Արևմտյան հետախուզությունը կարող է դժվարությունների բախվել՝ փորձելով հետևել Բելառուսում տեղակայված ռուսական միջուկային զենքին՝ գաղտնիության ռեժիմի պատճառով։
Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքով, այս ամռանը Ռուսաստանն իր փոքր հեռահարության միջուկային զինատեսակների մի մասը տեղակայել է Բելառուսում՝ մոտեցնելով այն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի սահմաններին։
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն տակավին չեն հաստատել հայտարարության իսկությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է միջուկային զենքին վերաբերող Մոսկվայի հռետորաբանությունը՝ այն որակելով «վտանգավոր և անխոհեմ»՝ միաժամանակ, ամսվա սկզբին ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն որևէ փոփոխություն չի նկատել ռուսական միջուկային ուժերի փոխդասավորվածությունում:
Փորձագետների մի մասն անլուրջ են որակում այս հարցում Պուտինի և Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոյի հայտարարությունները։ Մյուսները նշում են, որ արևմտյան հետախուզությունները հնարավոր է չնկատեն ռուսական միջուկային մարտագլխիկների տեղաշարժը:
Ի տարբերություն միջմայրցամաքայն բալիստիկ հրթիռների, որոնք ունակ են ոչնչացնել ամբողջական քաղաքներ, մարտադաշտում զորքերի դեմ օգտագործվող մարտավարական բնույթի միջուկային զենքի հզորությունը հասնում է մինչև մեկ կիլոտոննայի: Համեմատության համար նշենք, որ Հիրոսիմայի վրա նետված ամերիկյան ատոմային ռումբի հզորությունը 15 կիլոտոննա էր։
Մարտավարական միջուկային զենքը կոմպակտ սարքեր են և կարող են կիրառվել ռումբերի, հրթիռների, հրետանային արկերի տեսքով և տեղափոխվել բեռնատարների, ինքնաթիռների միջոցով:
Մինսկում գտնվող ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը խոսքով, նման զենքը կարող է տեղափոխվել հատուկ բեռնարկղերի միջոցով, որոնց միջով ճառագայթում չի անցնում, և այն կարող է արևմտյան հետախուզությունների համար աննկատ առաքվել Բելառուս։
Ալեսինը նշում է, որ դրանք դյուրությամբ տեղավորվում են սովորական «Ил-76» տրանսպորտային ինքնաթիռներում: Օրական տասնյակ նման թռիչքներ են իրականացվում, և ամերիկյան կողմը կարող է ուղղակի չնկատել դրանց տեղաշարժը:
Բելառուսն ունի 25 ստորգետնյա օբյեկտներ, որոնք կառուցվել են Սառը պատերազմի տարիներին, կարող են դիմանալ հրթիռային հարվածներին և նախատեսված են միջուկային մարտագլխիկներով միջին հեռահարության հրթիռների համար՝ ասում է վերլուծաբանը։ Ալեքսանդր Ալեսինը շարունակում է, թե մարտավարական միջուկային զենքերը կարող են պահվել դրանցից հինգում կամ վեցում, բայց զինվորականները սպասարկում են բոլոր օբյեկտները՝ արևմտյան հետախուզություններին շփոթեցնելու համար:
Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Դմիտրի Տրենինը, ով նախկինում ղեկավարում էր Կարնեգիի մոսկովյան կենտրոնը, գտնում է, որ այսօր չի կարելի բացառել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը՝ ընդգծելով, թե Արևմուտքի համոզմունքը, որ Պուտինը բլեֆ է անում միջուկային զենքի կիրառման հարցում, «չափազանց վտանգավոր մոլորություն է»։
Արտաքին հարաբերությունների ռուսաստանցի առաջատար փորձագետ Սերգեյ Կարագանովի խոսքով, ով Ռուսաստանի Անվտանգության խորհրդում խորհրդական է, Մոսկվան պետք է հստակեցնի իր միջուկային սպառնալիքները՝ «Արևմուտքի կամքը կոտրելու համար»։
Կարագանովի ներկայացմամբ, Բելառուսում միջուկային զենքի տեղակայումն առաջին քայլն էր։ Դրան կարող է հետևել էթնիկ ռուսներին ուղղված նախազգուշացումները, ովքեր ապրում են Ուկրաինային աջակցող երկրներում, որպեսզի նրանք դուրս գան այն տարածքներից, որոնք կարող են հայտնվել միջուկային հարվածների թիրախում:
Եթե դա չաշխատի, Կարագանովն առաջարկում է միջուկային հարված հասցնել Լեհաստանին՝ ենթադրելով, որ Վաշինգտոնը չի հանդգնի պատասխանել՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցին պաշտպանելու համար՝ վախենալով հրահրել համաշխարհային պատերազմ: