Մատչելի հղումներ

Զելենսկին կոչ է արել աշնանն անցկացնել խաղաղության գագաթնաժողով


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահն ընդգծել է` այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ընթացող բանակցություններն այդ նպատակին միտված քայլ են։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի հայտարարել է, թե հույս ունի այս աշնանը Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով անցկացնել, և որ այս շաբաթ Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցություններն այդ նպատակին միտված քայլ են։

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հայտարարության համաձայն, Զելենսկին նշել է, որ օգոստոսի 5-ին և 6-ին Սաուդյան Արաբիայում` Ջիդդայում կայանալիք հանդիպմանը ներկա կլինի գրեթե 40 երկիր։

«Աշխատում ենք, որպեսզի այն` [գագաթնաժողովը] տեղի ունենա այս աշնանը»,- ասել է նա` հավելելով. «Աշունը մոտենում է, դեռ ժամանակ կա գագաթնաժողովին պատրաստվելու և աշխարհի մեծ մասին մասնակից դարձնելու համար»:

Զելենսկին և նրա թիմը աշխատում են դաշնակիցների հետ՝ ձգտելով լայն աջակցություն ապահովել խաղաղության գագաթնաժողովին, ուր նախատեսված է սահմանել այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է իր ավարտը գտնի ուկրաինական պատերազմը։

Զելենսկին առաջ է մղում խաղաղության իր ծրագիրը՝ ձգտելով ստանալ լայն միջազգային աջակցություն
please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00

Սպասվում է, որ գագաթնաժողովում որպես քննարկումների հիմք ընդունվելու են դեռ անցած աշնանը Կիևի մշակած 10 կետերը` Ուկրաինայի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնում, ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովում, միջուկային անվտանգություն, բոլոր գերիների ազատ արձակում և այլն։

Ուկրաինայի և արևմտյան երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանը չի մասնակցելու գագաթնաժողովին։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծել է` Ջիդդայում կայանալիք հանդիպումը հնարավորություն կընձեռի ավելի շատ երկրներ ներգրավվել՝ Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիրն առաջ մղելու գործում:

«Նպատակներից է մեծացնել միջազգային հանրության տեղեկացվածությունը նախագահ Զելենսկու խաղաղության բանաձևի մասին, ինչպես նաև ընդլայնել այդ ծրագրին միտված աջակցությունը: Այս ամենի առանցքային բաղադրիչը, որը չպետք է դուրս մնա մեր ուշադրությունից, հանձնառությունն է տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Նախագահ Զելենսկու բանաձևն ամբողջապես հենվում է ՄԱԿ-ի կանոնադրության այս սկզբունքի վրա: [Ի աջակցություն այդ ծրագրին] կարող է ստորագրել յուրաքանչյուր ժողովուրդ կամ պետություն, բացի Ռուսաստանից»,- ընդգծել է Քըրբին:

Խոսելով հանդիպմանը Մոսկվայի բացակայության մասին` Քըրբին պարզաբանել է, որ Սաուդյան Արաբիայում նախատեսվող հանդիպումը ոչ թե բանակցային գործընթած է, այլ նախագահ Զելենսկու խաղաղության բանաձևը կյանքի կոչելու փորձ:

Ջիդդայի հանդիպումը չպետք է դիտվի որպես մի համաժողով, որը կհանգեցնի շոշափելի արդյունքների ռազմական գործողությունների դադարեցման գործում: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր վերաբերմունքը Զելենսկու խաղաղության ծրագրին, «Ամերիկյաի ձայնին» փոխանցել է Քըրբին:

XS
SM
MD
LG