Չինաստանի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան՝ փորձելով նպաստել ուկրաինական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը՝ հայտնել է Չինաստանի արտգործնախարարությունը: Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ և Մոսկվայում Չինաստանի նախկին դեսպան Լի Հուենը կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա և Գերմանիա՝ հայտնել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Պեկինն, ինչպես հայտնի է, հայտարարել է ռուս-ուկրաինական պատերազմում իր չեզոքության մասին, սակայն միաժամանակ ընդծում է, որ Մոսկվայի հետ իր հարաբերությունները «անսահման» են՝ մեղադրելով ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուկրաինական հակամարտությունը հրահրելու մեջ։
Չինաստանը խաղաղության ծրագիր էր առաջարկել, որը, փաստորեն, մերժվեց Կիևի կողմից։ Ուկրաինայի դիրքորոշմամբ՝ կարգավորումը հնարավոր է, երբ Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիան և զորքերը դուրս բերի ուկրաինական հողերից:
Ապրիլին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ հիմք դնելով ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված Պեկինի դիվանագիտական ջանքերին։
«Չինաստանի ներկայացուցիչների այցը համապատասխան երկրներ արտացոլում է Չինաստանի հանձնառությունը՝ խթանել խաղաղությունն ու բանակցությունները», - ճեպազրույցում ասել է Վան Վենբինը՝ հավելելով. «Չինաստանը ցանկանում է կանխել իրավիճակի սրումը»։
Լի Հուենի այցերի մանրամասն ժամանակացույցը դեռ չի հրապարակվել։
Պեկինը նախկինում խուսափում էր այլ երկրների հակամարտություններին միջամտելուց, բայց, կարծես, փորձում է հանդես գալ որպես միջազգային ասպարեզում ադեցություն ունեցող դիվանագիտական ուժ:
Չինաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ և Կրեմլի նկատմամբ տնտեսական լծակներ ունի՝ դառնալով վերջին շրջանում ռուսական նավթի ու գազի ամենամեծ գնորդը: Ակնհայտ է, որ Պեկինը Մոսկվային դիտարկում է որպես դիվանագիտական գործընկեր՝ ԱՄՆ համաշխարհային գերակայությանը դիմակայելու համար, հրաժարվում է դատապարտել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և աջակցում Մոսվային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
ԱՄՆ-ն ու արևմտյան տերությունները բազմիցս զգուշացրել են Պեկինին՝ զերծ մնալ Մոսկվային ռազմական աջակցություն ցուցաբերելուց: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան «Ամերիկայի Ձայնին» ասել է, որ դեռևս որևէ նշան չկա, թե Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստան: Սակայն, նրա խոսքով, այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:
«Այն Չինաստանի համար շատ լուրջ որոշում կդառնա, որը կազդի ոչ միայն մեզ հետ հարաբերությունների, այլև Պեկինի հեղինակության վրա: Չինաստանը հանդես է գալիս որպես մի երկրի, որը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, իսկ աջակցությունը ագրեսորին ու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողին՝ ճիշտ հակառակ ուղերձն է [աշխարհին]»,- ասել է Միրչա Ջոանան:
Այս ամենի ֆոնին՝ Չինաստանի արտգործնախարարության նեկայացուցիչ Վան Վենբինը փոխանցել է, թե երկրի գլխավոր դիվանագետ, Չինաստանի ԱԳՆ-ն գրեթե տասը տարի ղեկավարած Վան Ին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը բանակցություններ են վարել չորեքշաբթի ու հինգշաբթի Վիեննայում:
Վենբինը մանրամասնել է, որ կողմերը «անկեղծ, խորը, բովանդակալից և կառուցողական քննարկումներ են ունեցել»՝ երկկողմ հարաբերությունների կայունացման և բարելավման շուրջ։
Հատկանշական է, որ Վաշինգտոնը վերջին շրջանում որոշակիորեն մեղմել է իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամում Չինաստանի միջնորդական ջանքերի նկատմամբ: Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելն ընդգծել է. «[Ուկրաինայի հարցում] Չինաստանն ունի դերակատարում, ինչպես ցանկացած այլ երկիր, որն աջակցում է դիվանագիտական կարգավորմանը՝ հիմնված [երկրների] ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Ոչ ոք այդքան չի ցանկանում, որ այս պատերազմն ավարտվի, որքան մեր ուկրաինացի գործընկերները»:
Պատասխանելով Չինաստանի միջնորդական ջանքերի մասին հարցին՝ Փաթելը կարևորել է, որ Պեկինը ուղիղ Կիևից լսի, թե ինչու չպետք է անտեսվեն Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ մտահոգությունները, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: