Մատչելի հղումներ

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները լարվել են չբացահայտված թռչող օբյեկտների խոցման պատճառով


ԱՄՆ-ի կողմից չինական լրտեսաան օդապարիկը խոցելուց մոտ մեկ շաբաթ անց, ԱՄՆ զինվորականները խոցեցին անհայտ ծագման ևս երեք թռչող օբյեկտներ: Չինացի պաշտոնյաներն ասում են, որ իրենք չեն կարող ասել, թե արդյոք նոր կործանված օբյեկտները իրենցն են, սակայն պնդում են, որ ԱՄՆ-ը ուռճացնում է խնդիրը

Բազմաթիվ հարցեր կան երեք անհայտ թռչող օբյեկտների վերաբերյալ, որոնք ԱՄՆ զինվորականները խոցել են հանգստյան օրերի ընթացքում: Դա մի բան է, որ Սպիտակ տունը կարող է վստահորեն ասել.

«Այս վերջին խոցումները կապ չունեն այլմոլորակայինների կամ նման ակտիվության հետ: Մենք ուզում ենք համոզվել, որ ամերիկացի ժողովուրդը և դուք բոլորդ տեղյակ եք, որ մեզ համար շատ կարևոր էր ընդգծել դա», - պնդում է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիեռը:

Սպիտակ տան պաշտոնյաներն առաջ են քաշում այն տեսակետը, որ զինվորականները պատահաբար հայտնաբերել են այդ սարքերը, քանի որ համապատասխան չափանիշներ են կիրառել:

Չենք կարծում, որ այս թռչող օբյեկտները որևէ ուղիղ վտանգ են ներկայացնում մարդկանց. Սպիտակ տուն
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00

«Եթե դուք չափանիշներ եք կիրառում այնպես, որ ինչ-որ բան փնտրեք, ապա ավելի հավանական է, որ դուք կգտնեք որոշակի բան»,- ասում է Ազգային անվտանգության ծորհրդի ներկայացուցիչ Ջոն Քերբին:

Ուրբաթ օրը՝ Միացյալ Նահանգների արևելյան ափի վրայով չինական օդապարիկը խոցելուց մեկ շաբաթ էլ չանցած, ԱՄՆ զինվորականները Ալյասկայի երկնքում չբացահայտված թռչող օբյեկտներ են խոցել: Շաբաթ օրը ԱՄՆ-ը կանադացի զինվորոկանների հետ համագործակցությամբ Յուկոնի տարածքում խոցեց մեկ ուրիշ օբյեկտ, իսկ կիրակի օրը՝ երրորդը Հուրոն լճի շրջակայքում:

Ջոն Քերբին կոչ է անում խուճապի չմատնվել։

«Մենք չենք կարծում, որ այս ամենավերջին օբյեկտները որևէ ուղղակի վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Մենք կենտրոնացած ենք դրանց բնույթն ու նպատակը բացահայտելու վրա»,- նշում է նա:

Այս զարգացումները սակայն զայրույթ առաջացրեցին Չինաստանի մոտ, որն ասում է, որ ԱՄՆ-ն անհիմն խոցել է եղանակային մի օդապարիկ, որը պարզապես շեղվել է ուղուց և հայտնվել ԱՄՆ-ի տարածքում:

Երկուշաբթի օրը Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը Վաշինգտոնին մեղադրեց այս հարցում: Նա չասաց, թե արդյոք վերջին երեք օբյեկտները չինական են եղել, թե ոչ:

«ԱՄՆ-ի ուժի չարաշահումը, անհամապատասխան արձագանքը և իրավիճակի սրումը հակասում են միջազգային իրավունքի ոգուն և միջազգային պրակտիկային։ Այժմ (նրանք) սրում են իրավիճակը՝ օգտագործելով այն որպես պատրվակ՝ չինական ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ ապօրինի պատժամիջոցներ կիրառելու համար: Չինաստանը շատ դժգոհ է և վճռականորեն դեմ է դրան»,- հայտնել է նա։

Սպիտակ տունը հայտարարել է, որ ներկայում չի ծրագրում նախագահ Ջո Բայդենի զրույցը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, իսկ Քերբին ասում է, որ չինացի զինվորականները «հետաքրքրված չեն» խոսելու ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ: Նա նաև կրկնել է այն պնդումները, որ ԱՄՆ-ը Չինաստանի օդային տարածքում լրտեսական օբյեկտներ չունի:

Այս ամենը, ըստ վերլուծաբան Էմիլի Հարդինգի, լարվածություն է ստեղծում Պեկինի հետ հարաբերություններում և լուրջ հարցեր է առաջացնում Վաշինգտոնի համար: Հարցեր, որոնց Քերբին չկարողացավ պատասխանել երկուշաբթի օրը:

«Կարծում եմ, որ Պենտագոնի համար այս պահին առավել կարևոր հարցը կլինի, թե որո՞նք են նման զարգացումների դեպքում հետագա ներգրավվածության կանոնները: Եթե մենք կրկին հայտնաբերում ենք նման օբյեկտներ Միացյալ Նահանգների հյուսիսում, արդյոք մենք պետք է փորձենք ոչնչացնել յուրաքանչյուր օբյեկտը, որը գտնվում է մեր օդային տարածքում, թե պետք է գտննք ավելի լավ միջոց՝ որոշելով, թե դրանցից որն է սպառնում մեր ազգային անվտանգությանը»,- ընդգծում է նա։

Նրա խոսքերով, համացանցում պտտվող դավադրության տեսությունները ևս մեկ մտահոգության առիթ են տալիս: Ըստ վերլուծաբանի՝ եթե հանրությունը քիչ տեղեկատվություն ունի, ապա ապատեղեկատվության և դավադրության տեսությունների տարածումը ավելի է դյուրին դառնում:

Իսկ ամենակարևոր հարցը շարունակում է մնալ օդում կախված. ինչ առարկաներ էին դրանք և ինչ էին անում այնտեղ: Դա կպարզի հետաքննությունը:

Հոդվածը պատրաստվել է Անիտա Փաուելի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG