Մատչելի հղումներ

Վրաստանի նախագահը ներում է շնորհել ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադրին


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հինգշաբթի հայտարարել է, որ ներում է շնորհել ընդդիմադիր «Մտավարի Արխի» («Գլխավոր ալիք») հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։ Հունիսի 23-ին վերջինս ազատ է արձակվել։

Անցած տարվա մայիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը լրագրողին դատապարտել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման՝ մեկ այլ հեռուստաընկերության՝ «Ռուսթավի-2»-ի միջոցները յուրացնելու մեղադրանքով։

Ավելի ուշ` վերաքննիչ և գերագույն դատարաններն անփոփոխ էին թողել վճիռը։

Գվարամիան երբեք իրեն մեղավոր չի ճանաչել` իր դեմ հարուցված քրեական գործն անվանելով «քաղաքական հետապնդում»։

Արևմուտքից, ներառյալ` Եվրախորհրդարանից ու ԱՄՆ պետքարտուղարությունից բազմիցս հայտարարել են, որ լրագրողի ազատազրկումը «անհամատեղելի է Եվրամիությանը ինտեգրվելու հետ»։

Թբիլիսին ձգտում է ստանալ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, և փորձագետների կարծիքով` Զուրաբիշվիլիի որոշումը կարող է դյուրացնել գործընթացը։

Նախկինում Վրաստանին շնորհվել էր «եվրոպական հեռանկար ունեցող երկրի» կարգավիճակ։ Եվրամիության հետ ինտեգրման ավելի բարձր մակարդակի անցնելու համար` Բրյուսելը 12 պայման է առաջ քաշել` անցկացնել ժողովրդավարական արմատական բարեփոխումներ, առաջին հերթին` դատական համակարգում։

«Эхо Кавказа»-ի հաղորդմամբ, Ռուսթավիի քաղաքային բանտից դուրս գալուց հետո, Գվարամիան Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Նախագահը, սակայն, հրաժարվում է այդ քայլին գնալ` հայտարարելով, որ նման որոշումից հետո էլ Սահակաշվիլին կմնա անազատության մեջ՝ այլ քրեական գործերով իրեն առաջադրված մեղադրանքի պատճառով։

XS
SM
MD
LG