Օրերս հայտարարությամբ էր հանդես եկել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն՝ տեղեկացնելով, որ «չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայում ի վիճակի չէ Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ` Աղդամով մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը»:
«Որպեսզի գործենք այստեղ` մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական փոխհամաձայնության։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- իր հայտարարությունում ԿԽՄԿ-ն մեջբերել է կազմակերպության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերի խոսքերը։
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «X» (նախկին «Twitter») սոցցանցում գրառմամբ ևս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ կոչ անելով Ադրբեջանին «թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատանքներ տանել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունը»։
Ըստ «Freedom House»-ի, տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է կենսական նշանակության դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից:
«Կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հորդորելով վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը»,- նշված է գրառման մեջ:
«Carnegie Europe» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «X» սոցցանցում անդրադառնալով «Ղարաբաղում տիրող ծայրահեղ վիճակին»` գրել է. «այս պահին Ադրբեջանի վրա է Լաչինի միջանցքը բացելու և հումանիտար իրավիճակը մեղմելու պատասխանատվությունը»:
Բրիտանական «Chatham House»-ի վելուծաբան Լորենս Բրոյերսը նույն հարթակում ընդգծում է, որ շրջափակման արդյունքում աղետալի իրավիճակ է ստեղծվել Ղարաբաղի հայության համար. «Այս շրջափակումն առաջին հերթին սարսափելի գին է դրանից ամենից շատ տուժածների՝ Ղարաբաղի խաղաղ բնակչության համար»:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանն առանձնացնում է երկու այլ հանգամանք. «շրջափակումը անտեղի է դարձնում Ղարաբաղի հայության քաղաքացիական ինտեգրման մասին ցանկացած խոսակցություն», քանի որ ապացուցում է տեղի հայ բնակչության ամենավատ մտավախություններն` ադրբեջանական պետության հետ կապված:
«Հայ բնակչության սովամահության ենթարկելը նոր հետք կթողնի՝ վերացնելով համայնքային հարաբերությունների վերականգնման ցանկացած հույս»,- գրել է Բրոյերսը:
Մյուս կարևոր հանգամանքն, ըստ վերլուծաբանի, շրջափակման բացասական ազդեցությունն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացում:
Ըստ Բրոյերսի, Բաքուն վստահ է, որ կարող է պարտադրել իր կամքը խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, սակայն պարտադրանքի հետևանքով կնքված խաղաղությունը չի կարող կայուն լինել։
Նրա կարծիքով, Ադրբեջանի համար այսօր` 1990-ականների կեսերից ի վեր խաղաղությանը հակված ամենահարմար գործընկերն է Երևանում, ուստի բանակցությունների ցանկացած արդյունք կարող է դիտարկվել որպես ճնշման ներքո ձեռքբերված համաձայնութուն:
Վերլուծաբանի ներկայացմամբ, Ղարաբաղում էթնիկ զտումը նոր գլուխ կբացի Հարավային Կովկասում և բացասաբար կանդրադառնա տարածաշրջանում փոքրամասնությունն կազմող էթնիկ խմբերի վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ուր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո Ռուսասատնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. «Հայկական կողմն ունի այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ այն իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կողմից ստանձնած)՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաներից»։
Ըստ Ռուսասատնի արտգործնախարարի, «Ադրբեջանական կողմը, փոխադարձության սկզբունքից ելնելով, պատրաստ է նույնանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում»։
Լավրովը հույս է հայտնել, որ այս բանակցությունները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցություններին։
Հիշեցնենք, հուլիսի 20-ին Վիեննայում` Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին, որը նվիրված էր Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Քեթրին Բրուքերը արձագանքել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթին` ընդգծելով. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելու՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների հիման վրա, առաջ շարժվելու միակ ճանապարհն են։ Շարունակում ենք հավատալ, որ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու, հարաբերությունները կարգավորելու, սահմանները սահմանագծելու և սահմանազատելու, տրանսպորտային ու հաղորդակցության ուղիները վերաբացելու, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքները և անվտանգությունն ապահովելու ջանքերը բխում են բոլոր շահագրգիռ կողմերի շահերից»:
Ըստ ամերիկացի դիվանագետի, «Միացյալ Նահանգները տեսնում է տեղում առկա լարվածությունը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական փակումը` բացառությամբ սահմանափակ բնույթի հումանիտար որոշ երթևեկության, ինչը սպառնում է վատթարացնել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»:
Քեթրին Բրուքերն իր ելույթի սկզբում մեջբերել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի խոսքերը, որ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության: