Մատչելի հղումներ

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն լսել է Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները


Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնո
Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնո

Նիկոլ Փաշինյանը կրկին Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանի  ուղարկած հումանիտար բեռի մուտքը Ղարաբաղ։

«Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը, թե ինչո՞ւ նրանք չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը»․ ասաց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ արտաքին գործերի նախարար Միրզոյանը հանդիպե՞լ են տարածաշրջանային մեկօրյա այցով Երևանում գտնվող Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, դեռևս հայտնի չէ։ Հաղորդվում է սակայն, որ Լուիս Բոնոն աշխատանքային հանդիպումներ ունեցել է ՀՀ արտգործնախարարությունում։ Պաշտոնական տեղեկատվություն տարածվել է միայն ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման մասին։

ՀՀ ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Արմեն Գրիգորյանը Լուիս Բոնոյին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները՝ ընդգծելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը:

Լուիս Բոնոն արդեն մեկնել է Բաքու, որտեղ ըստ ադրբեջանական պաշտոնական լրահոսի, ամերիկացի բանագնացը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը փոխանցել է, որ Բայրամովը հանդիպման ժամանակ շեշտել է, թե Հայաստանը՝ չկատարելով ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել իր զինուժը։ Նա նաև հերքել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շրջափակման ենթարկելու հայտարարությունները և կրկին Լաչինի միջանցքին այլընտրանք առաջարկել Աղդամի ճանապարհը։

Հայաստանի ղեկավարությունը շարունակում է միջազգային ատյաններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելին՝ հեռախոսազրույցով։

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը:

Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը X սոցիալական հարթակում գրառման միջոցով անդրադարձել է արտգործնախարար ՄԻրզոյանի հետ հեռախոսազրույցին: Նա կարևորել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ զրույցը՝ «Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար իրավիճակի մասին»: Իր գրառման մեջ նշվում է. «Եվրամիությունը վերահաստատեց աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացմանը՝ հումանիտար օգնության առաքումը հնարավոր դարձնելու համար»: Բոռելը նաև կարևորել է «Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև» բարեխիղճ երկխոսությանը վերադառնալու անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG