Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը Մոլդովայի ինքնիշխանությանը


Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնում Մոլդովան ապակայունացնելու ռուսական դավադրության մասին հաղորդագրությունների կապակցությամբ

Միացյալ Նահանգները «խորը մտահոգություն» է հայտնել Մոլդովայում իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի ենթադրյալ ծրագրերի կապակցությամբ և վերահաստատել է իր աջակցությունը երկրի ինքնիշխանությանը։

«Մենք խորապես մտահոգված ենք Մոլդովայի դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության ապակայունացմանն ուղղված ռուսական դավադրության մասին հաղորդագրությունների կապակցությամբ», - հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Ռուսաստանը վնասակար ազդեցության երկար պատմություն ունի ինչպես Մոլդովայում, այնպես էլ տարածաշրջանում, և այդ պատճառով մենք սերտորեն համագործակցում ենք Մոլդովայի հետ՝ ամրապնդելու նրա քաղաքական ճկունությունը և հակազդելու Ռուսաստանի երկարամյա ջանքերին՝ խաթարելու Մոլդովայի ժողովրդավարական ինստիտուտները»,- հավելել է նա։

Փրայսը նշել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Մոլդովայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածների ժամանակ Ռուսաստանի կողմից Մոլդովայի օդային տարածքի վերջին խախտումները անընդունելի ռիսկ են և ցույց են տալիս բացահայտ անհարգալից վերաբերմունք Մոլդովայի ինքնիշխան տարածքի նկատմամբ», - ասել է Փրայսը:

Միաժամանակ նա հավելել է, որ այս պահին ԱՄՆ-ն ուղղակի ռազմական սպառնալիքներ չի տեսնում Մոլդովայի համար։

«Այս կրիտիկական պահին մենք սերտ կապի մեջ ենք մեր մոլդովացի գործընկերների հետ», - ասել է Փրայսը: «Մենք խստորեն աջակցում ենք Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի ղեկավարությանը և ակնկալում շարունակել համագործակցությունը նոր վարչապետի և կաբինետի հետ, երբ այդ կառավարությունը ձևավորվի: Մենք հավատարիմ ենք մնում Մոլդովային օգնելու իրականացնել քաղաքական, տնտեսական և հակակոռուպցիոն բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են կառուցելու եվրոպական ապագան, որին նա ձգտում է»:

Իր հերթին Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը բացատրել է երեքշաբթի առավոտյան երկրի օդային տարածքի փակման պատճառը։

Որոշումն ընդունվել է Մոլդովայի պաշտպանության նախարարությունից երկրի հյուսիսում՝ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու, երկնքում փոքր օբյեկտի մասին տեղեկություն ստանալուց հետո։ Զինվորականների խոսքով՝ օբյեկտը հիշեցնում էր օդապարիկ։

Քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ ասվում է, որ «հաշվի առնելով եղանակային պայմանները, օբյեկտի առկայությունն ու դրա թռիչքի ուղին դիտարկելու և նույնականացնելու անկարողությունը», օդային տարածքը փակվել է: Հենց հայտնի դարձավ, որ անհայտ օբյեկտը վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար, թռիչքները վերսկսվել են։ Օդը փակ է եղել մեկ ժամ 22 րոպե։ Թռչող սարքի մասին հավելյալ տեղեկություն չի հաղորդվում:

Հիշեցնենք նաև, որ երկուշաբթի օրը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել էր երկրի կառավարությունը տապալելու դավադրության մեջ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անցյալ շաբաթ խոսել է Մոլդովայի իշխանությունը փոխելու ռուսական դավադրության մասին՝ հղում անելով Ուկրաինայի հետախուզության տվյալներին։ Մի քանի օր անց Մոլդովայի կառավարությունը հրաժարական տվեց։

Փետրվարի 10-ին Մոլդովան հայտարարեց, որ ռուսական հրթիռը խախտել է իր օդային տարածքը ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարձակման ժամանակ՝ Ռուսաստանի դեսպանին բողոք ներկայացնելով։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG