Մատչելի հղումներ

Պրահայի համալսարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 15 մարդ է սպանվել


Զինված անձը հինգշաբթի կրակ է բացել Պրահայի կենտրոնում գտնվող համալսարանի շենքում, զոհվել է առնվազն 15 հոգի, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։

Տեղի ունեցածը Չեխիայի պատմության ընթացքում հրազենի կիրառմամբ, թերևս, ամենից զանգվածային սպանդն է։

Արյունահեղությունը տեղի է ունեցել Չարլզի համալսարանի շենքի այն հատվածում, ուր փիլիսոփայության ամբիոնն է: Պրահայի ոստիկանապետ Մարտին Վոնդրաշեկի խոսքով, հրձիգը ուսանող էր:

Վոնդրաշեկն հավելել է՝ ոստիկանության կարծիքով, նույն օրը առավոտյան կասկածյալը սպանել է նաև իր հորը՝ հայրենի Հոստուն քաղաքում, որը գտնվում է Պրահայից արևմուտք։ Այնուհետև, ծրագրել էր ինքնասպան լինել:

Պրահայի ոստիկանապետը ընդգծել է՝ միջադեպի ժամանակ զինյալը ստացել է «լուրջ վնասվածքներ» և նույնպես մահացել է։

Սակայն պարզ չէ՝ ինքնասպա՞ն է եղել, թե՞ սպանվել է իրավապահների հետ փոխհրաձգության հետևանքով։

Մարտին Վոնդրաշեկը եզրափակել է, թե որևէ փաստ չկա, որը թույլ կտա ենթադրել, թե զինյալը հանցակից ուներ։

Նրա անունը չի հրապարակվում։

XS
SM
MD
LG