Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Ալֆա Գրուպի» հետ կապված ռուս օլիգարխների նկատմամբ


ԱՄՆ ֆինանսների նախարարություն
ԱՄՆ ֆինանսների նախարարություն

Ռուս գործարարներ Պետր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, Գերման Խանը և Ալեքսեյ Կուզմիչևը ներառվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում։

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը հայտարարել է չորս ռուս օլիգարխների և ռուսական առաջատար բիզնես ասոցիացիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին ասված է ուրբաթ օրը ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պետր Ավենի, Միխայիլ Ֆրիդմանի, Գերման Խանի և Ալեքսեյ Կուզմիչևի անուններն այսօր ներառվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում։ Նրանք բոլորն էլ Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական և ներդրումային կոնգլոմերատներից մեկի՝ «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի վերահսկիչ խորհրդի անդամներ էին։ Այս գործարարներն արդեն գտնվում են Ավստրալիայի, Կանադայի, Եվրամիության, Նոր Զելանդիայի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ:

«Ռուսական վերնախավի հարուստ անդամները պետք է հասկանան, որ իրենք չեն կարող իրենց բիզնեսը սովորականի պես վարել, քանի դեռ Կրեմլը պատերազմ է մղում ուկրաինացի ժողովրդի դեմ», - ասել է ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեեմոն։ «Մեր միջազգային կոալիցիան կշարունակի պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր նպաստում են Ուկրաինա չարդարացված և անհիմն ներխուժմանը»:

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, որը վերահսկում է Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական ոլորտը, նույնպես ներառվել է ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում։ Միությունն ունի բազմաթիվ համակարգող խորհուրդներ, այդ թվում՝ ներմուծման փոխարինման, տեխնոլոգիական անկախության և տեխնոլոգիաների զարգացման հարցերով:

Միությունն ընդգրկվել է պատժամիջոցների ցանկում՝ համաձայն 14024 վարչական որոշման՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսության տեխնոլոգիական ոլորտում ներգրավվելու համար:

Ռուսական ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և «Ալֆա Գրուպի» վերահսկիչ խորհրդի անդամ Պետր Ավենը, հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը, որը դեռևս ներգրավված է կոնսորցիումի գործունեության մեջ, և «Ալֆա Գրուպի» վերահսկիչ խորհուրդի և ներդրումային ընկերության ղեկավար Ալեքսեյ Կուզմիչևը ներառվել են պատժամիջոցների ցուցակում՝ Ռուսաստանի տնտեսության ֆինանսական հատվածին մասնակցելու համար։ Ֆրիդմանը նույնպես պատժամիջոցների տակ է հայտնվել Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության գործունեությանը մասնակցելու պատճառով։

«Ալֆա Գրուպի» վերահսկիչ խորհրդի անդամ և ռուսական շինարարական ընկերության խորհրդի նախագահ Գերման Խանը պատժամիջոցների է ենթարկվել Ռուսաստանի տնտեսության ֆինանսական և շինարարական ոլորտներում ներգրավվածության համար։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետքարտուղարության կողմից ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ նույնպես հայտնել է «Ալֆա Գրուպի» գործունեության մեջ ներգրավված չորս օլիգարխների և ՌԴ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության դեմ պատժամիջոցների կիրառման մասին։

«Միացյալ Նահանգները կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր նպաստում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին և շահ ունեն դրանից», - ասել է պետքարտուղարը։

XS
SM
MD
LG