Մատչելի հղումներ

Մոսկվան օգտագործում է ապատեղեկատվության ցանկացած միջոց՝ իր հատուկ գործողությունները քողարկելու համար


Կրեմլն հիմնազուրկ վարկած է առաջ քաշել «Հյուսիսային հոսքի» նկատմամբ անցած սեպտեմբերին իրականացված դիվերսիայի վերաբերյալ, ինչը ձեռնտու է Մոսկվային՝ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման և ՆԱՏՕ-ի նոր զորավարժությունների համատեքստում։

Միջազգային լրատվամիջոցները ձգտում են հավասարակշռված ներկայացնել անցած տարվա սեպտեմբերին Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցման վարկածները, այդ թվում՝ «լրտեսականն» ու «դավադրականը»։

Այս թեմայի շուրջ հետաքրքրության նոր ալիք է բարձրացել եվրոպական ու ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակումների արդյունքում՝ ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենախոշոր օդային զորավարժությունների ֆոնին, որոնք սկսվել են հունիսի 12-ին Գերմանիայում։

Հրապարակումներում ներկայացվում են նախկինում արված ենթադրությունները, թե գազատարների պայթեցմանն առնչություն է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքը։

«Հին ու բարի կրեմլյան քարոզչությունը»

Ռուսաստանյան պետական լրատվամիջոցների կողմից շրջանառվող նման կասկածելի պնդումները ՆԱՏՕ-ի մասին՝ Կրեմլի ապատեղեկատվական արշավի մասն են։

Օրինակ, դիտարկենք հունիսի 12-ին ռուսաստանյան պետական «Sputnik» լրատվական գործակալության հետ զրույցում արված ԱՄՆ պաշտոնաթող փոխգնդապետ Քարեն Կվյատկովսկու հայտարարությունը, թե զորավարժությունները «միշտ» քողարկում են «ավելի ստոր» գործողություններ։

«Լայնորեն գովազդվող ռազմական և կառավարական բոլոր զորավարժություններն ու գործողությունները միշտ քողարկման միջոց են այլ գործողությունների համար, որոնք սակավ են լուսաբանվում, ինչպես օրինակ անցած ամառ «BALTOPS 22»-ի դեպքում և հետագայում հեռակառավարման եղանակով իրականացված պայթյունի ժամանակ՝ նախապես տեղադրված պայթուցիկների միջոցով, որոնք նախատեսված էին «Հյուսիսային հոսքի» երկու գազատարները շարքից հանելու համար»,- ասել է Քարեն Կվյատկովսկին։

«Sputnik» գործակալության այս դասական՝ Ուկրաինայի դեմ ուղղված ապատեղեկատվական հոդվածը մեղադրում է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի դեմ «փաստացի միջնորդավորված պատերազմ» մղելու մեջ՝ Կիևին ցուցաբերվող օգնության միջոցով։ Անտեսվում է այն ակնհայտ փաստը, որ Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինա, և որ ՆԱՏՕ-ն Կիևին տրամադրում է ինքնապաշտպանության միջոցներ։

Գազատարների պայթեցումից անմիջապես հետո, Ռուսաստանը մատնացույց է արել Արևմուտքին՝ ուղղակիորեն մեղադրելով Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խողովակաշարերի դեմ իրականացված դիվերսիայի համար։ Սակայն Մոսկվան իր պնդումները հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել։

Կրեմլյան լրատվամիջոցների այս ապատեղեկատվությանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով («Polygraph.info»)։

Կվյատկովսկին կրկնում են ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հնչեցրած վարկածը, որը լույս է տեսել փետրվարին «Substack» առցանց հարթակում՝ Վաշինգտոնին մեղադրելով խողովակաշարերը պայթեցնելու մեջ։

Այդ «անձնական հրապարակման» մեջ Հերշը գրել է.

«Անցած տարվա հունիսին [ԱՄՆ] ռազմածովային նավատորմի ջրասուզակները, որոնք գործում էին ՆԱՏՕ-ի լայնորեն ներկայացված զորավարժությունների՝ «BALTOPS 22»-ի, քողի ներքո, տեղադրել են հեռակառավարվող պայթուցիկներ, որոնք, համաձայն օպերատիվ այդ պլանավորումից տեղյակ աղբյուրի, երեք ամիս անց ոչնչացրել են «Հյուսիսային հոսքի» չորս խողովակաշարերից երեքը»։

Քննադատները նշում են, որ Հերշը հիմնվել է միայն մեկ «անանուն աղբյուրի» վրա և չի ներկայացրել որևէ ապացույց։

Ռուսաստանյան պետական լրատվամիջոցները տարածեցին Հերշի պնդումները, թեև նա այդպես էլ չի կարողացել հաստատել իր աղբյուրի արժանահավատությունը՝ հայտնելով ռուսաստանյան «Тасс» պետական լրատվական գործակալությանը, որ «[իր աղբյուրը] մի մարդ էր, որը, կարծես, շատ բան գիտի կատարվածի մասին»։

Փաստերի ստուգման «Snopes» կայքը նկարագրել է Հերշի ներկայացրած պատմությունը՝ որպես «երկրորդ ձեռքից ստացված ինչ-որ տեղեկությունների կույտ՝ ենթադրաբար հավաքված ինչ-որ մեկի կողմից, որն անհայտ կերպով կապված է խիստ գաղտնի միջգերատեսչական խմբի քննարկումների հետ»։

Սպիտակ տունը Հերշի հոդվածն անվանել է «բացարձակ սուտ և ամբողջովին հորինված», իսկ որոշ վերլուծաբաններ նշել են, որ Հերշի զեկույցը «կրում է ապատեղեկատվության բոլոր նշանները»։

Ուկրաինայի հակահարձակման ֆոնին արագորեն սկսեցին ի հայտ գալ նոր վարկածներ: Օրինակ, որ դիվերսիայի մեջ ներգրավված է Կիևը, այլ ոչ թե Վաշինգտոնը կամ ՆԱՏՕ-ի որևէ այլ երկիր։

Լրատվամիջոցներ․ մեջբերելով մեջբերողին

Հունիսի 13-ին՝ Կրեմլյան լրատվական գործակալությունում հրապարակված Քարեն Կվյատկովսկիի հայտարարության հաջորդ օրը, մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հայտնեցին, որ «Հյուսիսային հոսքի» վրա հարձակումից մի քանի ամիս առաջ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը «զգուշացրել է Ուկրաինային՝ չհարվածել խողովակաշարերին»։

Նիդեռլանդների ռադիոհեռարձակման կորպորացիան («NOS») նշում է.

«Ամերիկացիներն այդ արեցին այն բանից հետո, երբ շտապ հաղորդում ստացան Նիդեռլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայությունից («MIVD»)»։

Նիդեռլանդների այդ հետախուզական ծառայությունը «խողովակաշարի վրա առաջիկա հարձակման ուկրաինական ծրագրերի մասին տեղեկացել է Ուկրաինայում իր աղբյուրից»։

«NOS» -ին հաջորդեցին գերմանական լրատվամիջոցները՝ «Die Zeit» -ը և «ARD»-ն։

«The Washington Post»-ի հրապարակման համաձայն, «դիվերսանտների կողմից «Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցնելուց երեք ամիս առաջ Բայդենի վարչակազմը մերձավոր դաշնակցից տեղեկացել է, որ ուկրաինացի զինվորականները գաղտնի հարձակում էին ծրագրում ստորջրյա խողովակների նկատմամբ, որի ժամանակ պետք է գործի դրվի ջրասուզակների ոչ մեծ ջոկատ, որն ուղղակիորեն ենթարկվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին»։

Ըստ «The Washington Post»-ի, ուկրաինական հատուկ նշանակության ուժերի վեց մարտիկներից բաղկացած խմբի (ուր կեղծ անուններ են օգտագործվում) մասին տեղեկությունը փոխանցել է Ուկրաինայից ոմն մեկը՝ եվրոպական անհայտ հետախուզական կազմակերպությանը, որն էլ այնուհետ տեղեկացրել է Կենտրոնական հետախուզական վարչությանը։ Պարբերականն այնուհետև ենթադրում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ազգային գվարդիայի անդամ Ջեք Թեյշեյրն եվրոպական հետախուզական գործակալության այդ հաղորդումը տեղադրվել է «Discord» չաթ-հարթակում։

Խոսքը նույն Թեյշեյրի մասին է, որը համացանցում տեղադրել է գաղտնիության տարբեր աստիճանի մեծ թվով փաստաթղթեր, և որի համար այս ապրիլին նրան մեղադրանք է առաջադրվել պետության պաշտպանության մասին տեղեկատվության չարտոնված պահպանման ու փոխանցման, ինչպես նաև գաղտնի փաստաթղթերի դիտավորյալ պահպանման համար։

«Կասկածյալ» երկրների թիվը շարունակում է աճել

Դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը առաջ է քաշել «առանձին վարկած»՝ մեղադրելով Մեծ Բրիտանիային խողովակաշարի դեմ ուղղված դիվերսիայի համար։

Սակայն «Հյուսիսային հոսքի» պայթեցման նոր վարկածների ի հայտ գալը այսքանով չի ավարտվել։ Ըստ «The Wall Street Journal»-ի, գերմանացի քննիչները ուսումնասիրում են տեղեկությունը, թե Լեհաստանն «օգտագործվել է որպես հենակետ՝ հարձակում իրականացնելու համար»։

Հունվարին Գերմանիայի իշխանությունները խուզարկել են «Անդրոմեդա» անվամբ 15 մետրանոց զբոսանավը՝ կասկածով, որ «այն կարող էր օգտագործվել պայթուցիկ սարքեր տեղափոխելու համար»։

Նրանց խոսքով, Ուկրաինայի քաղաքացիներին պատկանող լեհական մի ընկերություն «Անդրոմեդան» վարձակալել է գերմանական կազմակերպությունից։

Պաշտոնական հետաքննություն և վարկածներ

«Հյուսիսային հոսք-1»-ը և «Հյուսիսային հոսք-2»-ը՝ յուրաքանչյուրը բաղկացած երկու ստորջրյա գազատարներից, կառուցվել են Ռուսաստանից բնական գազը Բալթիկ ծովի հատակով Գերմանիա հասցնելու համար։

2022 թվականի սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան մի քանի ստորջրյա պայթյուններ, որոնց հետևանքով գծերից երեքը շարքից դուրս եկան։ Խողովակաշարի մեկ գիծն անվնաս է, սակայն մնում է անջատված:

Շվեդիան, Դանիան և Գերմանիան հետաքննություններ են սկսել, որոնք շարունակվում են։

2022 թվականի նոյեմբերին Շվեդիան ներկայացնող դատախազը հաստատել է, որ այդ տեղում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր։

Շվեդ քննիչները հայտնել են, որ պայթյունի հետևում կանգնած գլխավոր կասկածյալը անանուն «պետական ծառայությունն» է։ Պայթյունն իրականացվել է հարյուրավոր կիլոգրամ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ․ կիրառվել է տրինիտրոտոլուոլ կամ տրոտիլ։ Պայթյունն արձանագրել են շվեդ ու դանիացի սեյսմոլոգները։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, թե «բավականին մեծ է» հավանականությունը, որ խողովակաշարերի դեմ դիվերսիան կարող էր լինել «գործողություն «օտար դրոշի» ներքո՝ կազմակերպված Ուկրաինային մեղադրելու նպատակով»։

«The Wall Street Journal»-ի հրապարակումից հետո Լեհաստանի հատուկ ծառայությունները համակարգող նախարարի տեղակալ Ստանիսլավ Զարինը ասել է, որ «ռուսական ազդեցության ապարատը» պարբերաբար օգտվում է լրատվամիջոցների այդօրինակ հաղորդումներից՝ «տպավորություն/ենթադրություն ստեղծելու, որ այս հանցագործության հետևում կանգնած են Վարշավան ու Կիևը»։

Օրինակ, հաղորդվել է, որ «ռուսական ռազմածովային նավերն ունակ են այդպիսի ստորջրյա գործողություններ իրականացնել», և դրանք նկատվել են դիվերսիայի վայրի մոտակայքում «չափազանց անսովոր» գործողություններ և տեղաշարժեր կատարելիս՝ 2022 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Դանիական լրատվամիջոցները հաստատել են, որ «սուզանավ տեղափոխող ռուսական փրկարարական «SS-750» նավը լուսանկարվել է Բալթիկ ծովում»՝ «Հյուսիսային հոսք» խողովակաշարի պայթյունից չորս օր առաջ։

Խողովակաշարի պայթյունից հետո համաշխարհային լրատվամիջոցներում դեռևս քննարկվում են ամենատարբեր վարկածներ, սակայն դրանցից ոչ մեկը չի հաստատվել կամ հերքվել հեղինակավոր աղբյուրների կողմից։

Ներկայում քննություն վարող պաշտոնական որևէ մարմնի կողմից ապացուցված որևիցե վարկած չկա, և մեղավորները բացահայտված չեն։

XS
SM
MD
LG