Մատչելի հղումներ

Կրեմլի ապատեղեկատվական մարտավարությունը Հայաստանում 


Ռուսաստանյան ապատեղեկատվությունը Հայաստանում տարածվում է մի քանի աղբյուրներով՝ ռուսախոս լսարանի համար նախատեսված բովանդակությունը թարգմանելու և հայախոս լսարանին մատուցելու միջոցով, ռուսաստանյան ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցներով և Ռուսաստանի պետական քարոզչամեքենայով։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով, այդ ապատեղեկատվությունը մի քանի շերտեր ունի, նպատակը՝ Արևմուտքին սևացնելն է։

«Օրինակ, կար ապատեղեկատվություն, որ Եվրամիությունը փորձում է փակել հայկական ատոմակայանը, կամ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ տեղեկություն, թե իբր դրանք նախկին ԽՍՀՄ երկրներում զբաղվում են թունավոր նյութերի արտանետմամբ։ Կամ Սորոսի մասին միֆը։ Այնինչ, Սորոսը, հավանաբար, Հայաստանի տեղն անգամ չգիտի»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց Պապյանը։

Ըստ մեդիափորձագետի, հայաստանյան հասարակության վրա ազդեցության դինամիկան շարունակում է բացասական մնալ, և մարդիկ այժմ ավելի հակված են վստահել իրենց ամենամոտ ինֆորմացիոն աղբյուրին՝ հեռախոսին։

«Մարդիկ ավելի շատ քանակական ազդեցության տակ են։ Այսինքն, երբ նույն բանը մի քանի տեղից լսում են, սկսում են հավատալ. Հենց դա էլ օգտագործում են տարբեր պրոպագանդիստներ»,- ընդգծում է Արթուր Պապյանը։

Ռուսաստանյան ապատեղեկատվությունը Հայաստանում տարածվում է մի քանի աղբյուրներով. մեդիափորձագետներ
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ներկայացմամբ, ապատեղեկատվության ալիքը սրվում է հատկապես պատերազմական իրավիճակներում, իսկ ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը Հայաստանում հաճախ իրականացվում է ներքաղաքական տրամաբանությամբ։

«Այդ թեմայի շուրջ այնքան է լրջացել ներքաղաքական պայքարը, որ կարող է, օրինակ, ադրբեջանական քարոզչությունը բերվել ներքին դաշտ, որովհետև այն ինչ-որ մի քաղաքական ուժի այդ պահին ձեռնտու է»,- ասում է Մարտիրոսյանը։

Վերջինիս խոսքով, հայաստանյան մեդիադաշտում մի հատված կա, որն առնչվում է ռուսաստանյան լրատվական դաշտին։ «Տելեգրամյան ցանցերն են, որտեղ գործում են հայաստանյան անձնագրերով, հայ ազգանուններով մարդիկ, որոնք ներքին դաշտ են

բերում ոչ հայկական թեզեր։ Դրանք Հայաստանի հետ կապ չունեն և կարող են լինել, օրինակ, Կրեմլի ազդեցության տակ»,- նշում է փորձագետը։

Ըստ Մարտիրոսյանի, դրանք այն տելեգրամյան ալիքներն են, որոնք կապված են «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Պրիգոժինի հետ, ով զբաղվում է բիզնեսով նաև մեդիադաշտում։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին ղեկավար Նժդեհ Հովսեփյանի կարծիքով, ներկայում հայաստանյան մեդիադաշտը խոցելի է օտարերկրյա ապատեղեկատվության առջև։

«Այդ՝ օտար երկրների շարքում կարող են լինել թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, որոնք կցանկանան Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենալ իրենց օրակարգը»,- «Ամերիկայի ձայնին» ասաց Հովսեփյանը։

Հիշեցնեք, այս տարվա սկզբին Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է համաշխարհային տեղեկատվական տարածքում ապատեղեկատվության և փաստերի մանիպուլյացիայի 2022 թվականի զեկույցը, ըստ որի ապատեղեկատվություն տարածման առաջատարը Ռուսաստանն է:

Զեկույցում նշված է, որ ֆեյքերը տարածվում են պաշտոնական դիվանագիտական խողովակներով, պետական լրատվամիջոցներով, որոնք հեռարձակվում են ռուսաստանյան ու օտաերկրյա լսարանների համար, տարածվում են նաև համացանցում՝ ռուսամետ հարթակներով, որոնց կապը Կրեմլի, Ռուսաստանի կառավարության հետ ակնառու չէ, սակայն դրանց ֆինանսավորումը, ըստ ամենյանի, Մոսկվայից է։

XS
SM
MD
LG