Մատչելի հղումներ

Գազայում պատերազմը պառակտել է ամերիկացիներին. սոցիոլոգիական հարցումներ


Իսրայելի հարավում գտնվող Օֆակիմ բանակային բազայի մոտ մարդիկ դիմավորում են նոր ազատված իսրայելցի պատանդներին
Իսրայելի հարավում գտնվող Օֆակիմ բանակային բազայի մոտ մարդիկ դիմավորում են նոր ազատված իսրայելցի պատանդներին

Հարցումների համաձայն, ամերիկացիներն ավելի համակրում են Իսրայելին, քան Պաղեստինին։

Գազայի հատվածում մարտերի վերսկսմանը զուգահեռ՝ ամերիկյան հասարակությունում տարակարծությունը մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ խորանում է, թե ով է մեղավոր և որն է Միացյալ Նահանգների դերը ընթացող պատերազմում, ինչի հետևանքով զոհվել են ավելի քան 1400 իսրայելցիներ ու 16 հազար պաղեստինցիներ:

«Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները փոքր-ինչ ավելի են համակրում Իսրայելին, քան Պաղեստինին։ Սակայն տարբերությունը էական չէ: Նաև՝ շատ մարդիկ չեն կողմնորոշվում»,- նշում է Նյու Օռլեանի Դիլարդ համալսարանի քաղաքային ուսումնասիրությունների և հանրային քաղաքականության պրոֆեսոր Ռոբերտ Քոլինզը:

Այս նոյեմբերի 25-27-ին «The Economist»-ի և «YouGov»-ի կողմից անցկացված համատեղ հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 38%-ը համակրում է իսրայելցիներին, իսկ 11%-ը՝ պաղեստինցիներին։ Հարցվածների 28%-ը հավասարապես համակրում է երկու կողմերին էլ, իսկ 23%-ը չի կողմնորոշվում։

Քոլինզի խոսքով, նման թվերը խոսում են հակամարտության բարդության մասին։

«Տեղեկատվությունը, որ ստանում ենք սահմանափակ է: Նույնիսկ դրա մի զգալի մասը մեկ-երկու օր հետո պարզվում է, որ կեղծ է»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է նա։

Թեև հարցման մասնակիցների կեսից ավելին չի աջակցում հակամարտության կողմերից ոչ մեկին, շատերը խորապես ազդվել են իրավիճակից:

«Իհարկե, Իսրայելի կողմից եմ։ Նրանք թույլ տվեցին պաղեստինցիներին և «Համասին» հանգիստ ապրել իրենց հարևանությամբ, բայց վերջիններս հարձակվեցին, ինչի հետևանքով բռնաբարվեցին և սպանվեցին իսրայելցիներ: Նրանք հակահարված տալու իրավունք ունեն»,- ասում է փաստաբան Ջեֆ Ուիլյամսը։

Անօթևան մարդիկ իրենց տանը

Իրենց ճշմարտացիության մեջ նույնքան վստահ են նաև այն մարդիկ, ովքեր համակրում են պաղեստինցիներին:

«Որպես մասամբ պաղեստինցի որդու մայր՝ բարոյական պարտավորություն եմ զգում խոսել նրանց անունից, որոնց Գազայում Իսրայելն անարդարացիորեն սպանում, ծեծում, առևանգում և ձերբակալում միայն այն բանի համար, որ այդ մարդիկ գոյություն ունեն: Ինչպե՞ս կարող են այդքան շատ ամերիկացիներ աջակցել նրանց, ովքեր այդպիսի սարսափելի գործողություններ են

իրականացնում: Ինձ անհասկանալի է»,- նշում է Լուիզիանայում՝ ասպիրանտուրայում սովորող Բրուքլին Բերդին:

Ռեյչել Լակոմբը հասարակական կազմակերպության ղեկավար է, որը մատչելի բնակարաններ է տրամադրում: Ասում է՝ ցավ է ապրում հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակման ժամանակ զոհված իսրայելցի խաղաղ բնակիչների համար:

«Բայց հոգուս խորքում կարեկցում եմ պաղեստինցի ժողովրդին, որը 1948 թվականին Իսրայելի հիմնադրումից հետո՝ ավելի քան յոթ տասնամյակ զրկված է սեփական տնից, տեղահանվել է և իր սեփական հողում հարկադրված է եղել ապրել փախստականների ճամբարներում»,- շարունակում է Լակոմբը՝ նշելով, թե այսօր Ամերիկայում նման տեսակետ դժվար է արտահայտել։

«Սարսափելի է տեսնել հարյուրավոր մարդկանց, ովքեր մեղադրվում են հակասեմականության մեջ և կորցնում իրենց աշխատանքը՝ միայն այն պատճառով, որ քննադատում են Իսրայելի քաղաքականությունը: Պետք է զգույշ լինեմ, թե ինչ եմ ասում»:

Պայքար հանուն Իսրայելի գոյության

«Կարծում եմ, օբյեկտիվ չէ ասել, որ այս հակամարտությունը սկսվել է 1948 թվականին, քանի որ հրեաները հազարավոր տարիներ առաջ ապրել են այս հողում, որը մեր օրերի Իսրայելն է»,- ասում է Ռեբեկա Ուրուտիան՝ Կոնեկտիկուտից:

«Աղոթում եմ նաև անմեղ պաղեստինցիների համար, սակայն առաջին հերթին կարեկցում եմ Իսրայելին։ Նրանք պաշտպանում են իրենց հողն ու ժողովրդին, և նախկինում բազմիցս ենթարկվել են հարձակումների»,- հավելում է մեր զրուցակիցը:

Պատճառներից մեկը, թե ինչու է ամերիկացիների մեծամասնությունը, այնուամենայնիվ, ավելի շատ համակրում Իսրայելին, թերևս այն է, որ տասնամյակներ շարունակ երկու երկրները կապված են աշխարհաքաղաքական դաշինքով: Պակաս կարևոր պատճառ չէ այն, որ Ամերիկայում բնակվող հրեաներն ավելի շատ են, քան մահմեդականները:

Ըստ Բրանդեյսի համալսարանի Սթայնհարդտի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, հրեաները կազմում են ԱՄՆ բնակչության մոտ 2,4%-ը: «Pew Research Center»-ը գնահատմամբ, մահմեդականները երկրի բնակչության 1%-ից մի փոքր ավելին են:

Չնայած թվերը վկայում են, որ ամերիկացիներն ավելի շատ համակրում են Իսրայելին, «NPR»-ի, «PBS»-ի, «NewsHour»-ի և «Marist»-ի համատեղ հարցումների մասնակիցներն ավելի շատ են հակվում այն կարծիքին, որ Իսրայելի պատասխանը «չափից դուրս էր»: Եթե հոկտեմբերի 11-ին այդպես էր մտածում հարցվածների 26%-ը, ապա չորս շաբաթ անց՝ արդեն 38%-ը։

Մեթթ Հեյնս

XS
SM
MD
LG