Հայտարարությունում նշված է, որ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ի ցույց դրեց հարևան երկրների ու եվրոպական անվտանգության ճարտարապետության նկատմամբ Կրեմլի քաղաքականության ավելի ագրեսիվ դրսևորումը։
«Դատապարտում ենք Ռուսաստանի ներխուժումը, շարունակական ռազմական ներկայությունը և վերահսկողության իրականացումը Աբխազիայում և Հարավային Օսիայում՝ Ցխինվալի շրջանում, որոնք Վրաստանի անբաժանելի մասն են, ինչպես նաև Ռուսաստանի քայլերը՝ բռնակցելու վրացական այս շրջանները»- ասված է հայտարարությունում։
Այնուհետև կարդում ենք․ «Եվս մեկ անգամ դատապարտում ենք ռուսական մշտական սադրանքները, որոնք զուգահեռ են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության չարդարացված ագրեսիային»։
Հայտարարությունը նաև դատապարտում է Վրաստանի քաղաքացիներ Դավիթ Բաշարուլիի, Գիգի Օտխոզորիայի և Արչիլ Տատունաշվիլիի սպանությունները, որոնց մեղավորները տակավին պատասխանատվության չեն ենթարկվել։
«Նաև ընդգծում ենք, որ [կարևոր է] 2008 թվականին [Վրաստան] ռուսական ներխուժման ժամանակ և դրանից հետո քաղաքացիական անձանց դեմ իրականացված ռազմական հանցագործությունների համար Միջազգային քրեական դատարանի կողմից ձերբակալության օրդերների իջեցման անհրաժեշտությունը»,- նշված է փաստաթղթում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրները կոչ են արել դեպի Աբխազիա և Ցխինվալի շրջան (Հարավային Օսիա) մուտք ապահովել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրամիության դիտորդական առաքելության համար:
ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Մալթան, Միացյալ Թագավորությունն ու Ալբանիան համատեղ հայտարարությամբ ընդգծել են ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա՝ հաշվի առնելով նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիան։
«Կրկին կոչ ենք անում Ռուսաստանին՝ ամբողջությամբ կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ ստորագրված զինադադարի համաձայնագրով նախատեսված իր պարտականություններն ու պարտավորությունները և անհապաղ դուրս բերել իր ռազմական և անվտանգային ուժերը Վրաստանի տարածքից»,- եզրափակել են հայտարարության հեղինակները։