Մատչելի հղումներ

Միջուկային էներգիային նախընտրություն տվող երկրների թվի ավելացումը, փորձագետների կարծիքով, մտահոգիչ է միջուկային զենքի տարածման տեսանկյունից


Շրջակա միջավայրին քարածուխի և գազի հասցրած վնասների շուրջ առաջ եկած մտահոգությունների պայմաններում զգալի աճել է միջուկային էներգիայի պահանջարկը: Սակայն փորձագետների կարծիքով, այս միտումը վտանգավոր է միջուկային զենքերի տարածման տեսանկյունից:

Երկրաբանների շրջանում վերջին հարցախույզի համաձայն` տասը գիտնականից ութը պնդում են, որ տեղի է ունենում երկրագնդի ջերմացում: Սակայն այս վտանգին զուգահեռ` միջուկային բնագավառի փորձագետները մեկ այլ վտանգի մասին են զգուշացնում:

Նրանք կարծում են, որ շրջակա միջավայրին վնաս հասցնելու փոխարեն միջուկային էներգիա նախընտրող բազմաթիվ երկրներ կարող են սկսել միջուկային զենք մշակել: Օրինակ` Եվրոպայում նավթի և գազի ամենախոշոր ներմուծող Իտալիան այն 12 երկրներից է, որ անցյալ տարի հրապարակեց շուրջ 34 նոր միջուկային ռեակտորի կառուցման նախագիծ:

Իր պաշտոնամուտի ելույթում այս խնդրին է անդրադարձել նաև նախագահ Բարաք Օբաման: "Հին բարեկամների և երբեմնի թշնամիների հետ մեկտեղ մենք կշարունակենք մեր ջանքերը` նվազեցնելու միջուկային սպառնալիքը և թեթևացնելու մոլորակի ջերմացման ներկա ծավալները”, ասել է նա:

ԱՄՆ-ի Խաղաղության հաստատությունում վերջերս հավաքված մի խումբ փորձագետներ Օբամայի վարչակազմին կոչ են արել միջազգային նոր կարգ հաստատել: Նրանք առաջարկել են թույլ տալ պետություններին էներգետիկ նպատակներով միջուկային վառելիք ձեռք բերել` օգտագործված վառելիքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը վերադարձնելու պայմանով:

Սակայն միջուկային զենքի չտարածման գծով Սպիտակ տան նախկին պատասխանատու Դենիել Փոունմանի կարծիքով, միջազգային հանրությունը պետք է արժանահավատ երաշխիքներ ապահովի միջուկային վառելիքի կիրառման համար:

"Խոսքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ընդունվող առևտրային, պետական և միջազգային երաշխիքների մասին է: Կարծում եմ` տնտեսական լծակները միանգամայն անհրաժեշտ են` համաշխարհային աղետից խուսափելու համար”, նշել է պարոն Փոունմանը:

Փորձագետները նշել են, որ նախագահ Օբաման միաժամանակ ժառանգել է Հյուսիսային Կորեայի և Իրանի խնդիրները: Սակայն նախկինում պաշտպանության փոխնախարար Էրիկ Էդելմանն ասել է, որ դիվանագիտությունն այս հարցում կարող է արդյունավետ լինել: "Մենք պետք է առավել մեծ ջանքեր գործադրենք` միջազգային հանրության ուշադրությունը բևեռելու ապագայում մեզ սպասվող մարտահրավերներին և առավել արդյունավետ կիրառենք տնտեսական պատժամիջոցները, որոնք մինչ այժմ կիրառվել են Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ”, նշել է նա:

Իրանի ուրանի հարստացման ծրագրի կասեցման նկատառումով` Միավորված ազգերի կազմակերպությունը պատժամիջոցների երեք տարբեր փաթեթներ է կիրառել, որոնց և ոչ մեկին Իրանը չի ենթարկվել:

Նման անհաջողության պատճառներից մեկը, փորձագետների կարծիքով, ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն է: Դիվանագիտության ազգային ինստիտուտից Ռոբերտ Ջոզեֆն նշել է, որ Ռուսաստանն իր ռազմավարական և առևտրային շահերն է հետապնդում. "Այդ շահերը, որոշ առումով, դեմ են ԱՄՆ-ի` դիվանագիտական հաղթանակ հաստատելու ցանկությանը”, ասել է նա:

Միևնույն ժամանակ Ռոբերտ Ջոզեֆը հույս է հայտնել, որ Օբամայի վարչակազմին կվիճակվի այս հարցում Մոսկվայի հետ որոշակի համաձայնություն ձեռք բերել:

"Ինչպես միջուկային ահաբեկչության դեմ պայքարը, այնպես էլ միջուկային էներգիայի բնագավառում նախաձեռնությունը համագործակցության հնարավորություն են ստեղծում ռուս-ամերիկյան կարևորագույն շահերի խաչման բնագավառներում”, ասել է նա:

Փորձագետները հույս են հայտնել, որ ի վերջո միջազգային հանրությանը կհաջողվի համաձայնության գալ մի այնպիսի համակարգի շուրջ, որը թույլ կտա ընդլայնել միջուկային էներգիտակայի ծավալները` չմեծացնելով միջուկային զենքերի տարածման վտանգը:

XS
SM
MD
LG