Մատչելի հղումներ

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման մասնակիցների 43 տոկոսը գտնում է, որ հայաստանյան «լրատվամիջոցները կողմնակալ են»


Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման մասնակիցների 41 տոկոսի կարծիքով, Հայաստանում վերջին 6 ամիսներին լրատվամիջոցների անկախությունը բարելավվել է: 33 տոկոսը գտնում է, որ իրավիճակը մնացել է նույնը, իսկ 22 տոկոսի համոզմամբ՝ հետընթաց է արձանագրվել:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորած հետազոտությունում բազմաթիվ ոլորտների հետ մեկտեղ Միջազգային հանրապետական ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում մամուլի ազատության հիմնախնդիրներին:

Տվյալները հավաքվել են ողջ Հայաստանի տարածքում 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ դեմ առ դեմ հարցման մեթոդով:

Հարցվողների 69 տոկոսը գտնում է, որ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները լիովին կամ ավելի շուտ ազատ են արտահայտելու տարբեր քաղաքական տեսակետներ, այնինչ 29 տոկոսի կարծիքով՝ ավելի շուտ կամ ընդհանրապես ազատ չեն:

Ի պատասխան հարցին՝ ինչու եք կարծում, որ հայաստանյան ԶԼՄ-ները ազատ չեն արտահայտելու տարբեր քաղաքական տեսակետներ, հարցվողների 43 տոկոսը նշել է «լրատվամիջոցները կողմնակալ են» պատճառը, 28 տոկոսի կարծիքով իշխանությունները ճնշում են գործադրում լրատվամիջոցների նկատմամբ, 8 տոկոսը հակված է կարծել, որ լրատվամիջոցները չեն տրամադրում ճիշտ և ամբողջական տեղեկատվություն, 5 տոկոսը գտնում է, որ ԶԼՄ-ները կոռումպացված են, ևս 5 տոկոսի կարծիքով՝ լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում:

Հարցման արդյունքների համաձայն, Հայաստանի Հանրային հեռուստաաընկերությունը համարվում է քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար առավել հուսալի լրատվամիջոցը։ Այդ կարծիքին են հարցվողների 33 տոկոսը: Երկրորդ տեղում է «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ 25 տոկոս, որին հաջորդում են «Շանթը» (21 տոկոս), «Ազատությունը» ՝ (11 տոկոս), «TV5»-ը՝ (4 տոկոս) և այլն:

Քաղաքական տեղեկատվություն ստանալու համար հարցվողների 76 տոկոսը օգտվում է հայկական հեռուստաընկերությունների հաղորդումներից, 57 տոկոսը՝ սոցցանցերից, 46 տոկոսը՝ առցանց մեդիա հարթակներից: 44 տոկոսը տեղեկությունը ստանում է բարեկամներից կամ ընկերներից, իսկ 40 տոկոսը՝ ռուսաստանյան հեռուստաընկերությունների հաղորդումներից: Եվրոպական կամ արևմտյան հեռուստաընկերությունների նորություններից օգտվում է հարցվողների 15 տոկոսը, իսկ 8 տոկոսը գերադասում է տեղեկատվություն քաղել թերթերից:

Հարցման մասնակիցների 56 տոկոսի կարծիքով, խոսքի ազատությունը վերջին 6 ամիսներին Հայաստանում զարգացել է դեպի բարելավում, 26 տոկոսը գտնում է, որ իրավիճակը չի փոխվել, իսկ 17 տոկոսի գնահատականով խոսքի ազատությունը զարգացել է դեպի հետընթաց:

XS
SM
MD
LG