ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուրբաթ օրը սկսել է եվրոպական շրջագայությունը, որի ընթացքում կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
Նա կայցելի նաեւ Թուրքիա եւ Հունաստան՝ Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին տարելիցի նախաշեմին։
Մյունխենի անվտանգության եռօրյա համաժողովը կմեկնարկի ուրբաթ օրը։
Ամենամյա համաժողովին, մասնավորապես, կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, չինացի դիվանագետ Վան Ին։
Մյունխենում Բլինքենը նախատեսում է մի քանի հանդիպումներ՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը, ինչպես նաև հզոր երկրաշարժից տուժած Թուրքիային և սիրիացի ժողովրդին օգնությունը, ասել է Պետդեպարտամենտը:
Մինչ Ուկրաինան պատրաստվում է ռուսական խոշոր նոր հարձակմանը, համաժողովին մասնակցող արևմտյան առաջնորդները, հավանաբար, կվերահաստատեն Կիևին աջակցելու իրենց հանձնառությունը:
Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն աշխատում է օգնության մեծ փաթեթի վրա, որը կհայտարարվի ռուսական ներխուժման առաջին տարելիցին մոտ:
Հնարավոր է նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։