«UNHCR»-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և հարգել միջազգային մարդասիրական և փախստականների իրավունքը:
«Այսօր՝ կեսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ից Հայաստան է մուտք գործել մոտ 19 հազար մարդ, ինչը երեք անգամ ավելի է երեկվա համեմատ։ Սահմաններին երկար հերթեր են»,- իր հաղորդագրության մեջ նշում է գործակալությունը:
Ըստ «UNHCR»-ի, ժամանողների մեծ մասը խոցելի խմբերից են, այդ թվում՝ հիմնականում տարեց մարդիկ, կանայք և երեխաներ։ Հայաստան հասած մարդիկ ուժասպառ են և շտապ օգնության, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք ունեն։ Գիշերները ցրտող եղանակն ու տեղակայման համար սահմանափակ պայմանները հրատապ են դարձրել ապաստարանների տրամադրումը:
«Տասնամյակներ շարունակվող այս հակամարտությունը, որը կրկին բռնկվել է, հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է հանդիսացել։ Մեր թիմերը տեղում են և փորձում են անհապաղ օգնություն ցուցաբերել։ Պետք է համոզվենք, որ քաղաքացիական անձինք պաշտպանված են, և մարդասիրական օգնությունը կարող է հասնել կարիքավորներին»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության, Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել համակարգող կառույցի ստեղծմանը՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, որի նպատակն է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի հետ միասին համատեղ իրականացնել միջգերատեսչական արտակարգ իրավիճակների և արձագանքման ծրագիրը՝ օգնելու կառավարությանը:
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին «UNHCR»-ն հատկացրել է ոչ պարենային ապրանքներ՝ ծալովի մահճակալներ ու ներքնակներ: Նախապատրաստվում է այլ ապրանքների տրամադրում ևս, քանի որ «կարիքները շարունակում են աճել»:
Կառավարությունը տեղահանվածների համար գրանցման մի քանի կետեր է ստեղծել Սյունիքի հարավ-արևելյան հատվածում և Գեղարքունիքի մարզում, որտեղ գնահատվում են նաև պաշտպանության և օգնության կարիքները։ «UNHCR»-ը հայտնել է, թե տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը կրկնել է իր կոչը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն քաղաքացիական անձանց հետագա տեղահանմանը, և ապահովել նրանց անվտանգությունը, ապահովությունը և մարդու իրավունքները:
«Ոչ ոքի չպետք է հարկադրել է փախչել իր տանից»,- ընդգծել է «UNHCR»-ը։