Մատչելի հղումներ

Հայաստանի կառավարությունը պետք է վերջ դնի լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգություններին. IFJ, EFJ


Լրագրողների միջազգային ֆեդերացիա (International Federation of Journalists)
Լրագրողների միջազգային ֆեդերացիա (International Federation of Journalists)

Բրյուսելում գործող լրագրողական երկու միջազգային կազմակերպություններ` «International Federation of Journalists»-ն ու «European Federation of Journalists»-ը (IFJ, EFJ) միացել են իրենց հայաստանյան գործընկերոջը՝ «Հայաստանի ժուռնալիստների միությանը» (ՀԺՄ)՝ «դատապարտելով ղարաբաղյան իրադարձությունների պայմաններում ստեղծված լարված մթնոլորտում` կառավարության աջակիցների կողմից Երևանում հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում ծավալված վիրավորանքների և ոտնձգությունների արշավը»։

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել ու պատժել մեղավորներին»,- ասված է IFJ և EFJ կայքերում հրապարակված հայտարարությունում:

Կազմակերպություններն ընդգծում են. «Մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքների թիրախում են հայտնվել նաև լրագրողներ Անի Գևորգյանը և Հռիփսիմե Ջեբեջյանը։ «Հայաստանի ժուռնալիստների միությանը» դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կողմից կազմակերպված և կանխամտածված հարձակումը։ «Հայաստանի ժուռնալիստների միությանը» նաև մեղադրել է վարչապետին` ատելության այս առցանց քարոզարշավը խրախուսելու մեջ: Միությունը խնդիրը փոխանցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին»:

Հաղորդագրությունը մեջբերում է «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանի խոսքերը. «լրագրողներն աշխատում են իրական տեռորի պայմաններում։ Նրանք իսկապես վտանգի տակ են»:

EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը «կոչ է արել Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և բացահայտել, հետապնդել և պատժել մեղավորներին, հատկապես, եթե նրանք պետական իշխանության ներկայացուցիչներ են»:

Իր հերթին, IFJ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թիմ Դոուսոնը հայտարարել է. «Սոցիալական ցանցերում ոտնձգությունները լրջորեն ազդում են լրագրողների հոգեկան առողջության և իրենց աշխատանքը կատարելու ունակության վրա: Հայաստանի կառավարության անդամները պետք է դատապարտեն այս հարձակումները և աշխատեն թույլ տալ լրագրողներին ազատորեն կատարել իրենց աշխատանքը»:

XS
SM
MD
LG