Մատչելի հղումներ

Բաքվի հետ համագործակցության դադարեցումը հակասում է ԱՄՆ-ի ու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը դեկտեմբերի 5-ին ճեպազրույցի ընթացքում ի պատասխան լրագրողի հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանի այցին Բաքու ու Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին:

Իր խոսքում Միլլերն ընդգծել է, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին՝ շեշտելով, որ դա կհակասի Միացյալ Նահանգների շահերին։

«Կարծում ենք, որ դա կհակասեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման շահերին, եթե մենք պարզապես դադարեցնեինք մեր բոլոր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- հայտարարել է նա:

Մեթյու Միլլերը նաև հավելել է. «Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ կան մտահոգություններ: Մեզ անհանգստացրել է վերջին շրջանում լրագրողներին կալանավորելու միտումները։ Շարունակում ենք կոչ անել նրանց՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի մասին ես խոսել եմ այս ամբիոնից նախկինում»:

Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ՝ կոչ անելով վերջինիս ձգտել կայուն խաղաղության Հայաստանի հետ։

«Դա կշարունակի մնալ մեր դիվանագիտական ջանքերի առանցքում», - նշել է պետքարտուղարության խոսնակը։

Նա նաև ընդգծել է մարդու իրավունքների հետ կապված հարցերի կարևորությունը Վաշինգտոնի համար «նման տեսակի դիվանագիտական ներգրավվածության պարագայում»:

XS
SM
MD
LG