Շվեդական սուզանավերը պարեկային ծառայություն են իրականացնում Բալթիկ ծովում, որը կարևոր ռազմակավարական նշանակություն ունի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համար:
«Բալթիկ ծովը կարելի է բնութագրել մի քանի բառերով՝ սահմանափակ, շփոթված, վիճելի, ծանրաբեռնված և խառնաշփոթ»,- ասում է Շվեդիայի Առաջին սուզանավային նավատորմի կապիտան Ֆրեդրիկ Լինդեն:
Այդտեղ՝ ծովային տարածքը չափազանց քարքարոտ է, իսկ միջին խորությունը հասնում է մոտ 60 մետրի: Չափազանց ծանծաղ է ռուսական և ամերիկյան սուզանավերի համար:
«Ամերիկյան սուզանավերը գործածվում են խորը ջրերում, ունեն միջուկային լուրջ հզորություն, հաճախ կրում են միջուկային զենք: Այն, ինչ ունեն շվեդները, ավելի հարմարեցված է իրենց աշխարհագրական դիրքին: Նրանց նավերն ավելի փոքր են և հարմարավետ՝ ծանծաղ ջրերի համար: Բացի այդ, շվեդական սուզանավերը ծանոթ են ջրային տեղանքին»,- ասում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Քըրթ Վոլքերը:
Շվեդական սուզանավերը Բալթիկ ծովում են ավելի քան 100 տարի, և շվեդներն ավելի ակտիվ են ստորջրյա ուղղությամբ, քան սկանդինավյան որևէ այլ երկիր:
Շվեդական «Գոտլանդ» տեսակի երեք առաջատար սուզանավերին մինչև տասնամյակի վերջ կմիանան հաջորդ սերնդի երկու «A26» սուզանավերը, որոնք, ոմանց կարծիքով, երբևէ կառուցված ամենից առաջատար սովորական՝ ոչ միջուկային սուզանավերից են:
«Կասեի, որ հինգ սուզանավով դյուրությամբ կարող եք սահմանափակել հակառակորդի շարժը»,- նշում է կապիտան Ֆրեդրիկ Լինդենը:
Հիմնական հակառակորդը Ռուսաստանն է։ Երբ Շվեդիան պաշտոնապես միանա ՆԱՏՕ-ին, Ռուսաստանի մեծությամբ երկրորդ քաղաք՝ Սանկտ Պետերբուրգ տանող ծովային միակ ճանապարհը կանցնի դաշինքի կողմից վերահսկվող ջրերով:
«Այնպես որ, այն, իրոք, ճնշում գործադրող հանգամանք է, ինչը ռազմավարական առումով շատ, շատ կարևոր է»,- ասում է Վոլկերը:
Շվեդիան ընդգծում է՝ իր նորագույն պաշտպանական համակարգերը սովարական չեն լինելու, և ավելի հարմար կլինեն խողովակաշարերի ու ծովի հատակով անցնող կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար:
Սա մի խնդիր է, որը հատկապես կարևորվեց անցած տարի «Հյուսիսային հոսք» գազատարների վնասումից հետո: