Մատչելի հղումներ

Կրեմլը հերքում է, թե Ղրիմի կամուրջն օգտագործում է ռազմական նպատակներով


Ղրիմի կամուրջը վնասվել է ենթադրյալ հարձակման հետևանքով
Ղրիմի կամուրջը վնասվել է ենթադրյալ հարձակման հետևանքով

Բազմաթիվ տեսանյութեր, քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց պնդումներ վկայում են, որ Կերչի նեղուցով անցնող կամրջով Ռուսաստանը ռազմական տեխնիկա, զինամթերք ու վառելիք է տեղափոխում բռնազավթած տարածքներ։ Հետևաբար, այն օրինական թիրախ է Ուկրաինայի համար

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ղրիմի կամուրջը (հայտնի է նաև որպես Կերչի կամուրջ) հարձակման ենթարկվեց անօդաչուների կողմից։ Կառույցը, որը կապում է Ռուսաստանը և ռուսական զորքերի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզին, լրջորեն վնասվեց, զոհվեցին երկու հոգի։

Հաջորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտարարեց, որ պայթյունների հետևանքով ավերվել է կամրջի երթևեկելի ճանապարհի մի մասը, և որ քանդված հատվածը կվերականգնվի։

Վկայակոչելով երկրի Անվտանգության ծառայության անանուն աղբյուրները՝ ուկրաինական լրատվամիջոցները հայտնեցին, թե կամուրջը պայթեցրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի անօդաչուներով։

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց կառուցել այդ կամուրջը, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը 2014 թվականին։

Առաջին անգամ կամուրջը հարձակման ենթարկվեց անցած տարվա հոկտեմբերին։ Կամրջի երկու երթևեկելի հատվածները վերականգնվել էին միայն փետրվարին, իսկ երկու երկաթուղային գծերը վերսկսել են բնականոն աշխատանքն ավելի ուշ՝ մայիսին։

Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հուլիսի 17-ի հայտարարությամբ դատապարտելով հարձակումը՝ պնդել էր, թե Ղրիմի կամուրջը «բացառապես քաղաքացիական օբյեկտ է»։

«Ռուսաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է ահաբեկչական հարձակումը Ղրիմի կամրջի վրա, որը բացառապես քաղաքացիական օբյեկտ է»։

Ռուսաստանի արտգործնախարարության այս կեղծ պնդմանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով («Polygraph.info»)։

Լրատվամիջոցներում, պաշտոնատար անձանց և փորձագետների վկայությունները

2018 թվականի մայիսից ռուս զինվորականներն օգտագործում են Ղրիմի կամուրջը՝ բռնազավթված Ղրիմ Ռուսաստանից ռազմական տեխնիկա տեղափոխելու համար:

2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, կամուրջը դարձավ առանցքային տրանսպորտային ուղի՝ Ուկրաինա ռազմական մեքենաների, հրետանու, զինամթերքի, վառելիքի և զինվորական անձնակազմի տեղափոխման համար։

Ռուս զինվորականների կողմից կամրջի օգտագործումը փաստագրված է տեսագրություններով, ռազմական փորձագետների, ինչպես նաև ուկրաինացի և ռուս պաշտոնատար անձանց կողմից։

Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի քույր կազմակերպության՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (RFE/RF), ավելի քան հինգ տարի Ռուսաստանը Ղրիմի կամուրջն օգտագործում է ռազմական նպատակներով։

«Ղրիմ մեկնող ռուսական ռազմական տեխնիկայի շարասյուների տեղաշարժերը արձանագրվել են դիտորդների կողմից՝ Կերչի կամրջի շինարարության ավարտից և ավտոերթևեկության բացումից հետո՝ 2018 թվականին։ 2019 թվականի վերջին երկաթուղային հաղորդակցության գործարկումով սովորական երևույթ է դարձել նաև ռազմական շարասյուների տեղաշարժը»։

2022 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության «YouTube»-ի ալիքում հրապարակվել է տեսանյութ, ուր երևում է, որ կամրջի երկաթուղով փոխադրվող ռազմական տեխնիկան, այդ թվում՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և ինքնագնաց հրետանային կայանքներ։

Հաջորդ օրը՝ 2022 թվականի փետրվարի 17-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Звезда» հեռուստաալիքը հայտնել է.

«Հարավային ռազմական օկրուգի զորամասերը Ղրիմի ուսումնավարժական զորավարժություններից հետո վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, զորավարժությունների ավարտից հետո, Ղրիմի կամրջով արդեն անցել է զինտեխնիկայի հերթական շարասյունը։ Կերչի կամրջով անցնում են ինչպես տեխնիկայով բարձված գնացքներ, այնպես էլ տուն վերադարձող ավտոշարասյուներ»։

2022 թվականի օգոստոսի 26-ին «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց մի տեսանյութ, ուր պատկերված է Ռուսաստանի կողմից՝ Ղրիմի կամրջի մուտքի մոտ կանգնած ռուսական ծանր զինտեխնիկայի՝ ինժեներական մեքենաների, հաուբիցների, տանկերի, հետևակի մարտական մեքենաների և բեռնատարների շարասյունը։

2022 թվականի օգոստոսի 27-ին «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց ևս մեկ տեսանյութ, թե ինչպես են ռուս զինվորականները Ղրիմի կամրջով տեղափոխվում Ուկրաինայի հարավային՝ բռնազավթված շրջաններ։

2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի մի քանի հատվածներ հայտնվեցին ջրում։ Հրդեհվեց երկաթուղային ցիստեռն՝ մեծ վնաս հասցնելով երկաթուղային կամրջին։ Պայթյունը խլեց երեք մարդու կյանք։

Նույն օրը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Յուրի Աֆոնինը հայտարարեց, որ կամուրջը պայթեցվել է խնդիրներ ստեղծելու՝ Խերսոնի մարզում «սահմանների ամրացման» համար և «նյութատեխնիկական բնույթի խնդիրներ ստեղծելու» նպատակով։

Նաև 2022 թվականի հոկտեմբերի 8-ին «The New York Times»-ը մեջբերեց անանուն «ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի», որը, ըստ թերթի, «հաստատել է՝ պայթյունի հետևում կանգնած են Ուկրաինայի հետախուզական ծառայությունները»։

Այնուամենայնիվ, 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կանադական «CTV News»-ին հայտնեց. «Որքան ինձ հայտնի է, մենք հաստատ այն չենք պատվիրել»։

2023 թվականի հուլիսի 8-ին՝ կամրջի առաջին ռմբակոծությունից ինն ամիս անց, Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը խոստովանեց, որ Կիևը թիրախավորել է կամուրջը՝ խափանելու ռուսական բանակի մատակարարման ուղիները։

Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները Ղրիմի կամուրջը բազմիցս են կոչել ռուսական բանակի համար «լոգիստիկ երթուղի», հետևաբար՝ օրինական ռազմական թիրախ ուկրաինական ուժերի համար։

Հուլիսի 17-ին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) գրեց, թե Ղրիմի կամուրջը մատակարարման կարևոր ուղի է Ուկրաինայի հարավում գտնվող ռուսական զորքերի համար.

«Կերչի կամուրջը ցամաքային հաղորդակցության երկու ուղիներից մեկն է, որն ապահովում է ռուսական զորքերի հարավային խմբավորմանը, իսկ մյուս ուղին անցնում է բռնազավթված Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերով։ Հետևաբար, այս երթուղին կարևոր է Ուկրաինայի հարավում գտնվող մեծ թվով մեքենայացված ռուսական ուժերի մատակարարման համար, որոնք անհրաժեշտ են ուկրաինական հակահարձակումներին դիմակայելու համար»։

Հուլիսի 17-ին «BBC»-ի ռուսական ծառայության ռազմական մեկնաբան Պավել Ակսյոնովը Ղրիմի կամուրջն անվանել է «կարևոր [ուղի]՝ Ուկրաինայում ռուսական զորքերի մատակարարման համար»։

«Ղրիմի կամուրջը Ուկրաինայի հարավային շրջաններում գտնվող ռուսական բանակի մատակարարման շղթայի կարևոր օղակն է, ենթակառուցվածքի կարևոր տարրը և թերակղզու ռուսական բռնակցման խորհրդանիշը»։

Նույն օրը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարեց, որ Ռուսաստանը Ղրիմի կամուրջն օգտագործում է ռազմական նպատակներով։

«Ճշմարտությունն այն է, որ ավերված ռուսական կամուրջը նշանակում է ավելի քիչ կործանված ուկրաինական կյանքեր, քանի որ այդ կամուրջն օգտագործվում է բռնազավթված Ղրիմում և Ուկրաինայի հարավի բռնազավթված տարածքներում ռուսական բանակի ռեսուրսները համալրելու համար»։

XS
SM
MD
LG