Մատչելի հղումներ

«Վրաստանն ու Մոլդովան գալիք ամիս կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը». Վան Ռոմփեյ


Եվրամիության հետ Վրաստանի և Մոլդովայի ասոցացման համաձայնագիրը կստորագրվի հունիսի 27-ին

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյը չորեքշաբթի օրն ասել է, որ Վրաստանն ու Մոլդովան գալիք ամիս կստորագրեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Այս հայտարարությամբ Ռոմփեյը հանդես է եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի այսօր կայացած այցելության ընթացքում, որը կատարվել է՝ այս շաբաթ Մոլդովա և Ուկրաինա անցկացված այցերից հետո:

«Ես տեսնում եմ, որ մեծ ճնշում է գործադրվում՝ կանխելու համար ձեր և այլոց կողմից այս համաձայնագրերի ստորագրումը», - ասել է վան Ռոմփեյը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Եվրոպական խորհրդի նախագահ վան Ռոմփեյը տեղեկացրել է, որ Եվրամիության հետ Վրաստանի և Մոլդովայի ասոցացման համաձայնագիրը կստորագրվի հունիսի 27-ին՝ նախատեսվածից ավելի վաղ:

Վրաստանի վարչապետը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը «ուղենիշ» է անվանել՝ հավելելով, որ «Վրաստանը շարունակում է եվրաինտեգրման իր ուղին»:

«Սա մեր ժողովրդի ընտրությունն է», - ասել է վարչապետ Ղարիբաշվիլին:

Մոլդովա նախօրեին կայացած այցի ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահը զգուշացրել է Քիշնևի նկատմամբ ճնշում գործադրելու անթույլատրելիության մասին: Նա ասել է, որ Մոլդովան պատմական, աշխարհագրական և մշակութային առումով Եվրոպայի մաս է կազմում՝ նշելով, որ երկիրը մեծ դերակատարություն ունի մայրցամաքի այդ մասում կայունության և բարգավաճման վերականգման գործում:

Վան Ռոմփեյը շեշտել է նաև, որ Եվրամիությունը դեմ է հանդես գալիս Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ գործադրվող արտաքին ցանկացած ճնշման:
XS
SM
MD
LG