ԱՄՆ ու Ուկրաինայի նախագահների հայտարարության համաձայն, եթե այս ձմռան ընթացքում՝ ռուսական ռազմուժի դեմ շարունակվող մարտերի պայմաններում, Կիևը զրկվի 61 միլիարդ դոլար կազմող ամերիկյան լրացուցիչ աջակցությունից, հետևանքները կարող են անդառնալի լինել:
Սակայն ԱՄՆ Կոնգրեսում, որի իրավասության ներքո է նշված միջոցների հատկացումը, դեռ միասնություն չկա հարցի առնչությամբ: Երեքշաբթի՝ ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամերիկացի օրենսդիրներին հորդորել էր մինչև շաբաթվա վերջ ընդունել նախագահ Ջո Բայդենի՝ Կիևին 61 միլիարդ դոլար տրամադրելու առաջարկը։
Հանրապետականներն խոսքով, «պատշաճ վերահսկողություն» են ակնկալում Ուկրաինայի ֆինանսավորման գործում։ Նաև ցանկանում են տեսնել «ռազմավարության հստակ ձևակերպում»:
Չնայած ստեղծված իրավիճակին, նախագահ Բայդենը խոստացել է իր շարունակական աջակցությունը Կիևին՝ ընդգծելով, թե իր նպատակը Ուկրաինայի հաղթանակն է: Սպիտակ տան ղեկավարը հանրապետականներին մեղադրել է Մոսկվայի օգտին գործելու մեջ․ «Կրեմլից ղեկավարվող հեռուստաշոուի հաղորդավարը [եթերում] ողջունում է հանրապետականներին՝ ասելով, թե դա լավ է մեզ՝ [ռուսներիս] համար: Եթե ձեզ ողջունում են ռուսաստանցի քարոզիչները, գուցե, ժամանակն է մտորել, թե ինչ եք անում: Պատմությունը խիստ է դատելու նրանց, ովքեր երես են թեքում ազատության հարցում»։
Իրավիճակին անդրադաձել է նաև նախագահ Զելենսկին․ «Հարց ունեմ այդ մարդկանց. արդյո՞ք պատրաստ են իրենց երեխաներին հանձնել ահաբեկիչներին։ Կարծում եմ, ոչ»:
Այս ամենի ֆոնին՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը Զելենսկուն մեղադրել է օգնություն մուրալու մեջ՝ նրան կոչելով «ամերիկյան խամաճիկ»:
Հայտնի է, որ ամերիկացի հարկատուների շրջանում ի հայտ են եկել հոգնածության որոշ նշաններ՝ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում, և հանրապետական օրենսդիրները հարց են բարձրացնում, թե ինչու է Կիևին հատկացվող ամերիկյան գումարների մոտ մեկ երրորդը ուղղվում ոչ թե սպառազինության գնմանը, այլ որպես աջակցություն տրամադրվում է ուկրաինական կառավարությանը:
Ականազերծման հարցով փորձագետ Ջոն Ջեյմսոնը, ով վերջերս էր Ուկրաինայում, ասում է, թե օրինակ այս հարցում Կիևը լուրջ օգնության կարիք ունի․ «Ականազերծողները աշխատում էին, երբ լսեցինք հրետանու ձայնը: Տարածքները մաքրում են ականներից, քանզի իրենց համար կարևոր է, որ մարդիկ կարողանան զբաղվել հողագործությամբ, արտադրությամբ և վերադառնան խաղաղ կյանքի, ոչ թե միայն պատերազմեն: Նրանք չեն կարող սպասել մինչ պատերազմը կավարտվի»:
Դիտորդները չեն բացառում, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել ևս մի քանի տարի։ Հետևաբար, հարց է առաջանաում՝ արդյո՞ք Կիևը ստանում է բավարար միջոցներ՝ արդյունավետ կերպով պայքարելու անհամեմատ ավելի մեծ ռեսուրսների տիրապետող Ռուսաստանի դեմ։
«[Ուկրաինացիները] որոշ առումով դարձել են սեփական հաջողության զոհը։ Չեմ կարծում, որ պետք է խնդրենք ուկրաինացիներին անել ավելին: Երբ հաշվի եք առնում Կիև առաքվող սպառազինության սահմանափակ բնույթը, ապա նրանք, իրոք, տպավորիչ կերպով են օգտագործում այդ ռեսուրսները»,- ասում է Դալիբոր Ռոհակը՝ «American Enterprise Institute»-ից։
Առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը պետք է որոշի՝ արդյո՞ք Ուկրաինան ստանալու է այն, ինչ ցանկանում է՝ ձմեռային ծանր ամիսներին ռուսական ուժերին դիմակայելու համար: