Մատչելի հղումներ

Մյունխենի անվտանգության համաժողովում գերիշխող կլինեն պատերազմի և խաղաղության հարցերը


Համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը հայտարարեց, որ մասնակիցները հատկապես կանգ կառնեն այն հարցի վրա, թե ինչպես հետագայում պահպանել միջազգային կարգը

Համաշխարհային առաջնորդներն այս շաբաթ կհավաքվեն Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին տարելիցի նախօրեին, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև աճող լարվածության պայմաններում:

Եռօրյա տարեկան համաժողովին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Քամիլա Հարիսը, Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Միջոցառումը, որը մեկնարկում է ուրբաթ օրը, տեղի է ունենում փետրվարի 24-ից՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման առաջին տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ: Այս ներխուժումը տասնամյակներ անց առաջին անգամ պատերազմը վերադարձրեց Եվրոպա:

Մինչ Ուկրաինան պատրաստվում է Մոսկվայի նոր հարձակմանը, առաջնորդները, ամենայն հավանականությամբ, կվերահաստատեն Կիևին աջակցելու իրենց հանձնառությունը այնքան ժամանակ, որքան կպահանջվի ռուսական ագրեսիան հետ մղելու համար:

Համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենն ասաց, որ Ռուսաստանի ներխուժումից մեկ տարի անց համաժողովի առջև կանգնած է այն հարցը, թե ինչպես պահպանել «կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»:

«Արդյո՞ք ապագայում կլինի կարգ, որում կգերիշխի օրենքի ուժը, թե՞ կլինի կարգ, որում կգերիշխի ուժեղագույնի օրենքը»,- ասուլիսում հռետորական հարց բարձրացրեց նա։

Համաժողովի օրակարգը ներառում է «Ինչպես վարվել մարդկանց, քաղաքական առաջնորդների հետ, ովքեր չեն հարգում օրենքի գերակայությունը խնդրը, ասել է նա։

ԱՄՆ-Չինաստան լարվածությունը, ամենայն հավանականությամբ, ևս կքննարկվի համաժողովում:

Հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին Վաշինգտոնը խոցեց ենթադրյալ չինական լրտեսական օդապարիկը:

Պեկինը պնդեց, որ օդապարիկը քաղաքացիական օգտագործման համար էր, և երկուշաբթի օրը պատասխան հարված հասցրեց՝ մեղադրելով ԱՄՆ-ին դեպի Չինաստանի օդային տարածք ամերիկյան օդապարիկներ ուղարկելու մեջ, ինչը Վաշինգտոնը շտապեց հերքել:

Հոյսգենն ասում է, որ կասկածում է, որ Վան Ին կօգտագործի իր ելույթը համաժողովում ասելու համար. «Կներեք, դա մեր լրտեսական օդապարիկն էր»:

Միաժամանակ Հոյսգենը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակում բանակցություններ կսկսվեն։

«Ես արդեն նշել եմ, որ մենք ունենալու ենք ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություն»,- ասաց նա։

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են մի շարք հարցերի շուրջ՝ սկսած մարդու իրավունքներից Հոնկոնգում մինչև տնտեսական քաղաքականություն և Սինցզյանում մահմեդական ույղուր փոքրամասնության նկատմամբ վերաբերմունքը:

Հոդվածը պատրաստվել է «Agence France-Presse» գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG