Երեքշաբթի ուշ երեկոյան Թբիլիսիում, ոստիկանության հետ սկսված բախումների ընթացքում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել: Բողոքի ցույցերը սկսվել էին օտար գործակալությունների մասին խորհրդրանում օրինագծի հրապարակումից հետո: Մարդիկ Վրաստանում կարծում են, որ Ռուսաստանի նմանությամբ ընդունվելիք օրենքի նպատակը մամուլի ազատությունը կրճատելն է:
Ոստիկանները կառավարական շենքերի մոտ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:
Օրենքը, որը ստացել է նախնական հաստատում խորհրդարանաում, պահանջում է, որ օտարերկրյա աղբյուրներից առնվազն 20 տոկոսի ֆինանսավորում ստացող լրատվամիջոցները կամ պետական կազմակերպություններն այստեղ գրանցվեն որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»:
Ինչպես Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի եվրասիական բաժնի տնօրեն Ջոն Հերբսթն է ասում, այս օրինագիծը եւ ցույցերը ցրելու եղանակը եւս մեկ անգամ ցույց են տալիս դեպի ավտորիտար իշխանություն անցնելու Վրաստանի կողմից իրականացվող քայլերը: Եվ դա մի այնպիսի երկրում, ասում է նա, որտեղ անցած մի քանի տասնամյակների ընթացքում ժողովուրդը ցանկանում էր շարժվել դեպի Արեւմուտք:
Նույն կարծիքին է Ռուսաստանի եւ Եվրասիայի պատմության դասախոս Ջեֆ Սահադեոն, ում խոսքերով, ‘’Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն մեկն է այն քայլերից, որոնք ապացուցում են, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է թափանցիկությունից եւ հաշվետվողականությունից: ‘’Սա ժողովրդավարական ազատություններից հետ կանգնելու մի ցայտուն օրինակ է’’, ասում է նա:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ վետո կդնի օրինագծի վրա: Սակայն նախագծի հեղինակներն ասում են, որ այս օրենքն անհրաժեշտ է օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու համար: Նրանք պնդում են, որ խորհրդարանն ունի նախագահի վետոները չեղարկելու իրավունք:
Այնպես որ հարցը դեռ առջեւում է, երբ վրաց ժողովուրդը պիտի ապացուցի` հանդուրժում է մամուլի ազատության կրճատում` ի վնաս ժողովրդվարության, թե պայքարում է դրա դեմ` հօգուտ ազատության: