Արևմտյան երկրները շարունակաբար նվազեցնում են կախվածությունը ռուսական էներգակիրներից, սակայն միջուկային վառելիքի գծով մարտահրավերը պահպանվում է: «Forbes»-ի տվյալներով, Ռուսաստանի «Росатом» պետական կորպորացիան վերահսկում է հարստացված ուրանի համաշխարհային շուկայի 38%-ը, ընդ որում ողջ Ռուսաստանը տնօրինում է 46%-ը:
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս դիմել են արևմտյան կառավարություններին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության, մասնավորապես՝ «Росатом»-ի նկատմամբ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիության ղեկավարներին կոշտացնել դիրքորոշումը․ «Ուկրաինան չի հասկանում, թե ինչու տակավին պատժամիջոցներ սահմանված չեն «Росатом»-ի նկատմամբ: Ռուսական բանակը շարունակում է գրավված պահել Զապորոժիեի ատոմակայանը՝ վտանգելով մեր [երկիրը]»:
Ատոմային էներգիայի եվրոպական հանրության՝ «Euratom»-ի տվյալներով, 2022 թվականին Եվրոպան ուրանի մոտ 17%-ը ստացել է Ռուսաստանից, շուրջ 27%-ը՝ Ռուսաստանի դաշնակից Ղազախստանից: Սպասվում է, Եվրամիության կախվածությունը ռուսական միջուկային վառելիքից կաճի, քանզի եվրոպական երկրները ձգտում են նվազեցնել կախվածությունը ռուսական այլ էներգակիրներից:
Թեև 2022 թվականին ամերիկյան ընկերությունները Ռուսաստանից 1 միլիարդ դոլարի միջուկային վառելիք են գնել, սակայն, ինչպես ասացինք, 2023 թվականի ապրիլին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց «Росатом»-ի դուստր ձեռնարկությունների նկատմամբ։
«Դեռ սկզբում, երբ 2014 թվականին ԱՄՆ կառավարության համար նախապատրաստում էի պատժամիջոցները, դիմեցի այն ընկերություններին, որոնք բիզնես են անում Ռուսաստանում, գտնել ուղիներ՝ դիվերսիֆիկացնելու իրենց աղբյուրները, որպեսզի ռուսները զրկվեն լծակներից: Կարծում եմ, բավականին ուշացել ենք միջուկային վառելիքի մեր աղբյուրները դիվերսիֆիկացնելու գործում»,- ասում է «Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան Դենիել Ֆրիդը:
Վիրջինիա Թեք համալսարանի գիտության և տեխնոլոգիաների ուսումնասիրությունների գծով գիտաշխատող Սոնյա Շմիդի կարծիքով, Արևմուտքը կարող է գտնել ուրանի այլ մատակարարներ, սակայն գործընթացը ժամանակ է պահանջում․ «Չեք կարող այդ հարցը լուծել մեկ գիշերվա ընթացքում։ Այն ժամանակ է պահանջում, ներդրումներ և թանկ է: Կապիտալիստական հարաբերություններում փնտրում եք, թե ով է արդեն ստեղծել նման ապրանք և կարող է մատակարարել»:
Ուկրաինան նպատակ ունի դառնալ այդպիսի մատակարար-երկիր։ Էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի խոսքով, նախ՝ 2022 թվականի հունիսին Կիևը պայմանագիր է ստորագրել ամերիկյան «Westinghouse» ընկերության հետ՝ ուկրաինական բոլոր ատոմակայաններին միջուկային վառելիք մատակարարելու նպատակով։ Բայց ըստ նախարարի, Ուկրաինան կարող է սկսել սեփական միջուկային վառելիքի արտադրությունը մոտ երեք տարվա ընթացքում և միջուկային վառելիք մատակարարել Չեխիային, Սլովակիային, Ֆինլանդիային և Բուլղարիային, ուր գործում են ատոմային նույն ռեակտորները, ինչ Ուկրաինայում․ «Սա մեզ թույլ կտա ձերբազատվել ռուսական մենաշնորհից, որն այսօր, ցավոք, առկա է»:
Որոշ եվրոպական երկրներ արդեն քայլեր են ձեռնարկել՝ նվազեցնելու կախվածությունը ռուսական միջուկային վառելիքից։ Ֆինլանդիան խզել է համաձայնագիրը Ռուսաստանի հետ՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ, իսկ հարևան Շվեդիայի «Vattenfall» պետական ձեռնարկությունը ընդհանրապես հրաժարվել է գնել ռուսական միջուկային վառելիքը:
Այսքանով հանդերձ՝ արևմտյան բազմաթիվ երկրներ տակավին կախված են ռուսական միջուկային վառելիքից, ինչը որոշակի առումով սահմանափակում է Կրեմլի նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունավետությունը։ Փորձագետների կարծիքով, լուծումն այլընտրանքային աղբյուրներ գտնելն է, և Ուկրաինան հույս ունի դառնալ դրանցից մեկը: