Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակը մտադիր է ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական ճնշումը


Մեծ յոթնյակի անդամ-պետությունները մտադիր են նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ և ճնշում բանեցնել այն երկրների ուղղությամբ, որոնք օգնում են Կրեմլին խույս տալ սահմանափակումներից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ յոնթնյակի անդամ-պետությունենրի այլ ղեկավարներ ժամանել են Ճապոնիա՝ իրենց ճամպրուկներում ունենալով Մոսկվայի համար նախատեսված նոր պատժամիջոցներ, որոնց նպատակն է հյուծել ուկրաինական պատերազմը շարունակելու Կեմլի կարողությունները։

Գագաթնաժողովը հյուրընկալող Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի հետ հանդիպմանը Բայդենը հայտարարել է, որ Մեծ յոթնյակը ընդհանուր արժեքներ է կիսում։ «Այդ թվում՝ աջակցել Ուկրաինայի ժողովրդին՝ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում, և պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին՝ դաժան ագրեսիայի համար»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։

Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների մեծ մասը ամերիկյան են, որոնք նաև սառեցրել են մեծահարուստ տարբեր ռուսաստանցիների ունեցվածքը՝ 58 միլիարդ դոլար արժողությամբ:

Ատլանտյան խորհրդի Տնտեսական հարցերով կենտրոնի տնօրեն Քիմբերլի Դոնովանն ասում է․ «Թեև 2022 թվականը պատժամիջոցների [սահմանման] տարի էր, կարծում եմ, որ այս տարին այդ պատժամիջոցների կիրառման տարի է լինելու։ [Բացի այդ] արտահանման նկատմամբ կարող է լրացուցիչ վերահսկողություն իրականացվել, որպեսզի Ռուսաստանը չկարողանա ամրապնդել իր ռազմական կարողությունները»:

Այնուամենայնիվ, Մեծ յոթնյակը չի պատրաստվում համընդհանուր արգելք սահմանել Ռուսաստան արտահանվող ապրանքների նկատմամբ։

Գագաթնաժողովի օրակարգում է նաև լինելու Չինաստանի կողմից կիրառվող «տնտեսական պարտադրանքի» դեմ պայքարը։ Պեկինն այն օգտագործվում է քաղաքական նպտականերով:

«Կցանկանայի գագաթնաժողովում ի ցույց դնել Մեծ յոթնյակի վճռականությունը՝ պաշտպանելու իրավունքի գերակայության վրա հիմնված միջազգային կարգը»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան։

Յոթ տերությունների ղեկավարները այցելել են 1945 թվականին Հիրոսիմայի ամերիկյան ռմբակոծությունից հետո կանգուն մնացած միակ կառույցը։ Այն այժմ խորհրդանշում է խաղաղությունը:

XS
SM
MD
LG