Մատչելի հղումներ

Ռուսաստանը պատրաստվում է «մեծ» պատերազմի՝ խստացնելով զորահավաքի մասին օրենսդրությունը


Ռուսաստանի Դաշնության Պետդումա
Ռուսաստանի Դաշնության Պետդումա

Փորձագետները քննարկում են Պետդումայի կողմից վավերացված օրենսդրական փաթեթը։

Ռուսաստանի Դաշնության Պետդուման օրերս հավանություն է տվել զորակոչի մասին օրենսդրության փոփոխությանը։

Բարձրացվել է զորակոչի ենթակա անձանց տարիքային շեմը՝ մինչև 30 տարեկան, կտրուկ ավելացել է զինկոմիսարիատ չներկայանալու համար նախատեսված տուգանքի չափը՝ մինչև 30 հազար ռուբլի (նախկինում տասն անգամ պակաս էր): Արգելվում է արտասահման մեկնել այն անձանց, ում զորակոչվելու մասին ծանուցումը տեղադրված է էլեկտրոնային մատյանում: Բացի այդ, բժշկական և ուսումնական հաստատությունները պարտավորվել են ժամկետային զինծառայողների մասին տեղեկությունները փոխանցել զինկոմիսարիատներ, իսկ փաստաբաններին արգելվել է ներկայացնել քաղաքացիների շահերը զինկոմիսարիատներում և գանգատվել հանձնաժողովների գործողությունների դեմ: Միևնույն ժամանակ, ժամկետային զինծառայողներին թույլատրվել է պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ՝ մեկ ամիս ծառայելուց հետո։

Փոփոխությունների հեղինակ, Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը քվեարկության նախօրեին իր գործընկեր-պատգամավորներին ասել է. «Այս օրենքը գրվել է մեծ պատերազմի, ընդհանուր զորահավաքի համար։ Այժմ արդեն մեծ պատերազմի հոտ է գալիս»:

Վերլուծաբանների կարծիքով՝ ձեռնարկված միջոցառումները նորակոչիկների թիվը կավելացնեն ավելի քան երկու միլիոնով։

Արդեն մեծ պատերազմի հոտ է գալիս. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Կարտապոլով
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00

Այս օրենսդրական փոփոխությունները հարկ է դիտարկել որպես պաշտպանության նախարարության կողմից իրականացվող նախապատրաստության մաս, որպեսզի դյուրացվի մարդկանց զանգվածային զորակոչը՝ կարծում է «Կովչեգ» նախագծի հիմնադիր, իրավաբան Անաստասիա Բուրակովան: Նրա խոսքով, եթե նախկինում օրենսդրությունը զինկոմներին էր վերապահում զորակոչիկների հավաքագրման պարտականությունները, ապա այժմ այդ պատասխանատվությունն ամբողջությամբ դրված է ինչպես զինակոչիկի, այնպես էլ նրա գործատուի կամ ուսումնական հաստատության վրա։

«Այժմ բավական դժվար, իրականում՝ անհնար կլինի խուսափել ծանուցում ստանալուց»,- ավելացրել է նա «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում․ «Շոշափելի տուգանքներ են սահմանվել ոչ միայն զինկոմիսարիատ չներկայանալու, այլև բնակության վայրի մասին թարմացված տեղեկատվություն չտրամադրելու համար։ Եթե անձը չի ապրում գրանցման հասցեում, նա պարտավոր է հայտնել իր փաստացի բնակության հասցեն»:

Միևնույն ժամանակ, ըստ Բուրակովայի, պետք չէ գերագնահատել ռուսական ռեպրեսիվ համակարգի իրական հնարավորությունները, «քանի որ այն բավականին կոռումպացված է և անարդյունավետ»։

«Բացի այդ, չկա համապատասխան փոխագործակցութան մակարդակ, նամակագրությունը դեռևս հաճախ իրականացվում է թղթային ձևով, իսկ գերատեսչությունները, ըստ էության, չունեն որևէ միասնական էլեկտրոնային տվյալների շտեմարան: Հատկապես ցածր է թվայնացման մակարդակը Մոսկվայից դուրս՝ հեռավոր շրջաններում: Ուստի, չէի ասի, որ իշխանությունները դյուրությամբ կկարողանան իրականացնել իրենց ծրագրերը: Սակայն, այն պահից, երբ գործարկվի զինվորական հաշվառման միասնական շտեմարանը, ամեն ինչ կաշխատի ժամացույցի նման»,- ասել է նա։

Փաստաբանի խոսքով, անհնար է կանխատեսել Կրեմլի հետագա գործողությունները, քանի որ դրանք «ավելի են շիզոֆրենիկ բնույթ կրում»:

Անաստասիա Բուրակովան ամփոփեց, թե ամեն ինչ, հավանաբար, կախված կլինի ճակատում տիրող իրավիճակից, թե ինչպես կանցնի ուկրաինական հակահարձակումը։ Չի կարելի բացառել «մասնակի-համընդհանուր» զորահավաքը։ Ի դեպ, զորահավաք անցկացնելու հրամանը դեռ ուժի մեջ է։ Ուստի, այդ մասին կարող է հայտարարվել ցանկացած պահի, և նոր կարգավորող ակտի կարիք չկա։

Օրենսդրական փոփոխությունների ողջ նպատակն է ապացուցել Արևմուտքին, որ Մոսկվան «չի վախենում ո՛չ ՆԱՏՕ-ից, ո՛չ էլ երրորդ երկրների պատերազմի մեջ մտնելուց»՝ կարծում է «Ամենօրյա հանդեսի» գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռիկլինը՝ նշելով, թե պատահականություն չի կարող լինել պատգամավոր Կարտապոլովի արտահայտությունը, որ «մեծ պատերազմի հոտ է գալիս»։

«Հասկանալի է, որ այն գալիս է ամենաբարձր ղեկավարությունից, որոնք էլ նախաձեռնել են օրենսդրական փոփոխությունները»,- մանրամասնում է նա «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում․ «Հավանաբար, այս կերպ պատրաստվում են տարբեր տեսակի մարտահրավերների։ Միգուցե, սա նախազգուշացում է՝ ուկրաինական հարձակման կարևոր փուլից առաջ: Մոսկվան Արևմուտքին հասկացնում է, թե ոչնչի առջև կանգ չի առնի, հատկապես՝ երբ խոսքը գնում է անպաշտպան բնակչության մի ստվար հատված զոհաբերելու մասին»:

Ակնհայտ է նաև, որ իշխանություններն իրականում չեն պատկերացնում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ ընդգծում է Ռիկլինը․ «Պուտինը դեռ գործում է՝ ելնելով իրավիճակից։ Չունի որևէ ծրագիր «Բ», «Գ» կամ «Դ»։ Պարզապես արձագանքում է իրադարձություններին»:

Միաժամանակ, լրագրողը նշում է, որ իշխանությունները սահմանափակող լուրջ միջոցներ են կիրառում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն ցանկանում գնալ պատերազմ․«Զորահավաքին վերաբերող բոլոր նախաձեռնությունները, տեսականորեն կարող են երկու միլիոնով ավելացնել երկրի զինված ուժերի քանակը։ Սա հսկայական թիվ է։ Բայց կասկածում եմ այդ քայլերի արդյունավետությանը։ Իրավիճակը թեժանում է, իսկ Կրեմլում՝ գրեթե հասնում է հիստերիայի։ Որքան ցանկանում եք, կարող եք ծրագրեր կազմել, բայց գլխավորն այն է, թե դրանք ինչպես կիրականացվեն»։

Ալեքսանդր Ռիկլինը խոստովանել է, որ չափազանց թերահավատ այդ օրենսդրական փոփոխությունների նկատմամբ․ անգամ համընդհանուր զորահավաքի հայտարարությունն այսօր չի փրկի իշխանություններին։

XS
SM
MD
LG