Մատչելի հղումներ

Կոլորադոյի Գերագույն դատարանը Թրամփին արգելել է առաջադրվել հանրապետականների նախնական ընտրություններում


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփը պետք է զրկվի նախագահի պաշտոն զբաղեցնեուց և հեռացվի գալիք նախագահական ընտրությունների նախնական փուի նահանգի քվեաթերթիկից։

Կոլորադոյի Գերագույն դատարանը երեքշաբթի օրը 4 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ որոշել է, որ Դոնալդ Թրամփը պետք է զրկվի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց և հեռացվի գալիք նախնական նախագահական ընտրություններում նահանգի քվեաթերթիկից՝ 2021 թվականին ԱՄՆ կառավարության դեմ բռնություն հրահրելու գործում ունեցած դերի պատճառով:

Այս որոշումը կարող է դառնալ երկրի պատմության մեջ առաջին դեպքը, երբ նախագահի թեկնածուն զրկվում է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության հազվադեպ օգտագործվող 14-րդ փոփոխության, որն ընդունվել է Քաղաքացիական պատերազմից հետո և արգելում է պաշտոնավարել որևէ մեկին, ով մեկ անգամ ստանձնել է պաշտոնը, պաշտոնավարման երդում տվել, բայց հետո «մասնակցել ապստամբությանը կամ խռովությանը»։

Կոլորադոյի դատարանի որոշումը վերաբերում է միայն մարտի 5-ին նահանգում կայանալիք հանրապետական փրայմերիզին (կուսակցությունների նախնական ընտրություններին): Այնուամենայնիվ, դատարանի որոշումը, հավանաբար, կազդի Թրամփի դիրքերի վրա նոյեմբերի 5-ին կայանալիք համընդհանուր ընտրություններում:

Կոլորադոյի դատարանը հայտնել է, որ որոշումը հետաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 4-ը՝ բողոքարկում թույլ տալու համար կամ մինչև ԱՄՆ Գերագույն դատարանը գործի վերաբերյալ որոշում կայացնի:

Փաստաբան Էրիկ Օլսենը, ով ներկայացնում է կառավարական էթիկայի և հաշվետվողականության դիտորդական խումբը, որը հայց էր ներկայացրել՝ Թրամփին քվեարկությունից դուրս պահելու համար, ողջունեց Կոլորադոյի Գերագույն դատարանի որոշումը: «Դատարանը Կոլորադո նահանգում կիրառեց Սահմանադրության կանոնները՝ արդյունքի հասնելու համար այն բանից հետո, երբ Թրամփին հնարավորություն տրվեց ապացույցներ ներկայացնել՝ իր գործիի առնչությամբ: Նա երկար վիճել է շրջանային դատարանում՝ Կոլորադոյի Գերագույն դատարանում։ Ուրեմն սա մի գործընթաց է, որը նախատեսում և հաստատում է մեր Սահմանադրությունը»:

Թրամփի նախընտրական շտաբն արդեն որոշումը անվանել է «սխալ» և «ոչ ժողովրդավարական» և հայտարարել, որ այն կբողոքարկի՝ իր հայտարարության մեջ հույս հայտնելով, որ ԱՄՆ Գերագույն դատարանը «արագ որոշում կկայացնի» իրենց օգտին և «վերջապես վերջ կդնի այս ոչ ամերիկյան հայցերին»:

«Կոլորադոյի Գերագույն դատարանն այսօր բոլորովին սխալ որոշում կայացրեց, և մենք արագ կդիմենք Գերագույն դատարան և կխնդրենք հետաձգել այս խորապես ոչ ժողովրդավարական որոշումը», - ասել է Թրամփի նախընտրական շտաբի խոսնակը: Նա դատապարտեց 14-րդ ուղղման օգտագործումը որպես միլիոնավոր ընտրողների նախագահի ընտրությունը մերժելու փորձ:

Թրամփի փաստաբանը պնդում էր, որ Կապիտոլիումում տեղի ունեցած խռովությունը բավականաչափ լուրջ չէ, որպեսզի որակվի որպես ապստամբություն, և որ Թրամփի խոսքերն այդ օրը ուղղված Վաշինգտոնում իր կողմնակիցներին պաշտպանված են նրա ազատ խոսքի իրավունքով: Փաստաբանը պնդեց, որ դատարանները իրավունք չունեն պահանջելու Թրամփին հեռացնել քվեաթերթիկից։

Թրամփի հակառակորդները հույս ունեն օգտագործել այս գործը՝ նրա որակազրկելու և հարցը Գերագույն դատարան բերելու համար: Այնուամենայնիվ, ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորների մեծամասնությունը պահպանողականներ են, որոնցից երեքը նշանակվել են Թրամփի կողմից:

14-րդ ուղղման հիման վրա Թրամփին քվեարկությանը մասնակցելու իրավունքից զրկելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել ԱՄՆ հինգ նահանգներում, այդ թվում՝ Մինեսոտայում, Նյու Հեմփշիրում, Միչիգանում, Ֆլորիդայում և Ռոդ Այլենդում:

XS
SM
MD
LG