Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը կոչ են անում Իսրայելին պաշտպանել Գազայի խաղաղ բնակչությանը


Վիրավոր պաղեստինցիները շտապ տեղափոխվել են Նասերի հիվանդանոց
Վիրավոր պաղեստինցիները շտապ տեղափոխվել են Նասերի հիվանդանոց

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելին կոչ է արել խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են վատթարացնել Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը։

«Գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է Իսրայելի և «Համասի» միջև վերսկսված մարտերից...։ Մարդիկ, որոնց կարգադրել են տարհանվել, գնալու տեղ չունեն»,- նշել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Գազայի 2,3 միլիոն բնակչության մոտ 80%-ն արդեն լքել են իրենց տները: Ութ շաբաթ շարունակվող պատերազմի հետևանքով անկլավը վերածվել է ամայի տարածքի:

Երկուշաբթի Իսրայելի իշխանությունները կարգադրեցին պաղեստինցիներին լքել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքը և շարժվել էլ ավելի հարավ՝ Ռաֆահ բնակավայր, որը գտվում է Եգիպտոսի սահմանին: Սակայն տեղի բնակիչների ու Գազայում գործող լրագրողների պնդմամբ, իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում նաև Գազայի հատվածի հարավային մասին, դեպի ուր իսրեյալական իշխանությունները հորդորում են մարդկանց տեղափոխվել։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Գազայի հատվածում իրականացվող իսրայելական հարձակումը չպետք է հանգեցնի քաղաքացիական բնակչության շրջանում «զանգվածային» զոհերի, ինչպես տեղ ունեցավ Գազայի հյուսիսում:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, թե Վաշինգտոնն ակնկալում է, որ Իսրայելը զերծ կմնա հրձակումներ գործել Գազայի այն հատվածներում, որոնք առանձնացված են որպես «ոչ թիրախային գոտիներ»:

Չնայած խաղաղ բնակիչներին պաշտպանելու ԱՄՆ ու ՄԱԿ-ի բազմաթիվ կոչերին, իսրայելական ուժերը շարունակում են Գազայի հարավային հատվածի ռմբակոծությունը, որի հետևանքով սպանվել ու վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ:

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից հնարվորինս խուսափելու նպատակով, այսպես կոչված, թիրախային տարհանումը երկար ժամանակ է պահանջում, և անհնար է լիովին խուսափել զոհերից:

«Մենք չենք սկսել այս պատերազմը: Ցավում ենք քաղաքացիական զոհերի համար, բայց պետք է գործել, որպեսզի դիմակայենք չարիքին»,- հավելել է պաշտոնյան։

Իսրայելական զինվորականների պատրաստած զեկույցի համաձայն, «Համասի» յուրաքանչյուր սպանված զինյակի հետ զուգահեռ զոհվել է առնվազն երկու խաղաղ բնակիչ, ինչը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսի, «չափազանց դրական» արդյունք է՝ հաշվի առնելով քաղաքային մարտերի բարդությունը:

«Եթե համեմատեք այս հակամարտությունը քաղաքային տարածքում տեղի ունեցած որևէ այլ բախման հետ, որն ընթացել է զինվորականների և խաղաղ բնակչության մեջ «ինտեգրված», խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործած ահաբեկչական կազմակերպության միջև, ապա կտեսնեք, որ նշված թվերը չափազանց դրական են և, հավանաբար, եզակի աշխարհում»,- «CNN»-ի հետ զրույցում նշել է Կոնրիկուսը:

Նոյեմբերին Իսրայելը գրավեց Գազայի հատվածի գրեթե ողջ հյուսիսը և սկսեց արագորեն առաջ շարժվել դեպի հարավ:

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարոսւթյունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

XS
SM
MD
LG