Մատչելի հղումներ

Պետք է առաջնահերթություն տալ տեղահանված հայերի աջակցությանն ու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն. սենատոր Քարդին


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ, դեմոկրատ Բեն Քարդինի գրասենյակն այսօր տարածել է սենատորի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանին ու Հայաստանին ամերիկյան` ներառյալ ռազմական օգնության տրամադրման մասին: 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր ԱՄՆ սենատոր Բեն Քարդինը` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու և Ադրբեջանի հետ ռազմական օգնության և անվտանգության ոլորտում համագործակցության վերագնահատման անհրաժեշտության վերաբերյալ:

«Մոտ մեկ տարվա սարսափելի շրջափակումից հետո նախագահ Ալիևը ի վերջո ռազմական ուժ կիրառեց` Լեռնային Ղարաբաղի շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար՝ փաստացի վերացնելով այնտեղից [Լեռնային Ղարաբաղի] հայ բնակչությանը և [տեղի] հարուստ պատմությունը: Աշխարհը շարունակում է պայքարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների համակարգված, միտումնավոր արշավի դեմ: Պետք է առաջնահերթություն տանք տեղահանված հայերին աջակցելուն, ինչպես նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն:

Առաջ շարժվելով՝ պետք է քայլեր ձեռնարկենք՝ երաշխավորելու, որ Ադրբեջանը ռազմական առավելություն չստանա` տարածքային նվաճումների նպատակով: Սա ներառում է նաև ռազմատենչ հռետորաբանության դատապարտումը: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ այն չի դադարեցրել այս դաժան արշավը։ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը նաև պետք է վերահաստատեն հանձնառությունը ռազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրմանը, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիների ազատ արձագման ջանքերին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է պահել կալանքի տակ:

Վերջապես, մենք պետք է մեր համերաշխությունը հայտնենք հայ ժողովրդին, հատկապես, երբ Ադրբեջանը և Թուրքիան ուշադրություն են սևեռել Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման ուղղությամբ։ Պետք է մեծացնենք մարդասիրական աջակցությունն այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը։ ԱՄՆ-ը նաև պետք է շարունակի աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք Հայաստանի ղեկավարությունն ձեռնարկել է նախորդ տարիներին, ներառյալ այն ջանքերը, որոնք միտված են թափանցիկության խթանմանը, արդյունավետ կառավարմանը և ավելի լայնորեն Միացյալ Նահանգների ու Արևմտյան Եվրոպայի հետ տնտեսական համագործակցությանը»»։

XS
SM
MD
LG