Պեկինում կայացած մամուլի ասուլիսում Ցին Գանգն ասել է, որ Չինաստանը մտահոգված է, որ գրեթե մեկ տարի տևող պատերազմը կարող է էլ ավելի սրվել, և հակամարտությունը կարող է «դուրս գալ վերահսկողությունից»:
Չինաստանը կշարունակի խաղաղ բանակցություններ սկսելու կոչ անել և օգտագործել «չինական իմաստությունը» քաղաքական կարգավորման հասնելու համար, ասել է նա։
Չինաստանը հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի ներխուժումն ու վայրագությունները ուկրաինացի խաղաղ բնակիչների նկատմամբ և քննադատել է Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցները։
Չինաստանն ու Ռուսաստանը նույնատիպ արտաքին քաղաքականություն են վարում ԱՄՆ-ի դեմ։ Ուկրաինա ներխուժմանը նախորդող շաբաթների ընթացքում երկու երկրների առաջնորդները հայտարարեցին իրենց «անսահման» գործընկերության մասին:
Երեք օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն էր հայտնել, որ Չինաստանը դիտարկում է ռուսական զինված ուժերին «մահաբեր զենք» մատակարարելու հարցը։
Եվ դա տեղի է ունենում պատերազմը դադարեցնելու համար «անկախ միջնորդության» Պեկինի առաջարկի հետ միաժամանակ, ասել է Բլինքենը CBS-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերին ցանկացած «մահաբեր օգնություն» լուրջ խնդիրների կհանգեցնի ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում։
Սույն հոդվածը կազմվել է Associated Press լրատվականի տեղեկության հիման վրա: