստաալիք չպետք է հեռարձակվի»,- ասում է Նավասարդյանը։

Մասնավորապես, ամռան վերջից` Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմուժի կենտրոնացմանը զուգահեռ, ռուսաստանյան լրատվամիջոցները, բայց նախևառաջ` պետական վերահսկողության ներքո գտնվող հեռուստաալիքները ավելի ինտենսիվ շարունակեցին հարձակումները Հայաստանի դեմ` տարածելով կեղծիք, վիրավորանք ու սպառնալիք։

Սակայն Հայաստանի իշխանությունները որոշեցին արձագանքել միայն այն բանից հետո, երբ այս հոկտեմբերի 23-ին ռուսաստանյան, թերևս, ամենից ազդեցիկ հեռուստաալիքի` «Первый канал»-ի երեկոյան եթերում գրեթե մեկ ժամ նվիրեցին` թիրախավորելու Հայաստանը, երկրի իշխանություններին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նրան մեղադրելով «Լեռնային Ղարաբաղը հանձնելու» մեջ։

Ընդ որում, ըստ «Первый канал»-ի, Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը իբր անչափ գոհ էր և շնորհակալ ռուս խաղաղապահների գործունեությունից` սեպտեմբերին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ժամանակ, որոնց ընթացքում ռուս զինվորականները օգնել են բազմաթիվ հայերի տարհանվել։ Կրեմլի վերահսկողության ներքո գտնվող հեռուստաալիքը, իհարկե, ոչինչ չասաց այն մասին, որ այդ արյունահեղության ժամանակ ռուսական խաղաղապահ զորախումբը պարզապես մի կողմ քաշվեց, թեև Պուտինի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված եռակողմ զինադադարի համաձայն, այն Լեռնային Ղարաբաղում էր՝ հենց ռազմական գործողությունները կանխելու առաքելությամբ։

2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ նույն տարվա դեկտեմբերին, Կրեմլը, փաստորեն, հասավ նրան, որ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունները յոթ տարի ժամկետով ստորագրեցին «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի համաձայն էլ ռուսաստանյան հեռուստաալիքները հնարավորություն ստացան հեռարձակվել հայաստանյան հանրային մուլտիպլեքսով, այսինքն՝ հայաստանցի հարկատուների հաշվին։

Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը պետք է հեռարձակման հնարավորություն ունենա Ռուսաստանի ողջ տարածքում։ Անցել է երեք տարի՝ համաձայնագրի ժամկետի գրեթե կեսը, սակայն հայկական կողմի համար ձեռնտու միակ կետը՝ Հայաստանի հանրայինի հեռարձակումը, Ռուսաստանում, այդպես էլ մնացել է թղթի վրա՝ այս հարցում Երևանի լռության պայմաններում։

Հաջորդ խնդիրը հայտնի դարձավ համեմատաբար վերջերս․ ռուսական կողմը տարիներ շարունակ չի վավերացրել համաձայնագիրը։

«Համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին՝ օրը չեմ հիշում։ Այսինքն, ձեր ասած կոնսուլտացիաների համար դեռ ժամանակ չի եղել, քանի որ նախկինում ինքը դեռ վավերացված չի եղել ռուսական կողմից»,- այս հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ռոբերտ Խաչատրյանը։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էին ռուսաստանյան հեռուստաալիքները՝ «РТР-Планета»-ն, «Первый канал»-ը և «Россия-К»-ն հեռարձակվել հանրային մուլտիպլեքսով առանց որևէ իրավական հիմքի, այսինքն՝ ապօրինի, և այսքան ժամանակ Հայաստանի իշխանությունները լռել են, թեև ժամանակ առ ժամանակ վարչապետ Փաշինյանը նախընտրում է խոսել երկրի ինքնիշխանության ամրապնդման անհրաժեշտությունից։

Սակայն ամենից կարևոր խնդիրն, անշուշտ, ռուսաստանյան հեռուստաալիքների կողմից այդ համաձայնագրի դրույթների և հայաստանյան օրենսդրության կոպիտ խախատումներն էին՝ ինչպես ասացինք, Հայաստանի հասցեին ստի, վիրավորանքի ու սպառնալիքի տարածմամբ։ Ըստ համաձայնագրի հեռարձակվողները չպետք է խախտեն հյուրընկալող պետության օրենսդրությունը, զերծ մնան այդ պետության ժողովրդի և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակության հեռարձակումից, չմիջամտեն ներքաղաքական կյանքին և այլն։

Ռուսաստանյան հեռուստաալիքները, մեղմ ասած, հեռու են այս պահանջների կատարումից։

Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրությունից տեղեկանքում ենք, որ դեկտեմբերի 14-ին Երևանում՝ Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարարի հետ խորհրդակցության արդյունքում ռուսական կողմը ընդունել է համաձայնագրի դրույթների խախտման փաստը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի պատշաճ պահպանման ուղղությամբ:

Սակայն նույն օրն իսկ ռուսաստանյան պետական «РИА Новости» լրատվական գործակալությունը հրապարակեց ռուսական կողմի պաշտոնական արձագանքը, թե հանդիպմանը հայկական կողմը որևէ ապացույց չի ներկայացրել, ըստ որի ռուսաստանյան հեռուստաալիքները խախտել են համաձայնագիրը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օրեր անց լրագրողներին հորդորեց առաջնոդվել հայկական կողմի հայտարարությամբ, բայց նաև ընդունեց՝ այո՛, ռուսական կողմին կոնկրետ փաստեր չեն ներկայացվել։

«Այսինքն, նույնիսկ կարիք չի եղել փաստեր ներկայացնելու։ Մենք ընդամենը ասել ենք, որ խախտումներ են եղել, եկեք դետալային չքննարկենք խախտումները, և ընդունվել է, որ եղել են խախտումներ։ Կոնկրետ օրինակներ չի նշվել»,- այս դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ արդյո՞ք այժմ քննարկվում է հայաստանյան հանրային մուլտիպլեքսից ռուսաստանյան հեռուստաալիքները դուրս թողնելու հարց, նախարարը բացասական պատասխան տվեց․ «Ոչ, որովհետև եթե կհիշեք մեր նախորդ խոսակցությունները կառավարության նիստից հետո․․․ քանի որ կոնսուլտացիաների ընթացքից էր կախված հետագա մեր հարաբերությունները, դրա համար նման հարց մտցնել-չմտցնելը սխալ կլիներ, և եթե մեր գործընկերները նշում են, որ քայլեր կձեռնարկեն կամ պարտավորվում են, որպեսզի կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանումը, դա մեր կողմից ակնկալվում է, որպես նման հաղորդումների եթեր չներկայացնել»։

Բորիս Նավասարդյանը հիշեցնում է, որ ռուսաստանյան հեռուստաալիքները նոր չեն թիրախավորում Հայաստանը, այլ դեռ տասը տարի առաջ, երբ Երևանը պատրաստվում էր ասոցացման մասին համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, սակայն Կրեմլի ճնշմամբ այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունը մեկ գիշերվա ընթացքում հետ կանգնեց տարիներով բանակցված արդյունքներից։ Զուգահեռաբար՝ նախորդ տարիներին Երևանը լուռ էր երկրի դեմ ռուսական պետական լրատվամիջոցների հարձակումների ժամանակ։

«Գերագնահատեցինք կարևորությունը Ռուսաստանի՝ Հայաստանի համար անվտանգային ոլորտում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երկկողմանի այդ միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել էր 2020 թվականի դեկտեմբերին։ Այսինքն, անմիջապես ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանը չափազանցված ակնկալիքներ ուներ Ռուսաստանի կողմից մեզ անվտանգային ոլորտում աջակցելու առումով։ Դա ոչ միայն զուտ նեղ մասնագիտական՝ լրատվամիջոցների հետ կապված սխալ էր՝ այդ համաձայնագրի ստորագրումը, այլ նաև շատ վատ քաղաքական հաշվարկ»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց Բորիս Նավասարդյանը

Ինչևէ, այս ամենի արդյունքում՝ դեկտեմբերի 20-ին հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, թե «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտման պատճառով որոշում է կայացվել 30 օր կասեցնել ռուսաստանյան պետական «Спутник Армения»-ն հեռարձակող «Տոսպա» ռադիոընկերության գործունեությունը։ Վերջինս նաև կտուգանվի։

Հաջորդ օրը արձագանքեց Երևանում Ռուսաստանի դեսպանատունը, թե նման քայլը «չի կարող զիջում չթվալ նրանց համար, ովքեր օրեցօր ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դաշնակցային հարաբերությունները խզելու օգտին»։

XS
SM
MD
LG