Մատչելի հղումներ

Ռուսաստանի Գերագույն դատարանը հայտարարեց «ծայրահեղական» և արգելեց «ԼԳԲՏ միջազգային շարժումը»


Ռուսաստանի Գերագույն դատարանի այսօրվա որոշումը միջազգային ԼԳԲՏ շարժումը ճանաչեց որպես «ծայրահեղական կազմակերպություն». 11/30/23
Ռուսաստանի Գերագույն դատարանի այսօրվա որոշումը միջազգային ԼԳԲՏ շարժումը ճանաչեց որպես «ծայրահեղական կազմակերպություն». 11/30/23

Միջազգային աջակցությունը Ռուսաստանի ԼԳԲՏ համայնքին խիստ անհրաժեշտ է, կոչ է անում Human Rights Watch կազմակերպությունը

Ռուսաստանի Գերագույն դատարանի այսօրվա որոշումը, որը միջազգային ԼԳԲՏ շարժումը ճանաչեց որպես «ծայրահեղական կազմակերպություն», սպառնում է երկրում ԼԳԲՏ ակտիվիզմի ցանկացած դրսևորմանը, ասում է Human Rights Watch-ը։

Դռնփակ նիստում Գերագույն դատարանը բավարարեց Արդարադատության նախարարության այն պնդումը, թե «ԼԳԲՏՔ շարժումը» սոցիալական և կրոնական տարաձայնություններ է հրահրում։

Ռուսաստանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն ԼԳԲՏ մարդկանց այս ճիզվիտական հալածանքները, իսկ հոգատար պետությունները պետք է աջակցեն ԼԳԲՏ մարդկանց և նրանց իրավունքները պաշտպանողներին, քանի որ Ռուսաստանում նրանց հետապնդման ռիսկերը այժմ չափազանց մեծ են դարձել։

«Իշխանությունների այս քայլը, ըստ երևույթին, երկակի նպատակ ունի», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Տանյա Լոկշինան: «Դա նպատակաուղղված է ինչպես ԼԳԲՏ մարդկանց խարանման ուժեղացմանը՝ 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ պահպանողական ընտրազանգվածին մոբիլիզացնելու համար, այնպես էլ ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականությանը և աջակցող իրավապաշտպան խմբերի և ակտիվիստների աշխատանքը կաթվածահար անելուն»։

Ռուսական օրենսդրության համաձայն՝ ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելը կամ ֆինանսավորումը պատժվում է մինչև 12 տարվա ազատազրկմամբ։ Նման կազմակերպությունների խորհրդանիշները ցուցադրելու համար առաջին խախտման համար կարող եք ստանալ մինչև 15 օր կալանք, կրկնակի ներգրավման դեպքում՝ մինչև չորս տարվա ազատազրկում։ Ծայրահեղական կազմակերպություններին մասնակցելու մեջ կասկածվող անհատները կարող են ներառվել դաշնային «ծայրահեղականների ցուցակում»։ Ծայրահեղական կազմակերպության մասնակից ճանաչված քաղաքացիները չեն կարող պետական պաշտոն զբաղեցնել։

Նոյեմբերի 28-ին Ռուսաստանի յոթ առաջատար իրավապաշտպան կազմակերպություններ բողոք ուղարկեցին Գերագույն դատարան, որտեղ նրանք հայտարարեցին, որ Արդարադատության նախարարության հայցը բավարարելը կլինի խտրականության ակտ և կհանգեցնի իրավունքների լայն շրջանակի ոտնահարմանը: Քանի որ Միջազգային ԼԳԲՏ շարժումը, որը կառավարությունը ցանկանում է արգելել, սկզբունքորեն գոյություն չունի, իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ հայցի բավարարումը իշխանություններին հնարավորություն կտա կամայականորեն հետապնդել յուրաքանչյուր մեկին ԼԳԲՏ իրավունքներին առնչվող ցանկացած գործունեության համար:

Ավելի քան տասը տարի Ռուսաստանի իշխանությունները շահագործում են «գեյերի քարոզչության մասին» անօրինական օրենքը՝ հետապնդելու ԼԳԲՏ անձանց և ակտիվիստներին։ 2022 թվականի դեկտեմբերին Պետդուման ուժեղացրեց 2013 թվականի սկզբնական արգելքը՝ տարածելով այն ցանկացած հանրային տեղեկատվության կամ գործունեության վրա՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ իրավունքների և «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունեցողների։ Օրենսդրությունը բացառություններ չի նախատեսում գեղարվեստական ստեղծագործության, գիտական հետազոտությունների կամ կրթական գործունեության համար: Կատարվում է ԼԳԲՏ անձանց կեղծ և վտանգավոր ասոցիացիացում մանկապիղծների հետ, անընդհատ կրկնվում է «ոչ ավանդական սեռական հարաբերություններ և (կամ) նախասիրություններ, մանկապղծություն, սեռափոխություն խրախուսող նյութերի» հիշատակումը։

2021 թվականից՝ Ռուսաստանում միասեռ ամուսնությունների սահմանադրական արգելքի սահմանումից հետո, իշխանությունները 17 ԼԳԲՏ կազմակերպություններին ճանաչել են որպես «օտարերկրյա գործակալներ», ինչը հանրային գիտակցության մեջ հավասարազոր է լրտես և դավաճան հռչակվելուն։ Օտարերկրյա գործակալի պիտակը ներառում է ճնշող պահանջների մի ամբողջ շարք։

Ավելի վաղ՝ 2023 թվականին, Ռուսաստանի խորհրդարանը օրենսդրություն էր ընդունել, որը խախտում էր տրանսգենդերների իրավունքների լայն շրջանակ։ Արգելվում են կոնկրետ բժշկական ծառայությունները, փաստաթղթերում սեռային փոփոխությունները, իսկ տրանսգենդերների ամուսնությունները ենթակա են լուծարման։ Տրանսգենդերներին արգելվում է երեխա որդեգրել։

Ռուսական ԼԳԲՏ իրավապաշտպան կազմակերպություններն ու ակտիվիստներն արդեն իսկ սպառնալիքի տակ են, ինչին զուգորդվում է քրեական հետապնդման մեծ ռիսկը այսօրվա Գերագույն դատարանի որոշումից հետո: HRW-ը աշխարհի երկրներին կոչ է անում ապաստան տրամադրել նրանց, ովքեր ստիպված են լքել Ռուսաստանը՝ ի դեմս քրեական հետապնդման և այլ ռիսկերի:

Օտարերկրյա պետությունները և, հատկապես, Եվրամիության երկրները, պետք է Ռուսաստանում ԼԳԲՏ իրավունքների պաշտպան ակտիվիստներին հնարավորություն ընձեռեն ստանալ երկարաժամկետ վիզա ինչպես արտակարգ իրավիճակների դեպքում, այնպես էլ միջազգային միջոցառումներին և գործընկերների հետ հանդիպումներին մասնակցելու համար, ինչպես նաև այլ օգնություն ռուս ԼԳԲՏ ակտիվիստներին, ովքեր աշխատում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

«ԼԳԲՏ իրավունքների վրա հարձակումը դարձել է Ռուսաստանի կողմից մարդու համընդհանուր իրավունքների մերժման խորհրդանիշն այն իրավիճակում, երբ կառավարությունն իրեն դիրքավորում է որպես այսպես կոչված ավանդական արժեքների պաշտպան՝ ի տարբերություն «կոլեկտիվ Արևմուտքի», - ասում է Տանյա Լոկշինան։ «Ռուս ԼԳԲՏ մարդիկ աջակցության կարիք ունեն ավելի քան երբևէ»։

Նմանատիպ

XS
SM
MD
LG