Մատչելի հղումներ

Կրեմլյան քարոզչամեքենայի կեղծ լուրերը. ուկրաինական հետախուզության ղեկավարն իբր «զոհվել է»


Ռուսական պետական լրատվամիջոցները շարունակում են կեղծ տեղեկություններ տարածել ուկրաինացի բարձրաստիճան զինվորականների մահվան մասին՝ օգտագործելով իրենց քարոզիչների անձնական հաշիվները և կեղծ մեջբերումներ կատարելով ուկրաինական լրատվամիջոցներից

Հունիսի 5-ին ռուսական ՌԻԱ «Նովոստի» պետական լրատվական գործակալությունը հաղոդել էր, որ ուկրաինական լրատվամիջոցներն իբր «հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Կիրիլ Բուդանովի մահվան մասին։

«Ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել ՀԳՎ-ի ղեկավար Բուդանովի մահվան մասին»,- վերնագրել էր ՌԻԱ-ն։

Սակայն ուկրաինական լրատվամիջոցներում նման տեղեկություններ չեն եղել։

Կրեմլյան լրատվամիջոցների այս ապատեղեկատվական գործունեությանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով («Polygraph.info»)։

Ռուսական պետական հեռուստաալիքն, օգտագործելով իր աշխատակցի «Telegram»-յան օգտահաշիվը, տեղադրել է Կիրիլ Բուդանովի մահվան մասին կեղծ ռեպորտաժ, իսկ ՌԻԱ «Նովոստին» տարածել է այն՝ նույնիսկ այն բանից հետո, երբ Ուկրաինայի կառավարությանն առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը բացահայտել էր կեղծիքը։

Ռուսական կեղծ լուրերի առաջացման և տարածման սխեման

Ի սկզբանե «լուրը» հրապարակվել էր հունիսի 3-ին «Օստաշկո! Կարևոր» «Telegram»
ալիքում, որը պատկանում է ռուսական հեռուստատեսության «Առաջին ալիքի»
հաղորդավար Ռուսլան Օստաշկոյին։

«Ուկրաինական լրատվամիջոցները հուղարկավորում են Բուդանովին։ ... Հրաժեշտը տեղի կունենա մոտ ապագայում։ Աշխատակիցները հայտնում են, որ վերջերս ՀԳՎ [շենքին] հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհված Կիրիլ Բուդանովին հուղարկավորելու են»։

«Օստաշկո! Կարևոր» ալիքը այս «լուրը» տեղադրել է՝ կցելով ուկրաինական «Տելեգրաֆ» լրատվական կայքի կողմից իբր հրապարակված հոդվածի կեղծ սքրինշոթ։

Նույն օրը «Տելեգրաֆ»-ը հերքել է, որ նման հոդված է հրապարակել՝ գրելով, որ «ռուս քարոզիչները» «սկսել են տեղեկություններ տարածել», թե իբր Բուդանովը «զոհվել է հրթիռային հարվածից».

«Իհարկե, «Տելեգրաֆ»-ը նման բովանդակությամբ տեղեկություն չի հրապարակել, հետևաբար՝ նման հայտարարությունները նախատեսված են ռուսաստանյան սպառողի համար։ Սա ոչ այլ ինչ է, քան անհեթեթ կեղծիք»։

Ապատեղեկատվության դեմ պայքարի ուկրաինական կենտրոնը «Օստաշկո! Կարևոր» ալիքի գրառումը որակել է հորինվածք։

«Ռուսական քարոզչությունն ուկրաինական լրատվամիջոցների անունից լուրեր է տարածում Կիրիլ Բուդանովի մահվան մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ ուկրաինական հետախուզության ղեկավարը «զոհվել է վերջերս տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով», իսկ «Ուկրաինական տուն» ազգային կենտրոնը [Կիևում], իբր, անգամ պատրաստվում է նրա հուղարկավորությանը։ ՀԳՎ-ի ղեկավարի «մահվան» մասին լուրը հակառակորդի կողմից հերթական ապատեղեկատվությունն է»։

Թեև ՌԻԱ «Նովոստի»-ի հոդվածում տեղ է գտել Ապատեղեկատվության դեմ պայքարի ուկրաինական կենտրոնի բացահայտման հղումը, սակայն այն գլխիվայր շուռ է տրված, և կրկնում է կեղծ տեղեկությունը, թե «ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Բուդանովի մահվան մասին»։

Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, ՌԻԱ «Նովոստի»-ն հայտնել էր, որ «ծանր վիրավորվել է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին։

«Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին չի կարողանա շարունակել իր ծառայությունը ռուսական հրթիռային հարվածի հետևանքով ստացած վիրավորումից հետո՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչը՝ վկայակոչելով ուկրաինական բանակի աղբյուրները»։

Լրատվական գործակալությունը պնդում էր, որ Զալուժնին «փակ գանգուղեղային վնասվածք և բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել մայիսի սկզբին Խերսոնի մարզի Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի մոտակայքում գտնվող հրամանատարական կետի հրթիռակոծության հետևանքով»՝ հավելելով, որ նա «գանգուղեղային վիրահատության է ենթարկվել Կիևի զինվորական հոսպիտալում»։

Կրեմլը շարունակում է ապատեղեկատվություն տարածել անգամ պաշտոնական հերքումներից հետո

Մայիսի 25-ին Ուկրաինայի զինված ուժերը հերքեցին ռուսաստանյան ապատեղեկատվությունը՝ հրապարակելով տեսանյութ, ուր երևում է ողջ և առողջ Զալուժնին։ Ուկրաինական բանակի սպա Անատոլի Շտեֆանը տեսանյութում հաստատում է, որ այն տեսագրվել է նույն օրը։

Սակայն այն ամենևին չխանգարեց ՌԻԱ «Նովոստի»-ին հունիսի 4-ին հայտարարել, որ «պարզ չէ, թե կոնկրետ երբ և որտեղ է տեսագրվել այդ տեսանյութը»։ Գործակալությունը նաև վկայակոչել է ԱՄՆ ծովային հետախուզության շնորհազուրկ նախկին սպա Սքոթ Ռիթերին (Scott Ritter), թե Վալերի Զալուժնին ողջ է, բայց «ծանր վիրավորվել է Խերսոնի մերձակայքում գտնվող հրամանատարական կետի վրա ռուսական հարձակման» հետևանքով։

«Polygraph.info»-ն ավելի վաղ մանրամասնել էր, թե ինչպես են ռուսական պետական լրատվական գործակալությունները, այդ թվում՝ ՌԻԱ «Նովոստի»-ին, օգտագործել Ռիթերի կեղծ և մոլորեցնող պնդումները՝ ապատեղեկատվության և քարոզչության նպատակով։

XS
SM
MD
LG