Մատչելի հղումներ

WP. ԱՄՆ-ն զգուշացրել է Ուկրաինային, որ պատերազմը շրջադարձային կետում է


Թերթի աղբյուրների համաձայն, Կիևին արևմտյան օգնության վերջին փաթեթը հակամարտության ալիքը շրջելու լավագույն հնարավորությունն է տալիս։

ԱՄՆ վարչակազմը զգուշացրել է Ուկրաինային, որ պատերազմը շրջադարձային փուլում է, և ուկրաինական բանակը պետք է հնարավորինս մեծ հաջողությունների հասնի մարտի դաշտում, քանզի ստանում է մեծ քանակությամբ արևմտյան ռազմական օգնություն:

Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Հունվարին Կիև այցելած ամերիկացի պաշտոնյաները ուկրաինական իշխանություններին ասել են, որ առաջիկա ամիսները վճռական են լինելու:

Չնայած Ուկրաինային աջակցելու խոստումներին «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Կիևին արևմտյան օգնության վերջին փաթեթն առաջարկում է հակամարտությունը շրջելու լավագույն հնարավորությունը:

Ապագայում, թերթի զրուցակիցների կարծիքով, իրավիճակն այնքան էլ բարենպաստ չի կարող լինել, քանի որ հանրապետականները, որոնք այժմ վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, պատրաստվում են նվազեցնել Ուկրաինային տրվող աջակցությունը։

Անհասկանալի է նաև, թե արդյոք Եվրոպայից Կիևին զենքի մատակարարումը կմնա նույն մակարդակի վրա, գրում է թերթը։

«Մենք կշարունակենք բացատրել նրանց, որ մենք չենք կարող բացարձակապես ամեն ինչ անել անորոշ ժամանակով»,- թերթը մեջբերում է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։

XS
SM
MD
LG