Մատչելի հղումներ

Փելոսին, Էշուն և ավելի քան 70 ԱՄՆ-ի կոնգրեսականներ կոչ են անում Ադրբեջանի դեմ կիրառել 907-րդ բանաձևը և Մագնիցկու ակտի պատժամիջոցները 


Նենսի Փելոսին ու ԱՄՆ կոնգրեսականներ Փալոնը, Սփիեռը և Էշուն՝ Հայաստանում, սեպտեմբեր, 2022թ.
Նենսի Փելոսին ու ԱՄՆ կոնգրեսականներ Փալոնը, Սփիեռը և Էշուն՝ Հայաստանում, սեպտեմբեր, 2022թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և կիրառել 907-րդ բանաձևը, որը սահմանափակում է ԱՄՆ-ին տրամադրվող ռազմական օգնությունը Ադրբեջանին։ 

Ամերիկացի օրենսդիրների երկկուսակցական խումբը, կոնգրեսական Աննա Էշուի և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի առաջնորդությամբ, դատապարտել է Ադրբեջանի «չհրահրված ռազմական հարձակումը» և Լեռնային Ղարաբաղի «դաժան իննամսյա շրջափակումը», որը «տարածաշրջանի հայ բնակչությանը չի թողել որևէ այլ տարբերակ, բացի տեղահանումից»:

ԱՄՆ կոնգրեսականները հայտարարում են. «Ակնհայտ է, որ մեր երկրի արձագանքն այս ճգնաժամին համարժեք չի եղել ավերածությունների ծավալին։ Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները պետք է հստակեցնի Ադրբեջանին, որ Արցախի [Լեռնային Ղարաբաղի] դեմ իր չհրահրված ագրեսիան անընդունելի է և կարժանանա համապատասխան պատասխանի»:

Օրենսդիրները նշել են, որ «այս կանխարգելելի մարդասիրական աղետը տեղի է ունենում մեր հսկողության տակ», չնայած վայրագությունների կանխարգելման գիտնականների ջանքերին, որոնք ահազանգում են ցեղասպանության մասին։

Օրենսդիրներն առաջարկել են երեք կոնկրետ գործողություններ, որոնք Բայդենի վարչակազմը պետք է ձեռնարկի «վերջ տալու այս անհարկի տառապանքներին և ապահովելու համար, որ Ադրբեջանը կբախվի էթնիկ զտումների հետևանքների հետ»: Այդ գործողությունները ներառում են.

1) Կիրառել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ բանաձևի գործող օրենքի դրույթը, որն արգելում է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, ինչպես նաև կիրառել նպատակային պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ՝ Գլոբալ Մագնիտսկու ակտի համաձայն՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ իր ագրեսիան չի հանդուրժվելու:

2) Տրամադրել ծավալուն մարդասիրական օգնություն՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակչությանը և համախմբել միջազգային հանրությանը նույնն անելու համար՝ առաջնորդելով միջազգային մարդասիրական օգնության գործողությունները։

3) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ տարհանումը Հայաստան, ներառյալ դիտորդների անհապաղ տեղակայումը Լաչինի միջանցքում, ինչպես նաև անմիջական ներգրավվածություն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ համաներում ապահովելու համար ԼՂ տեղական ղեկավարներության համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը մի շարք առիթներով ընդգծել է, որ օրակարգում չկա Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարց: Երեկ լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանությանը և այնտեղ գործուղված ՄԱԿ-ի առաքելությանը վերաբերող հարցին, ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին:

«Կապի մեջ ենք տեղում [գործող] մեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում, երբ ապացույցներ նկատենք, որ նման բան է տեղի ունեցել: Ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ որոշումը հիմնված է ապացույցների պարունակող գործընթացի վրա, ուստի չեմ կարող վերջնականապես խոսել այդ մասին այս ամբիոնից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Անդրադառնալով թվերին, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել մոտ 100 հազար հայ՝ Միլերը շարունակել է՝ հստակ չէ, թե նրանցից քանի տոկոսն է ծրագրում մշտապես մնալ Հայաստանում և որքան մարդ կցանկանա վերադառնալ Ղարաբաղ, եթե պայմանները թույլ տան, և տեղահանվածներին ցուցաբերվի համապատասխան վերաբերմունք:

«Ուստի, կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեր կոչը, որը թափանցիկություն կապահովի և վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն, մասնավորապես՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ: Ադրբեջանը նման հավաստիացումներ է արել։ Կարծում ենք, այնտեղ պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն, որը պետք է դիտարկի և երաշխավորի»,- ընդգծել է խոսնակը:

Մեթյու Միլերը ողջունել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ երկարաժամկետ առաքելության հարցի շուրջ:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ընգծել է, որ առկա է հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից դուրս կան այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կխրախուսեինք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների [սեղանի շուրջ]՝ քննարկելու և, ի վերջո, լուծում տալու այդ հարցերին»,- եզրափակել է Մեթյու Միլերը:

XS
SM
MD
LG