Մատչելի հղումներ

Ուկրաինայի ֆինանսավորման հարցում Սպիտակ տունն ու հանրապետականները փակուղում են


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Բայդենի վարչակազմի դեռ անհաջողության մեջ է՝ Ուկրաինայի և Իսրայելի համար նախատեսված ու տասնյակ միլիարդավոր դոլարներ կազմող աջակցության փաթեթի շուրջ Կոնգրեսի հանրապետականների հետ համաձայնության հասնելու գործում։ Սպիտակ տան ղեկավարը ակնարկել է, թե պատրաստ է փոխզիջման գնալ ԱՄՆ սահմանների հարցում:

Ուկրաինական բանակը տեսանյութ է հրապարակել, ուր պատկերված է ռուսական ռազմուժի գործողություններից մեծապես վնասված Խերսոն քաղաքը:

Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ աջակցության փաթեթը՝ նախագահ Բայդենի վարչակազմից պահանջելով ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանն անանցանելի դարձնելու համար:

Հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է. «Մենք՝ հանրապետականներս, շատ լուրջ ենք վերաբերվում հարավային սահմանի ամրապնդմանը։ Օրական ունենում ենք 10 հազարից ավելի ապօրինի ներգաղթյալ։ Առաջին հերթին պետք է պաշտպանենք մեր սահմանը»:

Սպիտակ տունն արձագանքել է, թե հանրապետականներն անտեսել են պետական սահմանին և ներգաղթին վերաբերող իր առաջարկը:

Մյուս կողմից, նախազգուշացմամբ է հանդես եկել նախագահ Ջո Բայդենը՝ եթե Կիևը պարտվի պատերազմում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշարորւնակի իր ագրեսիան՝ թիրախավորելով ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, և այդ դեպքում ԱՄՆ-ն պարտավոր կլինի պաշտպանել դաշնակցին։

«Այդ դեպքում ամերիկյան զորքերը կկռվեն ռուսական զորքերի դեմ, եթե վերջիններս ներխուժեն ՆԱՏՕ-ի տարածք»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահն ակնարկել է, որ պատրաստ է փոխզիջման գնալ հանրապետականների հետ բանակցություններում, քանի որ Կիևին օգնելու շատ ժամանակ չի մնացել: Ամերիկյան կառավարության տրամադրության ներքո ընդամենը 1․1 միլիարդ դոլար է մնացել, որով նա կարող է սպառազինություն մատակարարել Ուկրաինային։

«Եթե ԱՄՆ օգնությունը ժամանակին տեղ չհասնի, ուկրաինացիները ստիպված կլինեն անցնել պաշտպանական պատերազմի և կսկսեն հակամարտությունը դադարեցնելու ուղիներ փնտրել»,- կարծում է փորձագետ Էմմա Էշֆորդը։

Արձագանքելով «Ամերիկայի ձայնին» հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը կաջակցի հրադադարին միտված ուկրաինա-ռուսական բանակցություններին, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է․ «Նախագահ Զելենսկին պետք է որոշի, թե ինչպես և երբ կավարտվի այս պատերազմը, և ինչ պայմաններում է պատրաստ բանակցել Պուտինի հետ»:

Ինչևէ, ինչպես նշեցինք, Ուկրաինային 60 միլիարդ դոլարի, իսկ Իսրայելին՝ 10 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու համար Կոնգրեսին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել։

Ստեղծված իրավիճակին անդրադարձել են Անտլանտյան օվկիանոսից այն կողմ․ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը հինգշաբթի փոխանցել է «Ամերիկայի ձայնին», թե Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին՝ հավելելով․ «Բայց ակնհայտ է, որ Ամերիկան էական գործընկեր է այս հարցում, նրանցն է աշխարհի ամենամեծ տնտեսությունը և պաշտպանական համակարգը»։

Մինչև հունվարի 19-ը ԱՄՆ Կոնգրեսը նաև պետք է հաստատի կառավարության ֆինանսավորումը, այլապես գործադիրի աշխատանքը կանգ կառնի։

XS
SM
MD
LG