Միաժամանակ դատարանը չի բավարարել Սաակաշվիլիի բողոքը բանտային հիվանդանոցից մասնավոր կլինիկա տեղափոխվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջը։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից անմիջապես հետո, հոկտեմբերի 1-ին հացադուլ է հայտարարել։ Ըստ նրա բժիշկների և փաստաբանների՝ նա միայն հեղուկներ է խմում և դեղորայք ընդունում։ Բանտի մոտ, որտեղ գտնվում է Սահակաշվիլին, անընդհատ հերթապահում է շտապօգնության մեքենան։ Վրաստանի նախկին նախագահին պարբերաբար այցելում է նրա անձնական բժիշկը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։
Քաղաքական գործիչ Բեկ Բասիլիայի փաստաբանը հայտնել է, որ հացադուլի պատճառով Սաակաշվիլին սկսել է կորցնել հիշողությունը, նրա համար դժվարացել է շփումը։ Քաղաքական գործչի բժիշկներն ու փաստաբանը բազմիցս պահանջել են նրան բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա։
Նոյեմբերի 8-ին Վրաստանի նախկին նախագահին Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխել են Թբիլիսիի մեղադրյալների և դատապարտյալների հիվանդանոց։
Նախօրեին Սաակաշվիլին զրկվել էր իր դեմ դատական նիստին անձամբ մասնակցելու իրավունքից։ Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնել են Վրաստանի արդարադատության նախարարությունից։
Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայից Վրաստան է վերադարձել սեպտեմբերի 29-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։ Նա կոչ էր արել քաղաքացիներին մասնակցել հոկտեմբերի 2-ի քվեարկությանը, իսկ հաջորդ օրը մասնակցել Թբիլիսիում հանրահավաքի։ Սակայն հոկտեմբերի 1-ին նա բերման է ենթարկվել նախկինում հարուցված քրեական գործերի հիման վրա։
Սաակաշվիլին վերջերս իր ուղերձում ասել է, որ «ի հեճուկս թշնամիների չի մահանա» և կհասնի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Նա նաև կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել բողոքի ակցիաները՝ կապված ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ, որոնցում ընդդիմությունը պարտվել է։
Facebook Forum