Մատչելի հղումներ

Թուրքերը բողոքում են կառավարության կողմից երկրաշարժի դեմ ցույց տրված արձագանքից


Թուրքերը բողոքում են կառավարության կողմից երկրաշարժի դեմ ցույց տրված արձագանքից

Հանգստյան օրերին թուրքական ֆուտբոլի մարզադաշտերից հնչում էին «կառավարության հրաժարականի» կոչերով վանկարկումներ, երբ երկրպագուները քննադատում էին կառավարության արձագանքը այս ամսվա երկրաշարժերին, որոնք ավելի քան 50,000 մարդու կյանք խլեցին Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում:

Ավերիչ երկրաշարժերից երեք շաբաթ անց, նախագահ Էրդողանի նկատմամբ հանրային զայրույթն ու ընդդիմությունը գնալով աճում են: Շուտով նրան սպասվում են իր իշխանության 20 տարիների ընթացքում ամենածանր խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով երկրում ավելի քան 1,5 միլիոն մարդ մնացել է անօթևան:

Էրդողանը շրջել է քանդված քաղաքներով՝ խոստանալով արագ վերակառուցել դրանք և պատժել շինարարներին, ովքեր խախտել են անվտանգության կանոնները: Սակայն ինչպես երևում է, դա կարող է բավարար չլինել զայրացած մարդկանց համոզելու համար: Նրանք նաև բողոքում են փրկարարական խմբերի դանդաղ աշխատանքից:

Թուրքիայում երկրաշարժից հետո, հազարավոր մարդիկ դեռևս չեն կարողանում հոգալ իրենց տարրական կարիքները, ինչպիսին են կացարանները և սանիտարական պայմանները:

Որոշ ֆուտբոլային ակումբներ համաձայն չեն բողոքի ակցիաների հետ։ Նախագահ Թայիփ Էրդողանի հայրենի Ռիզե քաղաքում գտնվող Caykur Rizespor թիմը Twitter-ի հայտարարության մեջ բողոքի ակցիաներն անվանել է «սադրիչ գործողություններ», իսկ ցուցարարներին՝ «կոյուղու առնետներ»:

Սպորտի նախարար Մեհմեդ Քասապօղլուն հայտնել է, որ սպորտը քաղաքականության համար չէ, և մեղադրել է որոշակի ''շահագրգիռ խմբերի''՝ երկրի միասնությունը խախտելու և «նպատակային սադրանքներին» մասնակցելու համար։

Կիրակի օրը Ստամբուլի կենտրոնում հակակառավարական բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել են ծայրահեղ ձախ ընդդիմադիր «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» տասնյակ անդամներ և համակիրներ, հայտնում է կուսակցությունը:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականիի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG